Երկարափեշ բանակ

Երկարափեշ բանակ

Հայաստանում խորհրդային տարիներին էլ, անկախության առաջին տարիներին էլ, բնակչության մեծամասնությունը թույլ սեռն է եղել: Պատերազմներից ու չդադարող արտագաղթից հետո՝ առավել եւս: Հայաստանում շատ է խոսվում կանանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, «Ազգ-բանակ» գաղափարով առաջնորդվելու մասին: Խոսվում ու բան չի արվում: Պիտի անել: Վերջին պատերազմից հետո՝ առավել եւս: Հենց այսօր պետք է սկսել աղջիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու նախապատրաստական աշխատանքները: Դյուրին գործ չէ: Բայց այսօր սկսենք, որ մի երկու տարուց ունենանք աղջիկների զինվորական ծառայության համար պայմաններ ու կազմակերպենք գեղեցիկ սեռի առաջին զորակոչը: 

Առաջինը, որ պետք է անենք մոռանանք «Մերն ուրիշ է» այլասերող արտահայտությունը: Մենք ուրիշ չենք, ուղղակի մեր երկրում չենք անում այն, ինչ անում ենք այլ երկրում: Դրա համար էլ աշխարհում, չկա մի երկիր, որտեղ կայացած, հեղինակություն վայելող հայ չլինի, իսկ Հայաստանում…դե գիտեք էլի: Մենք ուրիշ չենք ու մեր հոգսերը, ցավերն ու ողբերգությունը աչքներիս առաջ պիտի բանակ զորակոչենք աղջիկներին: Ինչպես մեր պատմության տարբեր հանգրվաններում, ցավը աչքի առաջ, հոգեւորականներին ամուսնանալ ենք արտոնել, որ չվերանանք: Մենք ուրիշ չենք: 

Այսօր աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրում աղջիկները պարտադիր զորակոչվում են բանակ:
1. Հյուսիսային Կորեա (Ասիա). աղջիկները ծառայում են 7 տարի
2. Նորվեգիա (Եվրոպա). աղջիկները ծառայում են 1,5 տարի
3. Մյանմա (Ասիա). աղջիկները ծառայում են 2-3 տարի
4. Էրիթրիա (Աֆրիկա). աղջիկները ծառայում են 1,5 տարի
5. Իսրայել (Ասիա). աղջիկները ծառայում են 2 տարի

Օրենքով կանանց պարտադիր զորակոչ է սահմանված նաեւ Պերուում, Չինաստանում, Բենինում, Մալազիայում եւ այլ երկրներում: Ամեն երկիր, սեփական պատճառներն ու առանձնահատկություններն ունի: Օրինակ Չինաստանում այնքան է աճել բանակում ծառայելու ցանկություն ունեցող աղջիկների թիվը, որ պետությունն ընտրության հնարավորություն ունի եւ օգտվում է դրանից՝ ոչ բոլոր աղջիկներին է բանակ զորակոչում:
Թուրքիայի եւ Իրաքի դեմ պայքարող քրդական ռազմական միավորումների մարտիկների 30 տոկոսը կանայք են: 2018 թվականի տվյալով, այս միավորումներում 25 հազար կին կա: Ոմանք՝ ամուսինների հետ են:

Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է, անգամ տղաներից ոչ բոլորն են ցանկանում ծառայել, խրոխտ ու անվախ են միայն վիրտուալ տիրույթում: Վստահաբար պնդում եմ՝ «Ազգ-բանակ» գաղափարի ճիշտ ձեւակերպումն ու իրագործումը կօգնի շատ հարցեր լուծել, «Ազգ-բանակ» գաղափարի բաղադրիչ պիտի դառնա աղջիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելը: Ի վերջո, կառավարման տեսության դասական բանաձեւ կա. մի սենյակում չնստեցնել բացառապես կանանց, որ տրվեն բամբասանքներին ու գործ չանեն, չնստեցնել բացառապես տղամարդկանց, որ տրվեն ֆուտբոլ-մեքենա-ծտեր խոսակցություններին ու գործ չանեն: Մի սենյակում պետք է լինեն երկու սեռի ներկայացուցիչներ: Այս «խառնուրդը» ցանկալի արդյունք կապահովի: Մետաղագիտությունից էլ հայտնի է, որ համաձուլվածքը՝ խառնուրդը, որակական հատկանիշներով գերազանցում է իր բաղադրիչներին: Հիմա մեզ հենց նման «խառնուրդներ» են պետք: Առաջին հերթին՝ բանակում:

Արամ Զաքարյան

Հ.Գ.-1 Երկու դուստր ունեմ: Եթե ամեն ինչ արվի իմ նշած ժամկետներում, կրտսերս 2024 թվականին՝ 18 տարեկանում, կգնա բանակ:
Հ.Գ.-2 Լուսանկարը վերցված է համացանցից