«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սփյուռքում ՀՀ կառավարությունից գոհ անձանց պաշտոններ է տալիս

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սփյուռքում ՀՀ կառավարությունից գոհ անձանց պաշտոններ է տալիս

Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանը Գերմանիայում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի՝ հասարակական հիմունքներով խորհրդական նշանակեց ՔՊ-ին աջակցող մի «բարերարի»՝ Սերժիկ Անգելյանին, ով վարչապետին փոխկապակցված հիմնադրամների նվիրատուներից է։ Նա 1996-ին հիմնադրված «Անգելյան» ընկերության սեփականատերն ու տնօրենն է։ 2018-2022թթ. Անգելյանը եղել է Համբուրգի հայ համայնքի նախագահը, իսկ 2022-ից մինչ այժմ Համբուրգի հայ համայնքի խորհրդատվական խորհրդի անդամ է:

Սերժիկ Անգելյանը 2022 թվականին 2 մլն 350 հազար դրամ` մոտ 6 հազար դոլար է նվիրել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ 2023-ին նրա նվիրաբերած գումարների չափը, մեր տեղեկություններով, ավելացել է 3 անգամ՝ հասնելով 10 մլն դրամի։ Այս մասին հաղորդում է Գերմանիայի հայկական սփյուռքի մեր աղբյուրը։ Քանի որ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի 2023 թ. նվիրատուները հիմնականում անանուն են, Սերժ Անգելյանին ցանկում չգտանք։ Հանուն արդարության պետք է նշել, որ նա գումարներ է տրամադրել ոչ միայն նիկոլական հիմնադրամներին, այլեւ «Հայաստան» համահայկականին։

«Այս պաշտոնում Սերժիկ Անգելյանը նպաստելու է համայնքի եւ Հայաստանի միջեւ գործակցության զարգացմանը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համայնքի ներուժի նպատակային ներգրավմանը, ինչպես նաեւ աջակցելու է հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- գրված է սփյուռքի հանձնակատարի պաշտոնական էջում։ Մինչդեռ, ինչպես հայտնում են գերմանահայ համայնքից, Անգելյանի նշանակումը խնդիր է առաջացրել համայնքում։ Չնայած հասարակական հիմունքներով խորհրդականն աշխատավարձ չի ստանում, սակայն այս պաշտոնը կամ կարգավիճակը որոշակի առավելություններ է տալիս, ազդեցության հնարավորություններ։

Առհասարակ, սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բուռն գործունեություն է ծավալում աշխարհասփյուռ համայնքներում՝ շոշափում է ռուսական սփյուռքը, ավանդական կազմակերպություններին է հակակշիռներ որոնում եւ պատրաստվում է սեպտեմբերին համաշխարհային համաժողով անցկացնել ավելի քան 1000 սփյուռքահայի ներգրավմամբ: Նա նաեւ նոր նշանակումներ է կատարում։

Թեպետ հայտարարվում է, որ նպատակն ամենեւին էլ համայնքների կյանքին միջամտելը չէ, սակայն օբյեկտիվորեն հենց դա է իրականացվում: Սինանյանի նշանակումից հետո սփյուռքը համախմբող ավանդական կուսակցությունների ազդեցությունը նվազել է, վարչապետն իր «կադրերն» ունի այդ համայնքներում, որոնք բացառապես պրոիշխանական դիրքորոշում ունեն։

2021 թ. նոյեմբերին, գլխավոր հանձնակատարի «սթաֆն» ընդլայնելու համար, հատուկ փոփոխություն մտցվեց «Հանրային ծառայության մասին» օրենքում, նոր պաշտոն հորինեցին՝ հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարի խորհրդական: Այդ պաշտոնում նշանակում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկինում նման պաշտոն չկար։ Պաշտոնին նշանակման գլխավոր չափանիշներից մեկն այն է, որ թեկնածուն լավ պատկերացնի ՀՀ կառավարության քաղաքականությունը սփյուռքի հարցերում։ Ի՞նչ լիազորություններ եւ պարտականություններ ունի խորհրդականը, եթե աշխատում է հասարակական հիմունքներով, այնքան էլ պարզ չէ։ Բայց հստակ է, որ նորանշանակները Փաշինյանին նվիրված անձինք են։

Ինչպե՞ս է ընտրվել պարոն Անգելյանը, ի՞նչ չափանիշներով, քանի՞ դիմորդ է եղել գերմանահայ համայնքից․ այս հարցերն ուղղեցինք Զարեհ Սինանյանի գրասենյակին։ Մամուլի քարտուղար Ամալյա Կարապետյանը պատասխանեց․ «Չափորոշիչներն են՝ սփյուռքի գործերի հանձնակատարի թեկնածուն պետք է իր համայնքում ունենա ընդգրկուն կապեր եւ ճանաչելիություն, դրական աշխատանքային հարաբերություններ համայնքային տարբեր շրջանակների հետ, սփյուռքի նկատմամբ ՀՀ կառավարության քաղաքականության գերազանց պատկերացում, պատրաստակամություն՝ աշխատանք ծավալել տարբեր ուղղություններով (օրինակ՝ երիտասարդական խմբեր, մասնագիտական ցանցեր, կրթություն, մշակույթ, համայնքի զարգացում, տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ եւ այլն), բավարար ժամանակ եւ ռեսուրսներ՝ այս պաշտոնում աշխատանք ծավալելու համար։ Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաեւ առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը: Գրասենյակը ստացել եւ շարունակում է սփյուռքի տարբեր հայ համայնքներից ստանալ ինքնառաջադրումներ եւ թեկնածություններ համայնքների, կազմակերպությունների եւ կառույցների կողմից: Այժմ մեկ տասնյակից ավելի թեկնածուների նշանակումների հարցը քննարկումների փուլում է»։ 

Գերմանիայի հայ համայնքում մարդիկ մտածում են, որ տվյալ անձը գումար է տվել նիկոլական ֆոնդերին, դրա համար պաշտոն է ստացել, եւ դա յուրօրինակ կոռուպցիայի նման մի բան է։ Որեւէ գնահատական այս կարծիքներին խոսնակը չտվեց՝ նշելով․ «Գրասենյակի տեսանկյունն այս հարցի շուրջ այն է, որ հանձնակատարների նշանակումը կամ նրանց նշանակման թեկնածություն դիտարկելը որեւէ ձեւով կապված չէ որեւէ հիմնադրամի հետ նրանց կապով կամ փոխանցումներով, այլ բացառապես հանձնակատարի խորհրդականները նշանակվում են ըստ սահմանված չափորոշիչների եւ համայնքում նրանց ակտիվության, համայնքում նրանց ընդունված լինելու, համայնքային աշխատանքի արդյունքների հիման վրա։ Այդպես է նաեւ պարոն Անգելյանի նշանակման դեպքում»։

Խոսնակը հայտնեց, որ 2021 թվականից ընդամենը 3 հանձնակատարի խորհրդական է նշանակվել՝ Լեհաստանում, Նիդերլանդներում եւ Գերմանիայում։ Ըստ նրա, հանձնակատարների խորհրդական են նշանակվում հիմնականում «hամայնքների կողմից մեծապես ընդունված մարդիկ, ովքեր կարող են աշխատել տվյալ համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, կառույցների, կազմակերպությունների հետ եւ կարող են փոխանցել համայնքների ձայնը հանձնակատարի գրասենյակին, լինել մեր համագործակցության կամուրջը գրասենյակի ու տվյալ համայնքների միջեւ։ Հետեւաբար, հապշտապ նշանակումներ չեն իրականացվել, այլ բավականին դանդաղ է եղել պրոցեսը, որպեսզի համայնքներում հնարավորինս ընկալելիություն ու համաձայնություն լինի այս գործընթացի հետ»։

Գերմանահայության ներկայացուցիչներից փորձեցինք ճշտել, թե որքանով է ճանաչված Սերժ Անգելյանը համայնքում։ «Նա փոքր ձեռնարկատեր է` 2,3 մլն դրամը յուրաքանչյուր գործարար Գերմանիայում կարող է տալ որպես բարեգործություն՝ իր մուծվող հարկերի հաշվին։ Անգելյանը հասարակական կյանքում անհայտ անձ է։ Գուցե Համբուրգի հայության մեջ է հայտնի»,- պատասխանեց Արամ Մկրտչյանը, ով բնակվում է Մայնց քաղաքում։ Նա պատմեց, որ վերջերս Համբուրգի համայնքում, հանդիպման ժամանակ տեսել է Սերժ Անգելյանին. «Մի երկու բառ քաղաքականությունից խոսեցինք, վեր կացավ` բողոքելով գնաց»։ Ինչի՞ց էր դժգոհ։ «Նրանից, որ դժգոհում ենք Հայաստանի վարած քաղաքականությունից»,- պատասխանեց մեր զրուցակիցը, ով ակտիվորեն մասնակցում է գերմանահայ համայնքի կյանքին, սակայն չի կիսում ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումները։

«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը ստեղծվել է 10 տարի առաջ մի խումբ հայրենանվեր բժիշկների կողմից, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս այժմյան պաշտոնին չէր։ Նրա կինը 2020 թվականի սեպտեմբերի կեսերից լքել է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, որից հետո նշված աշխատանքը հանձնէ առել ու ներկայումս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը: