Կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը

Կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը սեպտեմբերի 1-ից փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում: Նախօրեին ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ փորձարկվելու է  նաեւ ֆինանսավորման կարգը։ 

«Փոփոխելով գնահատման ձեւերը եւ տարրական մակարդակում հրաժարվելով  միավորային գնահատումից՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու ուսուցիչների  աշխատանքի կառուցվածքը, դրույքաչափը»,- ասել է նա ու ընդգծել, որ Տավուշի մարզում  հանրակրթության պետական չափորոշիչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի  փորձարկման ժամանակ կփորձարկվի նաեւ ֆինանսական բաղադրիչը:

«Տարրական դասարաններում, որտեղ ոչ միավորային գնահատում է, առաջարկում ենք  ուսուցչի աշխատաժամանակի հետեւյալ կառուցվածքը՝ շաբաթական 18 դասաժամ եւ 4  ժամ՝ գնահատման համար, որը վճարվելու է, իսկ միջին եւ ավագ դպրոցում, որտեղ լինելու է  միավորային գնահատում՝ 20 դասաժամ եւ 2 ժամ՝ գնահատման համար: Բացի դրանից, դպրոցները ֆինանսավորվելու են առավելագույն ժամաքանակով, որն ուսումնական հաստատությանը թույլ կտա ֆինանսավորել նաեւ խմբակները, այդ թվում՝ առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման»:

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետեւ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվեցին նաեւ առարկայական բոլոր չափորոշիչները: Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում, որտեղ արդեն մեկնարկել է վերապատրաստումների փուլը։