Թե ինչ էին ասում իմ մասին, երբ ես «մահացել էի»

Թե ինչ էին ասում իմ մասին, երբ ես «մահացել էի»

2014 թվականի օգոստոսի 27-ն էր։ Սոցիալական ցանցերում ու տարբեր կայքերում կարդում եմ՝ մահացել է լրագրող Հասմիկ Բաբաջանյանը։ Իմ նկարն է դրված։ Այդ օրը իմ  ծննդյան տարեդարձն  էր ու գրում էին, որ լրագրողը մահացել է իր ծննդյան օրը։ Գրում էին, որ նա բնակվում է Արաբկիրում։ Ես, իրոք, Արաբկիրում էի բնակվում։ Ամեն ինչ համընկնում էր, բացի այն փաստից, որ ես չէի մահացել։ 

Որոշեցի լռել և իմանալ, թե ով ինչպես է արձագանքում «իմ մահվանը»։ Զուտ լրագրողի հետաքրքրասիրություն։ Այդ ժամանակ նախագահը Սերժ Սարգսյանն էր, և քննադատությունս իշխանության հանդեպ անպակաս էր։ Մտածում էի, որ նրա այն կադրերը, ովքեր մշտական քննադատությանս թիրախում էին, գրառումներով, ստատուսներով «մի լավ կսևացնեն ինձ»։ Շունչս պահած հետևում էի գրառումներին։ Մեծ եղավ զարմանքս, երբ նրանցից ոչ մեկը բացասական գրառում չարեց, ավելին՝ կարդում էի՝ ափսոս էր, անհատականություն էր ու նման բաներ, որոնք չեմ ուզում նշել, որպեսզի գովազդ չընդունվի։  Ոչ մի զանգի չէի պատասխանում, որպեսզի չիմանային, որ ես չեմ մեռնողը։ Ինչևէ, մի քանի ժամ անցավ և արդեն նկարս փոխվեց, այլ Հասմիկ Բաբաջանյան հայտնվեց։ Բայց մարդիկ էլի ցավակցում, ափսոսում էին ինձ։ Սպասում էի, թե նրանք, որոնց մշտապես քննադատում էի, ի՜նչ ուրախությամբ կարձագանքեն մահվանս փաստին։ Իսկ նրանք կամ լուռ էին, կամ սրտաբուխ ցավակցություններ էին հղում։ Երեկոյան կողմ արդեն գրառում արի ու գրեցի, որ ես չեմ մահացողը։ Որ անկեղծ ասեմ, քիչ էր մնում շնորհակալությունս հայտնեի, որ ինձ ոչ մի վատ բան «մահիցս հետո»  չէին ասել։ 

Հավատա՞մ, որ իշխանությանը քննադատող Արմեն Գրիգորյանի մահով այդքա՜ն ուրախացողներ կան։ Չե՜մ հավատում։ Հավատա՞մ, որ դատարանի դահլիճում մահացող տաղանդավոր մարդու մահը կարող է ուրախ պոռթկումների տեղիք տալ։ Չե՜մ հավատում։ Հավատա՞մ, որ երեխա, մայր, եղբայր  ունեցող մարդը կարող է ուրախանալ իր նմանի մահով։ Ո՜չ, չեմ հավատում։ Ինչքան էլ մարդու դեմքով, երեխա գրկած կանայք անիծեն, հայհոյեն Արմենին իրենց գրառումներում, էլի՜ չեմ հավատում։ 

Պարզապես փոխվել է իշխանություը։ Դա՜ է ողբերգությունը։ Եկել է մի իշխանություն, ով խաղում է մարդկանց ամենասուրբ զգացումների հետ։ Եկել է մի իշխանություն, ով հռհռում է մահացող մարդու հոգևարքի վրա։ Ու նա դա անում է իր ձեռքի տակ եղած գործիքների միջոցով։ Սա ազգը պառակտելու մի ահավոր ձև է։  Հայ մարդը, ընտանիք ունեցող մարդը, նման բան չի՜ անի։ Ես երեկ ուշ երեկոյան իմացա, որ Արմենը դատարանի դահլիճում մահացել է։ Նրան չեմ ճանաչում, բայց ողջ գիշեր տառապում էի։  Տառապում էի՝ մահը, վաստակը անարգելուց, տառապում էի մեր անտերությունից ու էս խեղճ ու մոլոր մարդկանց մեջ այդքան ատելություն ներարկելուց։ Տառապում էի մեզ բոլորիս համար։