Քաղաքացու օրը կնշենք վուվուզելներով և հեղափոխության թանգարան ստեղծելով

Քաղաքացու օրը կնշենք վուվուզելներով և հեղափոխության թանգարան ստեղծելով

Հայկական տոնացույցում մեկ օր ավելացնելու նոր իշխանությունների ցանկությունը մոտ ապագայում ի կատար կածվի․ կառավարությունը երեկ հավանության արժանացրեց ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր ճանաչելու առաջարկը, ինչպես Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց՝ «ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նախնական քննարկումներում կոնկրետ օր էր նշվում Քաղաքացու օրվա համար, իշխանությունը մտադիր էր Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին տոնել այդ օրը, սակայն, թերեւս, բարձրացված աղմուկը հաշվի առնելով՝ նորաթուխ իշխանականները տեղի տվեցին եւ որոշեցին օրը դարձնել շարժական՝ նշելով շաբաթ օրը, որպեսզի հերթական ոչ աշխատանքային օրը չունենանք: Հայրենի կառավարության այս որոշումը բուռն քննարկումների առիթ դարձավ ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային շրջանակներում: Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխականներին դատափետեցին համեստությամբ չփայլելու եւ հեղափոխությունը «մատի փաթաթան» դարձնելու մեջ, հեգնախառն առաջարկներ եղան Երեւանը՝ Նիկոլավան, Հայաստանն էլ Նիկոլստան անվանափոխելու մասին: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անկեղծացավ. «Ինձ համար 365 օրն էլ քաղաքացու օր է, բայց եթե առանձնացնում են, նշանակում է՝ ցանկություն կա այն առանձնահատուկ նշելու, բարձրաձայնելու քաղաքացու գիտակցության, կարեւորության նշանակության մասին: Միգուցե դա է պատճառը, որ առանձնացվեց այդ օրը: Գուցե սրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի կարեւորի, որ յուրաքանչյուր օր իր օրն է», ուստի ինքն անձամբ առանձնակի չի կարեւորելու այդ օրը։ «Հատկապես, որ ապրիլ ամիսը չափազանց կարեւոր ամիս է, մենք այդ ամսին ունենք ապրիլի 24, ունենք ապրիլի 7, ապրիլի 24-ը նաեւ իմ ծննդյան օրն է, այնպես որ՝ ինձ համար հստակ տոն է, որովհետեւ ես դա վերածննդի օր եմ համարում»:

Նկատեցինք, որ այդ օրը լինելու է վարչապետի ասած՝ հպարտ քաղաքացիների տոնը, իսկ ի՞նչ անեն նրանք, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, էլ չասենք, որ դեմ են եղել դրան։ Սակայն իմքայլականը վստահաբար հայտարարեց, որ բոլորն էլ, կամա թե ակամա, մասնակցել են հեղափոխությանը, ու դա լինելու է բոլորի օրը, հատկապես որ թե՛ ինքը, թե՛, իր պնդմամբ, Փաշինյանը բոլորին համարում են հպարտ քաղաքացիներ. «Կամա թե ակամա, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանից դուրս յուրաքանչյուր հայ մարդ մասնակից է եղել հեղափոխությանը: Անգամ ՀՀԿ-ն է մեծ գործունեություն ծավալել հեղափոխության առումով: Բարիկադների երկու կողմում գտնվող, հեղափոխություն ցանկացող եւ չցանկացող մարդն էլ է եղել գործողության մեջ, եւ չենք կարող համարել, որ Ձեր ասած՝ սա խտրական վերաբերմունք է քաղաքացիների հանդեպ: Չէ՞ որ հեղափոխությունից անմասն չի մնացել որեւէ մեկը: Նույն Սերժ Սարգսյանի կողմնակիցները․ չէ՞ որ իրենց կողմից էր նույն հրաժարականը, նույն վարչապետի ընտրությունը եւ, եւ, եւ… Սրանք հեղափոխության մասերն են, եւ էական չէ, թե որ մասերն են»։

Նկատեցինք, որ պատգամավորի թվարկածները հեղափոխության «պարտադրված» մասերն են, սակայն տիկին Հովսեփյանն անդրդվելի մնաց՝ ասելով, որ գուցե սրանք անցանկալի մասերն են, բայց, միեւնույն է՝ մաս են կազմել: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է նշվելու այդ օրը, Փաշինյանն ասաց, որ կհետեւեն քաղաքացիների առաջարկներին: «Իմ քայլի» պատգամավորը դեմ չէ վուվուզելներով, դըմ-դըմփ-հու վանկարկումներով տոնը նշելու ոմանց առաջարկներին, իր ցանկությունն է՝ այնպես նշեն, որ յուրաքանչյուրիս գիտակցությունն այնքան բարձրանա, որ մյուս օրերն էլ դառնան քաղաքացու օր: Իսկ կարելի՞ է մի միջավայրում, երբ պետության ղեկավարի մակարդակով հանրությունը ճամբարների է բաժանվում՝ սեւերի ու սպիտակների, նման տոն սահմանել։ «Ես այդպես չեմ համարում, որ վարչապետը սեւերի ու սպիտակների է բաժանում: Ես չեմ լսել նման հայտարարություններ»: 

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ զարմացավ մեր հարցից․ «Էդ նույնն է, որ եթե ձկնորսի օր նշենք, ասենք՝ ինչո՞ւ մնացած 365 օրը ձկնորսի օր չի, երջանկության օրը բոլորս նշում ենք, բայց պարտադիր չի բոլորս երջանիկ լինենք, ձգտում կա երջանիկ լինելու»: Պատգամավորի գնահատմամբ, քաղաքացիներն այդ ամսին հանդես են եկել բարձր գիտակցությամբ ու պետք է տոն ունենան. «Հեղափոխությունը՝ որպես պայքարի արժեք, պիտի նշվի այս օրը»: Իսկ այդ օրը հրապարակ ջուր ուղարկած քաղաքացիների օրն է՞լ է լինելու, ինչպես Ծառուկյանն էր ասում։ «Այնպես չէ, որ բոլորը պետք է մասնակցեին անձամբ, քաղաքացին իր ամենօրյա աշխատանքով է նպաստել երկրի զարգացմանը, փոփոխություններին: Անմիջապես քայլելով՝ քաղաքացի չեն դառնում, պետք է նշել այդ օրը, որպեսզի հետագա սերունդներն իմանան, որ այդ օրը, այդ ամսին քաղաքացին պայքարել է իր իրավունքների համար, ձգտել է փոխել իշխանությունը»: Բագրատյանի համոզմամբ, պետք է նաեւ ունենալ հեղափոխության թանգարան, որպեսզի այդ օրը սերունդներն այցելեն եւ ծանոթանան հեղափոխության ատրիբուտներին. «Անցուդարձերը պետք է տեսանելի դարձնել սերունդներին»: Իսկ ինչպե՞ս է պատկերացնում այդ օրը՝ ինչպե՞ս պետք է նշել՝ վուվուզելներ փչել, քայլել, ծափ տալ։ «Դե, էդ վուվուզելները կարելի է թանգարանում դնել, բայց քայլելը լավ միտք է, քայլել բնության մեջ»։