Վերմիշյանի ընտանիքը Վերնիսաժի գազոնի տեղում շաուրմանոց ունի

Վերմիշյանի ընտանիքը Վերնիսաժի գազոնի տեղում շաուրմանոց ունի

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Ռուսաստանից ժամանած ճարտարապետ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Վահագն Վերմիշյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Փաշինյանի առաջարկով վերջինս ներկայացրել է իր կենսագրությունը․ «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Ռուսաստանում, արտասահմանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում»։ Գործադիրի նիստում Վերմիշյանը շեշտել է, որ որոշել է աշխատել իր հայրենիքի համար։
Հայրենիքում նրա գործունեության միակ հետքն առայժմ Վերնիսաժի տարածքում կառուցված սրճարանն է։ Վահագն Վերմիշյանը սրճարանի համար վկայականը ստացել է 6 ամիս առաջ, բայց շենքը կառուցվել է ավելի շուտ։  

Խորհրդատվության համար Տարոն Մարգարյանը նրան գումար չի վճարել` Վերմիշյանը խորհրդական էր նշանակվել հասարակական հիմունքներով։ Անկաշառ նվիրումն ի նպաստ քաղաքի, հավաբանար, փոխհատուցվել է այսկերպ՝ Վերմիշյանների ընտանիքին օբյեկտի կառուցման համար Վերնիսաժի տարածքում տեղ է հատկացվել։ Այդ ժամանակ այն նոր էր վերակառուցվել, վերջնականապես նմանվել էր արեւելյան շուկայի, եւ Վերմիշյանների թուրքական անվանումով այս շաուրմանոցը միանգամայն ներդաշնակ է տարածքին։ Բայց սա էլ ոչինչ։ Լուսանկարում պարզ երեւում է, որ «Դուռումն» առաջացել է քաղաքային գազոնի տեղում։ Փաստորեն, գազոնը հնձել են, տեղը շաուրմանոց սարքել, եւ այժմ քաղշինկոմիտեի նախագահն այդ օբյեկտի տերն է։

Պետական ռեգիստրում այն գրանցված է Ռուսաստանի բնակիչներ Սուսաննա եւ Արամ Վերմիշյանների անունով։ Մենք զանգահարեցինք քաղշինկոմիտեի նորանշանակ նախագահին, ուզում էինք զրուցել նրա հետ Վերնիսաժի հակամշակութային միջավայրի մասին, նրա ծրագրերի, թե արդյոք չի՞ ցանկանում այնտեղ նորից շատրվաններ կառուցել։ Բայց միայն հասցրինք ասել․ ««Դուռումը» Ձե՞րն է։ Նոստալգիկ գաղափար է սփյուռքահայի համար «Դուռում» անունով օբյեկտ բացել Երեւանի կենտրոնում, բայց ո՛չ երեւանցու համար։ Այդտեղ գազոն է եղել»։ 

«Այդտեղ գազոն չի եղել,- պատասխանեց քաղշինկոմիտեի նախագահը, դա իմը չէ, իմ որդունն է։ Այդ շենքը նա վերցրել է վարձով։ Դա կառուցվել էր սրանից մի 4 տարի առաջ, իսկ տղաս վարձել ա ընդամենը վեց ամիս առաջ»։ Այսինքն՝ այդ գազոնի վրա Դուք չե՞ք կառուցել օբյեկտ։ «Այդտեղ գազոն չի եղել երբեւիցե, բասսեյն էր»,- ասաց Վերմիշյանը, ներողություն խնդրեց՝ ասելով, որ հարմար չէ խոսելը, ու անջատեց հեռախոսը։ Մենք չհասցրինք տեղեկացնել Վերմիշյանին, որ ավազաններ ու շատրվաններ քաղաքին պետք են։ «Դուռումի» հիմնադիրներ, Ռուսաստանի բնակիչներ Սուսաննա եւ Արամ Վերմիշյանները գրանցման վկայականը ստացել են 2018 թվականի հուլիսին։ 

ՀԳ․ Հայաստանցիներս ճարտարապետ Վահագն Վերմիշյանի գործունեությանը քիչ ենք ծանոթ։ Նրա մասին կցկտուր տեղեկություններ կան ռուսական կայքերում, որոնց համաձայն՝ նա 2014-2017 թթ․ աշխատել է Օրլովսկայա մարզի գլխավոր ճարտարապետ եւ մեծ գործեր է արել Օրյոլ քաղաքի, ինչպես նաեւ «Դոմոդեդովո» օդանավակայանի համար։ Օրյոլի տեղական ԶԼՄ-ներից մեկը՝ www.newsorel.ru-ն, 2017 թվականի ապրիլին, ամփոփելով Վերմիշյանի գործունեությունն Օրյոլ քաղաքում, գրում է․ «Օրյոլ քաղաք քաղաքակրթություն ներբերելու առաջին ակտը եղավ Վերմիշյանի աշխատանքը կառուցապատողների հետ»։ Տպավորություն է ստեղծվում, որ այս քաղաքում մինչեւ Վերմիշյանը քաղաքակրթություն չի եղել։