Հանրային խորհրդի դռները փակել են ու գնացել տուն 

Հանրային խորհրդի դռները փակել են ու գնացել տուն 

Կառավարության աշխատակազմի մաս կազմող, Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը 2020 թվականի հունվարից մնացել է առանց տարածքի եւ հայտնվել փողոցում։ Նախկինում խորհուրդը տեղակայված էր Գաբրիել Ջեմբերջիին պատկանող շենքում՝ Բուզանդ-Մելիք Ադամյան հասցեում, որը նա հոժարակամ տրամադրել էր ՀԽ-ին։ Իսկ տոներից հետո ՀԽ անդամները երբ եկել են աշխատավայր, տեսել են, որ դռները փակ են։  ՀԽ անդամներից Արշակ Սադոյանը, սա որակելով որպես տհաճ պատմություն, պատմեց․ «Խորհրդի աշխատակազմը պայմանագիրը կնքել էր մինչեւ տարեվերջ։ Տարեվերջին էդ պայմանագրերը, չգիտեմ ինչ պատճառներով, չեն վերականգնվել, եւ նաեւ ՀԽ  գույքը՝ կոմպյուտերներ, սեղաններ եւ այլն, որոնք մնացել էին, այսպես ասած, նախագահական անցյալից… երբ այդ պայմանագիրը չի վերականգնվել, էսպես ասած՝ պրիյոմ-սդաչա է եղել, հանձնել են այդ գույքը, էդ դուռը փակել են, ու Հանրային խորհուրդն արդեն մի ամիս ա՝ բոլորովին ո՛չ տեղ ունի աշխատելու, ո՛չ բան»։

Արշակ Սադոյանին հարցրինք՝ խոսե՞լ է ՀԽ նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ, նա ի՞նչ է ասում, ինչո՞ւ են ՀԽ դռները փակ։ Սադոյանն ասաց, որ չի խոսել․ «Բնական է՝ Ստյոպան էլ է ուզում, որ ինչ-որ մի ձեւի վերականգնվեն խորհրդի աշխատանքները, բայց ինչ-ինչ պատճառներով… նու, չեմ կարող պնդել, համենայնդեպս, Ստյոպայի նշանակումից հետո մի ամիսը լրացավ, բայց ոչ մի տեղաշարժ չկա, եւ հիմա մենք աշխատավայր չունենք»։

Հիշեցնենք, որ այս մարմինն ունի մոտ 2 հազար անդամ, եւ նրանք Բուզանդ-Մելիք-Ադամյան շենքում էին հայտնվել, երբ դեռ 19-ի ապրիլ-մայիս ամիսներին կառավարությունը, ըստ էության, մերժել էր ՀԽ անդամների՝ կառավարության շենքում եւ  կամ Բաղրամյան 26-ում իրենց տեղ հատկացելու խնդրանքը։ Իսկ ՀԽ անդամները պնդում են՝ խորհուրդը պետք է տեղակայված լինի միմիայն մայրաքաղաքի կենտրոնում, քանի որ այցելուներ շատ են ունենում։ Ընդ որում, ցանկալի է՝ ոչ ռեժիմային պահպանության շենքում։

«Զարմանալին այն է, որ մենք Հանրային խորհրդում կարեւորագույն հարցեր, խնդիրներ ենք առաջ քաշում, եւ լուծումներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման մեխանիզմներ, որոշակի առաջարկություններ ունեինք կրթության, գիտության ոլորտում, էլի շատ կարեւոր առաջարկներ կային, համազգային կառույցների բարեփոխման ծրագրեր»,-նկատեց  ՀԽ անդամը։ Կառավարության կայքում «ՀԽ քարտուղարության» դիմաց նշված է մի քաղաքային հեռախոսահամար, սակայն այնտեղից ասացին, որ այն վաղուց արդեն նամակների ու դիմումների վարչությանն է ծառայում։ 

Կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության պետի ԺՊ Արմեն Խաչատրյանից ստացանք բացատրություն, որ ՀԽ գույքն ամրակցված է ՀԽ քարտուղարության նախկին անդամներին․ «Գույքի հանձնումը նախկին քարտուղարության անդամները պետք է անեն կառավարությանը, էդ հանձնում-ընդունումը երբ կավարտվի, արդեն գույքը կհանձնվի ՀԽ նոր քարտուղարությանը, որը դեռեւս չի ձեւավորվել»։ Այժմ կառավարությունը քննարկում է Հանրային խորհրդին տարածք հատկացնելու հարցը։

ՀԳ․ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանից եւս հարցրինք՝ արդյոք մասնակցելո՞ւ է գույքի ընդունման-հանձնմանը, նա զարմացավ եւ առաջարկեց Հանրային խորհրդի հետ կապված՝ իրեն հարցեր չտալ․ «Այնտեղ աշխատողներ կան՝ աշխատավարձ են ստանում, իրենց գործն է»։