ԱԺ-կառավարություն. փոխգործառույթներ

ԱԺ-կառավարություն. փոխգործառույթներ

Հա, էն էի ասում, ՍԴ-ն ոչ մի դեպքում ՔՊ-շնիկների ժողովում ընդունված բանաձեւը, այն է՝ ընդդիմադիրներին զրկել մանդատներից, չի հաստատի: Դա հասկացան նաեւ ՔՊ-շնիկները եւ հետընթաց միացրին: ԱԺ-ն գնաց արձակուրդ, եւ հանրությանն ինչ-որ բանով զբաղեցնելու բեռն ամբողջությամբ ընկավ ՀՀ կառավարության վտիտ ուսերին: Կարող եք հարց տալ՝ իսկ ի՞նչ է պատահել, կառավարությունը մեզ վա՞տ է զբաղեցնում: Չէի ասի՝ վատ է զբաղեցնում, բայց կառավարության զբաղեցրածը միշտ հղի է երկրի համար որեւէ վատ հետեւանքով: Մինչդեռ ԱԺ-ն ինչ էլ անում է, վատ հետեւանքներ չենք ունենում: Տարբերությունը սա է:

Հիմա ավելի առարկայական բացատրեմ: Կհամեմատե՞ք, արդյոք, աղի մասին օրենքը Քըլըչի եւ Ռուբինյանի պայմանավորվածության հետ, ըստ որի՝ երրորդ երկրների քաղաքացիները կարող են Հայաստանով անցնել Թուրքիա, իսկ Թուրքիայով՝ Հայաստան: Ի դեպ, աղի մասին օրենքն ավելի կարեւոր է մեզ համար, քան Քըլըչի եւ Ռուբինյանի պայմանավորվածությունը: Առաջինը, ծիծաղելի մասերը հանած, առողջապահական խնդիր է լուծում, իսկ, ահա, հայ-թուրքական հարաբերություններում այդ հսկա «առաջխաղացումը», ինչպես սիրում են ասել Քըլըչն ու Ռուբինյանը, մեզ համար հղի է լուրջ հետեւանքներով: Չենք կարող, չէ՞, բացառել, որ մի ահաբեկիչ, երրորդ երկրի քաղաքացու անվան տակ, կարող է Թուրքիայից անցնել Հայաստան ու ահաբեկչություններ անել: Մինչդեռ մենք ոչ մի շանս չունենք Թուրքիա ահաբեկիչ անցկացնելու: Ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ Թուրքիա գնալու համար նախ գա Հայաստան: Իմաստ չկա պարզապես: Թուրքիան է՛լ ծովով, է՛լ ցամաքով այնքան ազատ, ընդարձակ ու բանուկ մուտքեր ունի, որ ոչ մի ահաբեկիչ չի փորձի Հայաստանից բացված ծակի միջով անցնել Թուրքիա: Այնպես որ, Ռուբինյան ջան, 1:0 հօգուտ Քըլըչին:

Ես նկատել եմ, որ մեր կառավարությանը վերջին շրջանում չի հաջողվում ներքաղաքական ոլորտում այնպիսի բաներ անել, որ հանրությունը զարմանա կամ գոնե մի քանի օր որոճա Նիկոլի հերթական նոու-հաուն: Արդեն ամեն ինչ լսել ենք, ամեն ինչ գիտենք, տհաճ է նույնիսկ: Մարդը 2 ժամ շարունակ բյուջեի կատարողական է ներկայացնում, պատմում Արցախին տրված հսկայական գումարների մասին, թվեր, տոկոսներ… լսող չկա, ինքն ասում է, ինքն ուրախանում իր ասածների վրա: Չգիտեմ, գուցե նաեւ շոգից է, որ Նիկոլ Փաշինյանի նոր ու ավելի մեծ ստերը տպավորություն չեն թողնում հանրության վրա, բայց ինչ էլ լինի, հանրությանը եւ հատկապես սեփական ընտրազանգվածին պետք է մի բանով զբաղեցնել, այլապես լրիվ ձեռից կգնան:

Եվ ահա, կառավարությունը որոշել է, գոնե ինձ այդպես է թվում, արձակուրդի մեկնած խորհրդարանի կրկեսային ներկայացումները փոխարինել սեփական ներկայացումներով՝ դարձյալ կրկեսային, բայց արդեն միջազգային հարթակներում եւ արտաքին քաղաքականության ոլորտում:

Առաջին փորձը, կարելի է ասել, նույնիսկ վատը չէր: Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման մեծ ջատագով, Ֆրանսիայի մի քանի նախագահների լավ ընկեր ու բարեկամ, Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման մեջ մեծ ավանդ ունեցող, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին Հայաստանում «անցանկալի անձ» հռչակելու մասին է: Ի՞նչ վատ զբաղմունք է հանրության համար: Էն մի հատ Սուրեն Սուրենյանց կա՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, արդեն 8 հատ գրառում է արել այս թեմայով, 8-ն էլ՝ լուրջ: Թե բա՝ ՀՀ իշխանությունները նախ պետք է համապատասխան օրենք ընդունեին եւ հետո միայն դաշնակցական Մուրադ Փափազյանին հայտարարեին «անցանկալի անձ»:

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ձեւ չունեին, պիտի հայտարարեին, բայց ափսոս, որ համապատասխան օրենք չկա: Իսկական կրկեսը սկսվեց այն բանից հետո, երբ իշխանատակ եղած մամուլը փորձեց հանրությանը բացատրել, թե ինչու է ՀՀ կառավարությունը նման քայլի գնացել: Ամեն ինչից, իհարկե, երեւում էր, որ Նիկոլն է այդ քայլին գնացել, բայց Նիկոլի անունը չէին տալիս միտումնավոր: Այդպիսի մի կայք գրել էր, որ 2021թ․ հունիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, համայնքի մի խումբ դաշնակցականներ քարկոծել են Փաշինյանի ավտոշարասյունը: Եղբայր, ասենք՝ մի խումբ դաշնակցականներ քարկոծել են Փաշինյանին, հենց Մուրադ Փափազյանի՞ն պետք է հայտարարեիք պերսոնա նոն գրատա: Մի հատ էլ հաթաթա են տվել՝ թող սա դաս լինի մյուսների համար: Ի՞նչ դաս, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ մի լավ բան եք արել, որ մի հատ էլ ուզում եք, որ դաս լինի: Ամբողջ սփյուռքը փոթորկվել է այդ լուրից, Հայաստանն էլ այստեղ է եռում… չէի՞ք կարող ուրիշ զբաղմունք գտնել հանրության համար: Թքում-մրում են ձեզ, մեղադրում Թուրքիայի պահանջը կատարելու մեջ:

Ի դեպ, Փափազյանի մուտքը մեկ էլ Թուրքիա եւ Ադրբեջան է արգելված: Հայաստանը դարձավ երրորդ երկիրը, որ այս հարցում միացավ թուրք-ադրբեջանական տանդեմին: Սրանից էլ վատ հետեւա՞նք: