«Ընդդեմ նիկոլական Արմավիրի»․ ընդդիմությունը համալրում է զինանոցը

«Ընդդեմ նիկոլական Արմավիրի»․ ընդդիմությունը համալրում է զինանոցը

Երեկ մենք գրել էինք, որ մարզպետները նախընտրական եռուզեռի մեջ են, ոչ վաղ անցյալում Ծառուկյանի կողմից ընտրակաշառքի տեսքով տուկի թել բաժանելու փաստն արգահատելի համարող Փաշինյանի թիմակիցներն այսօր իրենք են ձեռուոտ ընկել, ինչ ձեռքներն ընկնում է, բաժանում են իրենց մարզի բնակիչներին՝ իբրեւ սոցիալական աջակցություն, իրականում՝ ընտրակաշառքի դասական օրինակ, մանկապարտեզներ ու դպրոցներ են վերանորոգում, մի խոսքով՝ նախընտրական եռուզեռ է։ Բացի այդ, մեզ ասացին, որ վերեւից հրահանգ է իջել բոլորին՝ առանձնակի ուշադրություն ցուցաբերել հատկապես 44-օրյա պատերազմում զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին ու հարազատներին։ Ոմանք այդ ուշադրության շրջանակներում իրենց ղեկավարած մարզերում խաչքարեր են տեղադրել պատերազմի նահատակների հիշատակին։

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները գույքագրել են արդեն ունեցած-չունեցածը եւ կարծում են, որ որոշ մարզերում հատկապես պետք է բազմապատիկ աշխատանքներ տանել, օրինակ՝ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում, Վայոց Ձորում, որտեղ իրենց դիրքերն անհամեմատ թույլ են։ Մինչդեռ, օրինակ, վստահ են Արմավիրի եւ Արարատի հարցում։ Ասում են՝ սրանք ամենանիկոլական մարզերն են, թե ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, գուցե սահմանից հեռու լինելու եւ բնակչության կրթական-սոցիալական մակարդակով, ինչպես նաեւ՝ նախկինում տարիներ շարունակ Արմավիրի մարզը գտնվել է գեներալիտետի լծի տակ, Սեյրան Սարոյանի եւ հատկապես Մանվել Գրիգորյանի լծի տակ ապրած արմավիրցիները հիմա ազատ շունչ են քաշում, նրանց մեծ մասը ո՛չ պատերազմով, ո՛չ էլ դրա հետեւանքներով չի կայացնելու իր ընտրությունը։
Չնայած դրան, Արմավիրում այս օրերին լայն թափով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, կարկատում են գլխավոր  մայրուղին, իսկ քաղաքային եւ մարզային իշխանությունները դեռեւս ընդհատակյա գործունեություն են ծավալում։ 

Փոխարենը ակտիվ եռուզեռի մեջ են ընդդիմադիր ուժերը։ Աջակիցների, ընտրություններին «աշխատողների» փնտրտուքը սկսվել է շաբաթներ առաջ, կա նաեւ որոշակիություն, թե մարզային հեղինակություններից ով որ ուժի համար է աշխատելու։ Ռոբերտ Քոչարյանի թիմն աջակցության խոստում է ստացել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Փաշինյանի իշխանության օրոք քրեական հետապնդման ենթարկված ՄԱՊ-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանի թիմի կողմից։ Մասնավորապես նրա փեսան է (դստեր ամուսինը)՝ Լեւոն  անունով, Արմավիրի հատվածն իր վրա վերցրել։

Քոչարյանի համար կաշխատի նաեւ անկուսակցական Սեւակ Մինասյանը՝ Արմավիրի մարզային դատախազի նախկին տեղակալ Սեդրակ Մինասյանի որդին։ Սեւակ Մինասյանը 2011-ին նաեւ Արմավիրի քաղաքապետի թեկնածություն էր առաջադրել եւ համարում էր, որ ինքն է, ըստ էության, հաղթել ՀՀԿ-ական  Ռուբեն Խլղաթյանին, եւ որ վերջինս լցոնումներ է արել։ Ռուբեն Խլղաթյանը ստացել էր 6 հազար 849 քվե, Սեւակ Մինասյանը` 5 հազար 811։ Հետընտրական զարգացումների արդյունքում, մասնավորապես քաղաքում հնչած կրակոցների պատճառով, Մինասյանն անգամ ձերբակալվեց, մարզում այս երկուսը մշտնջենական հակամարտության մեջ են եղել եւ կլինեն նաեւ այս ընտրություններին, քանի որ ՀՀԿ-ական Խլղաթյանը, ով Ռուբեն  Հայրապետյանի խնամին է եւ Իշխան Զաքարյանի մտերիմ անձանցից մեկը, ակտիվ ներգրավված կլինի ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի համար։ Խլղաթյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց՝ «ոտի վրա է», հարմար չէ խոսել։

Տեղեկություններ կան, որ Քոչարյանի համար են աշխատելու նաեւ մանվելականները՝ Նազիկ Գրիգորյանի եւ նրա ստեղծած «Հինգերորդ բրիգադի» գլխավորությամբ, եւ չի բացառվում՝ առաջիկայում հայտարարեն այդ մասին։ Ինչ վերաբերում է գեներալ Սարոյանին, ապա վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի եւ այս անգամ աջը քաշած հետեւելու է գործընթացներին։ Բնականաբար, Էջմիածնի հատվածում ֆավորիտը կլինի Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ով երեկ չցանկացավ զրուցել մեզ հետ, իսկ երկրորդ զանգին պատասխանեց մեկ ուրիշը՝ հայտնելով, թե Մովսիսյանն ատամնաբույժի մոտ է։

Մեզ ասացին, որ Արմավիրում բավականին ծանր է Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի վիճակը։ Նախորդ ընտրություններին կուսակցության համար ակտիվ աշխատանքներ տարած երկու անձ այլեւս ողջ չեն՝ խոսքը պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եւ կորոնավիրուսից մահացած Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի մասին է։ Ավելին, Գասպարյանի հարազատները թունդ հականիկոլական են եւ ԲՀԿ-ին էլ չեն պատրաստվում աջակցել։ Մարզում ԲՀԿ-ի հույսը նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, ում տղան ԲՀԿ-ից 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր դարձել, ինչպես նաեւ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը, ով Էջմիածնում վերաբացել է կուսակցության գրասենյակները, աշխատողներ է ընդունել, բայց ամիսուկես է անցել՝ նրանք դեռ չեն վարձատրվել։ «Ես չգիտեմ, շտաբները կուսակցությունն է բացում, բայց եթե աշխատավարձի խնդիր լինի, կասեն, էլի, չեն աշխատի»,- ասում է Դավթյանը։

«Ո՞վ է ասում՝ մեր դիրքերը թույլ են, հարցումնե՞ր են արել, թե՞ ոնց»,- գնահատականների հետ համաձայն չէ Դավթյանը․ «Մեր դիրքերը նորմալ են, ուժեղ ո՞նց կլինի, ուժեղ չի, բայց նորմալ է»։ Ինչո՞ւ ուժեղ չէ։ «Դե, համեմատած ուժեղ է»։ Երեւի ուժեղ չէ, որովհետեւ խաղի մեջ այս անգամ ներգրավված են նախկինները։ «Դա էլ կա»։ Հրանտ Դավթյանին հայտնի չէ՝ ինքը կլինի ընտրացուցակում, թե ոչ, բայց դա չի խանգարի ամբողջ ուժով աջակցել կուսակցությանը․ «Անցած անգամ էլ պատգամավոր չդարձա, բայց աշխատել եմ, չէ՞»։ Դավթյանի խոսքով՝ մարզում դեռ աննախադեպ շարժ չկա, հանգիստ են նաեւ իշխանության ներկայացուցիչները․ «Ակտիվություն չկա, կլինի, էլի, մի շտապեք»։ 

Մարզից ընտրված պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ ասաց, որ երբ սկսեն բնակիչների հետ հանդիպումները, այն ժամանակ էլ կգնահատեն իրենց շանսերը։ Ավելի վատթար վիճակում է «Լուսավոր Հայաստանը»։ Մեզ ասացին, որ մարզից ընտրված պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի աջակիցների մի մասը նիկոլական է դարձալ, մյուս մասը՝ քոչարյանական։

«Ո՞վ է նման բան ասել,- հարցով պատասխանեց պատգամավորը՝ կատակելով։ -Ասում են՝ դու էլ ասա»։ Իսկ ԼՀԿ-ի աջակիցների՝ այլ ճամբարներ տեղափոխվելու մասին ասաց․ «Սիմպատիաների հարց է, չեմ բացառում, որ մի քանիսն էլ անցնեն այլ դաշտեր, բայց դա էական ազդեցություն չի թողնի։ Մեծ հաշվով, առայժմ անհանգստանալու առիթ չկա, որովհետեւ քարոզարշավն էլ դեռ չի սկսվել, ու ես էլ չեմ շփվել, որ հասկանամ՝ ով է գնացել էն դաշտ, կամ էն դաշտերից ինչքան մարդ է եկել իմ դաշտ»։ Պատգամավորը լսել է, որ իշխանականները փոքր խմբերով ամենօրյա նախընտրական քննարկումներ են իրականացնում, բայց տեսանելի գործողություններ չի նկատել․ «Գիտեք, որ ասում են՝ մեր մարզը նիկոլական է, ես համաձայն չեմ, կարծում եմ՝ իրենք՝ իշխանականներն են նման լուրեր տարածում, քոչարյանականներն էլ ասում են՝ քոչարյանական է, ես էլ կասեմ՝ լուսավորական է, բայց հո ասելով չէ, այդ հարցի պատասխանը պարզ կդառնա հունիսի 20-ից հետո»։

Խոսում են՝ երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերից շատերն ինքնակամ մտել են իշխանական դաշտ, մարզպետին առաջարկել իրենց ծառայությունը։ 

Ի դեպ, Արմավիրի մեր աղբյուրներն իրենց զարմանքը հայտնեցին Ազգային ժողովրդական բեւեռի աննախադեպ ակտիվության վերաբերյալ։ Մինչ այս պահը Արմավիր քաղաքում երեք գրասենյակ են բացել, սակայն համակիրների փնտրտուքով են զբաղված, ամեն պատահածի առաջարկում են աշխատատեղ, ինչը նշանակում է, որ այս բեւեռում փող ունեն, մարդ չունեն։