Ի՞նչ է քննարկել Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ

 Ի՞նչ է քննարկել Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ

«Ուզում եմ առիթն օգտագործել և մեր շնորհակալությունը հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնին տրամադրված աջակցության համար: Տիկին նախարար, անչափ ուրախ եմ Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում: Սա ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահ ասել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման և նոր ծրագրերի նախանշման համար»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք լիահույս ենք շարունակել այս ոլորտում համագործակցությունը ևս:  Մեր հանդիպման ժամանակ կարևորել ենք Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական  համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և մեզ համար մեծ կարևորություն ունեցող հարցերում համերաշխությունը: Այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ  փոխհամագործակցությանը, քննարկել ենք Հայաստան- ԵՄ շրջանակներում մեր համագործակցությունը: Այստեղ ևս համագործակցություների շրջանակը լայն է, ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումներից միչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն: Այսօրվա քննարկման առանցքում, բնականաբար, եղել է նաև ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ահագնացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամսից ավելի շարունակվող արգելափակամ հետևանքով»,- ասել է Միրզոյանը։