Կռվող տղերքը կապիտուլյացիայի մասին ադրբեջանական հրավառություններից են իմացել
Ամբողջ քաղաքը եռում է, նախընտրական տենդի մեջ ենք: Արթնացել են բոլոր տեսակի հարց լուծողները, գործ դզողները, ձայն հավաքողները: Տղամարդկանց աչքերը փայլում են փողի ակնկալիքից, կանայք տվայտանքների մեջ են՝ բոլոր ցուցակներում կանանց պակաս կա, մի խոսքով՝ հետաքրքիր է:
Բայց ձեր խրախճանքը կտրեմ, մի պատմություն պատմեմ՝ մեր ոչ այդքան վաղ, դժբախտ անցյալից: Ուրեմն, չարաբաստիկ նոյեմբերի 9-ին ոչ միայն Երևանում գրեթե ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչ է ստորագրել մեր սիրելի վարչապետը, այլև բանակում չեն իմացել, անգամ մտքների ծայրով չի անցել նման բան:
Դիրքերում կանգնած տղերքը մեկ էլ ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հրավառություն անում, օդ կրակում, հրճվում: Շատ են զարմացել՝ իրար են խառնվել, հրամանատարներին են կապ տվել, թե էս ի՞նչ է կատարվում, ի՞նչ խաբար է։ Կենտրոնից ասել են, որ հրադադար է, դրանից մերոնք էլ են ուրախացել։ Դե, բնական է՝ հոգնել էին կռվելուց ու հրադարարարից երջանկացել են: Մինչ այն պահը, երբ պարզ դարձավ, թե ինչ գնով է հրադադար կնքել երկրի վարչապետը։
Իսկ նոյեմբերի 9-ին տղերքը անգամ չեն հավատացել, որ հրադադար է կնքվել. դրանից առաջ արդեն 3 անգամ հրադադաի մասին խոսակցություններ էին եղել եւ չէր ստացվել։ Իրենք այդ ամբողջ ժամանակ շատ զգոն են եղել ու ոչ մի րոպե հսկողությունը սահմանի նկատմամբ չեն թուլացրել:
Նոյեմբերի 10-ի առավոտ կանուխ ադրբեջանցիները սկսել են՝ առանց կրակի ու կռվի, համարձակ առաջ գալ՝ տան տիրոջ պես, ասում են՝ անգամ դիրքեր կան, որտեղ մերոնք կրակել են, որ նրանց առաջխաղացումը կանգնեցնեն, հետո էլի կապ են տվել, թե մարդավարի բացատրեք՝ սա ի՞նչ թեմա է, ինչի հիման վրա են սրանք սենց ուրախ-զվարթ առաջ գալիս՝ եթե հրադադար է հայտարարվել ուրեմն բոլորս պետք է մնանք մեր դիրքերում։ Այդտեղ նոր կենտրոնից խոստովանել են, որ՝ ի՞նչ հրադադար, կապիտուլյացիա է, ինչ կար-չկար տվել է՝ Շուշին ու Հադրութն էլ վրադիր: Ասում են՝ դիրքերում մի ողբ է սկսվել, հասուն, կռիվ տեսած տղամարդիկ՝ մորը կորցրած երեխաների պես, մոլորված ու հուսալքված են եղել, իրենց տեղը չեն գտել:
Չեմ հիշում՝ քանի հազար զորք էր կապիտուլյացիայով փրկում մեր սիրելի վարչապետը, թիվը հա երկրաչափական պրոգրեսսիայով աճում է՝ 25-ից մինչեւ 35 ու 40 հազարի հասնելով, բայց որ էդ թվի մեջ մի զգալի մասսա իրենց այդ գիշեր ոչ թե փրկված, այլ դավաճանված էին զգացել, փաստ է:
Կարծիքներ