Չեմ ընդունում Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները

Չեմ ընդունում Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները

Մեր 30-ամյա պատմության ընթացքում հայոց բանակի կազմավորման օրը առաջին անգամ ո՛չ շնորհավորելու տրամադրություն կար, ո՛չ տոնի զգացում։ Հայաստանի եւ Արցախի պետական եւ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին էլ հարցազրույցից առաջ ոչ այն է՝ շնորհավորեցինք, ոչ այն է՝ ցավակցեցինք։

- Պարոն Աղաբեկյան, այսօր բանակի տոնը մեր զինվորականները, մեր քաղաքացիները նշում են գլուխները կախ։ Այնուամենայնիվ, այսօր Ձեզ համար տո՞ն է, թե՞ այլեւս ոչ։

- Ի՞նչ ասեմ, ամեն դեպքում՝ բանակ ենք սարքել։ Հաղթանակներ էլ ենք ունեցել, պարտություն էլ ունենք։ Եթե հաղթանակը լավ վերլուծեինք, միգուցե էս պարտությունը չլիներ։ Իսկ եթե պարտություն ունենք, պիտի ավելի խոր վերլուծենք ու հասկանանք, թե այդ մարտահրավերներին ինչպես պետք է դիմագրավենք։

- Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում գնահատեց՝ Արցախի պետականությունից բեկորներ են մնացել, Հայաստանը վերածվել է պրոտեկտորատի, եթե չինքնակազմակերպվենք, այդ բեկորներն էլ կկորցնենք։ Համամի՞տ եք։ 

- Այո, պետք է ինքնակազմակերպվենք, որ հետայսու կորուստներ չունենանք, որովհետեւ ակտիվ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել։ Թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ մեծ անելիքներ ունենք։

- Քոչարյանն ասաց նաեւ, որ այս մասին շատ չի բարձրաձայնվում, բայց Արցախում ադրբեջանցին որտեղ կանգնում է, ասում է՝ ստեղ պետք է լինենք, եւ այդտեղ էլ մնում են։

- Չեմ տիրապետում։ Գիտեմ, որ Պաշտպանության բանակը վերաձեւակերպում է իր մարտական խնդիրները, վերակազմակերպում է զորամասերը, զորամիավորումները։ Եթե այսօր տկար ենք, վստահ եմ՝ վաղը ոտքի վրա ենք լինելու եւ կարողանալու ենք դիմակայել թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտության բնագավառներում։ Եթե բանակը շատ արագ չվերականգնի իր դիրքերը, ապա դա շատ բացասական հետեւանքներ կունենա։ Եվ ես տեսնում եմ, որ Արցախում Պաշտպանության բանակը փորձ է անում վերականգնվել, դերակատարություն ստանձնել այսօրվա ստեղծված իրավիճակում։

- Իսկ, Ձեր կարծիքով, այս ընթացքում չխզվե՞ց Հայաստան-Արցախ կապը, նաեւ՝ ռազմական առումով, ոչ միայն քաղաքական։ Ի վերջո, նաեւ առաջին դեմքերի մակարդակով տարբեր ակնարկներ հնչեցին։

- Ինձ թվում է՝ դա անցողիկ է։ Մանավանդ իմ սերունդը մեկ անգամ՝ 1991 թվականին, այս վիճակը տեսել է, երբ քաղաքական միտքը մի տեսակ ասելիք չուներ։ Արցախում այդ ժամանակ տեղի էր ունենում դեմարկացիա թե՛ Հադրութում, թե՛ Շահումյանում ու Գետաշենում, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, նույնին ականատես եմ եղել այն ժամանակ, իհարկե՝ ոչ այդ մասշտաբներով։ Վստահ եմ՝ այս ամենն անցողիկ է, եւ մեր ժողովուրդը շուտով կհասկանա, որ էդ տարաձայնությունները, հասարակական էդ կարծիքը, մեր ցավը, որը մեր ժողովրդին մի տեսակ ապակողմնորոշել է, անցնելու են, եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։

- Նիկոլ Փաշինյանին մեղադրում են հողերը ծախելու, այդ թվում՝ Շուշին հանձնելու մեջ։ Նախօրեին Ալիեւը մեղադրեց ՀՀ իշխանություններին, որ սեփական ժողովրդից թաքցնում են, որ Շուշիում իրենք հարյուրավոր հայերի են սպանել։ Ինչո՞ւ հանկարծ խոսեց Շուշիի հարյուրավոր զոհերից։ Տարօրինակ չի՞ թվում սա։ Գուցե, որ տպավորություն ստեղծվի, թե Փաշինյանը ոչ մի բան չի հանձնել, նոր զոհե՞րն է կանխել։

- Ինձ համար թշնամու արտահայտած կարծիքը հիմք չէ, որ դրանով վերլուծություն անեմ։ Ինձ թվում է, որ թե՛ առանձին դրվագներով, թե՛ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը պետք է հրապարակայնացվի, որ մեր հասարակությունն ամբողջական տեղյակ լինի թե՛ հերոսացումներին, թե՛ բացերին, թե՛ առանձին ղեկավարների ու հրամանատարների որոշումներին։ Սա պետք է էն աստիճանի բաց լինի, որ դա իր նպաստը բերի՝ հետագայում վերականգնելու մեր հասարակության տրամադրությունները՝ ի շահ ապագա բանակի։ Էս առումով, խորհուրդ կտամ, որ ընդհանրապես ոչ ոք ուշադրություն չդարձնի թշնամի երկրի ղեկավարի արտահայտություններին։ 

- Պարոն Աղաբեկյան, բոլոր կողմերից ասում են՝ դավաճանություն է եղել։ Պայմանական ասած՝ թե՛ Փաշինյանի, թե՛ նախկինների կողմնակիցները։ Մարդիկ, ի վերջո, ո՞ւմ պետք է հավատան։

- Նորից եմ ասում՝ այս 44-օրյա պատերազմի վերլուծության արդյունքում պետք է գնահատականներ տանք։ Եվ վստահ եմ, որ ինչպես ինձ համար են այդ գնահատականները շատ կարեւոր, այնպես էլ բոլոր հայ քաղաքացիների, որ առանձին դրվագներով ու ամբողջական աչքի առաջ ունենանք կատարվածի պատկերը։ Եվ ես չեմ կարող որեւէ վերլուծություն անել, քանի դեռ մեր բանակն իր մեջ ուժ չի գտել ու իր վերլուծությունները չի ներկայացրել մեզ ու ժողովրդին։

- Քոչարյանը նաեւ ասաց, որ քանի դեռ գերիների խնդիրը լուծված չէ, հայկական կողմը ոչ մի կոնտակտ չպիտի ունենա Ադրբեջանի հետ։ Հարցնում էր՝ ո՞ւմ համար է գերիների թիվը ռազմական գաղտնիք՝ Հայաստանի՞ ժողովրդի, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը գիտեն, չէ՞, թե ինչքան գերի են վերցրել։

- Ինձ թվում է՝ մեր դիվանագիտությունը պետք է ուժեղ լինի եւ փորձի հակառակորդին պարտադրել՝ տալ գերիների մասին տեղեկություններ։ Այսօր ունենք անհայտ կորածներ, մենք չգիտենք՝ նրանք գերի՞ են, թե՞ չէ։ Այս առումով ինչ-որ տեղ հասկանում եմ․ եթե մեր բանակը չի տիրապետում հստակ ցանկի՝ գերիների, վստահ եմ՝ ժամանակի խնդիր է։ Իսկ իրականում ոչ միայն ես, այլեւ բոլորս ենք համամիտ, որ մինչեւ գերիների հարցը չլուծենք, այլ հարաբերություններ չպետք է կառուցենք թշնամի պետության հետ։

- Տոնոյանի հայտարարություններին ծանո՞թ եք։ Համամիտ ե՞ք։

- Չեմ ընդունում Տոնոյանի մեկնաբանությունները։

- Այսինքն՝ պետք է ԳՇ պետի հետ, բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանին բացատրեին, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատարը չէ․․․

- Չեմ ընդունում ընդհանրապես իր բացատրությունները։ Եթե ասելու բան ուներ, պետք է չսպասեր, պետք է մասնակից լիներ ընդհանուր վերլուծություններին, սխալների վերհանմանը եւ դրանից հետո գուցե վաստակեր այդ՝ արտահայտվելու իրավունքը  կամ կարծիք հայտներ բարձրաձայն։ Պետք չէ ամեն ինչ դնել օրենքների եւ Սահմանադրության վրա։

- Կառավարման ուղղահայացների մասին էր խոսել Տոնոյանը, որ նաեւ դրա պատճառով պարտվեցինք։

- Զինված ուժերում, բանակում կառավարման ուղղահայացներում անհատի դերը շատ մեծ է լինում, որովհետեւ միանձնյա որոշումներ կայացնելու ուղղահայացներ են․ վերադասից ստանում ես հանձնարարական եւ կայացնում ես որոշում, եւ որոշումն այլեւս քոնն է, ոչ թե վերադասինը։ Այդ առումով թե՛ ԳՇ պետը, թե՛ ՀՀ  պաշտպանության նախարարը, թե՛ գերագույն գլխավոր հրամանատարն ազատ են իրենց կայացրած որոշումները կայացնելու առումով։ Այդտեղ արդեն անհատի դերն ավելի մեծ է։