ՀԱՊԿ արագ արձագանքը

ՀԱՊԿ արագ արձագանքը

«Российская газета»-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից մինչեւ  20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը Ղրղզստանը եւ Տաջիկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զորավարժարանում:

Ինչպես թերթին տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Վլադիսլավ Շեդրիկովիչը, զորավարժությունների նպատակն այն է, որպեսզի «զինվորականները կարողանային մշակել Կովկասյան տարածաշրջանում սահմանային կոնֆլիկտի լոկալացման համատեղ գործողության նյութա-տեխնիկական ապահովման հարցերը»: Այս տեղեկատվությունը Բաքվում  հասկացել են, որպես «Ադրբեջանի դեմ ՀԱՊԿ համատեղ զորավարժություն»: Խնդիրը, մինչդեռ, ավելի նուրբ է: Եթե զորավարժությունները հետապնդում են Կովկասյան տարածաշրջանում սահմանային կոնֆլիկտը լոկալացնելու համատեղ գործողության նյութա-տեխնիկական ապահովման հարցերը մշակելու նպատակ, ուրեմն բուն գործողության սցենարն արդեն իսկ ծրագրավորված է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մակարդակով:

Իսկ դա արդեն ռազմականից զատ քաղաքական հստակ ուղերձ է: Ամենեւին էլ պատահական չէ, որ ՀԱՊԿ զորավարժությունները տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններից գրեթե անմիջապես հետո: Դա նշանակում է, որ Կենտրոնական Ասիայի երկու թյուրքախոս երկրներ՝ Ղազախստանը եւ Ղրղզստանը, քաղաքական առումով չեն միանում թուրք-ադրբեջանական տանդեմին: Կարեւոր է նաեւ Բելառուսի դիրքորոշումը: Հիշեցնենք, որ տավուշյան ագրեսիայից առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան՝ Հայաստանը:

Երեւում է, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները թուրք-ադրբեջանական ռազմական ծրագրավորումները նաեւ սեփական անվտանգությանն են սպառնալիք ընկալում: Այլ պարագայում հազիվ թե թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին ՀԱՊԿ-ի հայելային պատասխանն այդքան արագ եւ կոնսոլիդացված լիներ: