Ի՜նչ ժողովրդավարություն առանց կեղծիքի

Ի՜նչ ժողովրդավարություն առանց կեղծիքի

Արցախյան առաջին պատերազմից հետո վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարությունը սկիզբ դրեց տարեցտարի աննախադեպ աճող և նախկինից ավելի մեծ բյուջե ունենալու ավանդույթին: Բայց դա նորմալ էր և բնական, քանի որ հաղթական պատերազմից հետո պետությունը սկսում է արագ տեմպերով զարգանալ: Եվ կարճ ժամանակ անց այդ զարգացումը վերածվում է ավանդույթի՝ եթե, իհարկե, երկիրը չի բախվում որևէ ֆորսմաժորային խոչընդոտի: Ասվածը ճշմարիտ է ոչ միայն հաղթական պատերազմի, այլև պարտության դեպքում՝ եթե երկրում իրականացվում է ճիշտ կառավարում: Դրա տիպիկ օրինակը Գերմանիան է, որը, չնայած կապիտուլյացիային, հսկայական զարգացում է ապրել հետպատերազմյան շրջանում:

Հայաստանը ևս պարտվել է 44-օրյայում, բայց, ի տարբերություն նախորդ օրինակի, պատերազմը ավերածություններ չի գործել ՀՀ սուվերեն տարածքում: Ինչը նշանակում է, որ ելքային առումով Հայաստանն ավելի բարենպաստ վիճակում է, քան Գերմանիան էր 1945 թվականին: Եվ եթե երկիրն ունենար ադեկվատ ու պատասխանատու իշխանություն, ապա տարեցտարի երկրի բյուջեն կլիներ «երբևէ եղած ամենամեծը»: Ավելին, ՀՆԱ-ի և դրանից ածանցված՝ բյուջեի աճը կդրսևորվեր երկնիշ ցուցանիշներով՝ ինչպես առկա էր ՀՀ երկրորդ նախագահի օրոք: Այնպես որ «երբևէ եղած ամենամեծ» բյուջեի գովքն անելուց առաջ լավ կլիներ, եթե իշխանությունն առաջնորդվեր ոչ թե պոպուլիզմով, այլ, ինչպես ասացի, ադեկվատությամբ:  

Իսկ որպեսզի գործող իշխանությունը բնութագրվի ադեկվատ, ապա դրա ղեկավարն, օրինակ, պետք է հրաժարվի հրթիռների պլատաների գողության մասին հայտարարությունից, հատկապես որ առաջին անգամ դա բարձրաձայնվել է 2019-ին: Ինչին անմիջապես հետևել է դատախազության կողմից համապատասխան քրեական գործի հարուցումը: Իսկ այնուհետև, քանի որ դա նույն կինոյից էր, ինչ քաղաքում սատանա բռնելու պահանջը, առանց ավելորդ աղմուկի կասեցվել է: Եվ երեք տարի անց ՀՀ վարչապետի պաշտոնը նազարավարի զբաղեցրած անձը կրկին վերհիշում է նախապատերազմյան քրեական գործը և նոր հայտարարությամբ դա կապում է պատերազմի հետ:

«Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռներից կարող ա պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»՝ ահա նրա հայտարարությունը Հակակոռուպցիոն կոմիտեում: Այսպիսի իշխանությունն ինչպե՞ս կարող է բնութագրվել որպես ադեկվատ: 

Եվ քանի որ վարչապետն է այդպիսին, ապա ինչպիսին կարող էր լինել նրա կողմից նշանակված ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Վերջինս ներկայացնում է ս. թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեր դիրքային կորուստներն առանց որևէ կոնկրետ տվյալ հրապարակելու: Կարծես թե «դիրք» կոչված երևույթն անհաշվելի գոյական է՝ ինչն առկա է հայերենում կամ, ասենք, անգլերենում, և թվական որոշիչ ունենալ չի կարող: Բայց գեներալ մարդը դրանով չբավարարվելով՝ նաև ապատեղեկատվություն է հրապարակում՝ ենթադրաբար իր ղեկավարած կառույցը դրականորեն ներկայացնելու ցանկությունից դրդված: Խնդրեմ՝ «հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել…»: Խոսքը Ջերմուկին կից դիրքերի մասին է: Դրան, որպես պատասխան, անմիջապես հետևում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղյակ չէ օպերատիվ իրավիճակից, փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել իրենց նախկին դիրքերում»: 

Իհարկե, կարող էր այնպես պատահել, որ սուտ խոսեր ոչ թե պարոն գեներալը, այլ մեր թշնամին: Ինչը կթվար նորմալ և բնական: Բայց գեներալին չի հավատում նույնիսկ ամերիկյան հարկատուների գումարներով գոյատևող տեղեկատվականը և ջերմուկցիներից ճշտում է, որ «այդօրվա տվյալներով ադրբեջանցիները դեռ բլուրի վրա են»: Նույնիսկ ԱՄՆ 40-րդ նախագահ Դոնալդ Ռեյգանի կողմից «չարիքի կայսրություն» անվանված խորհրդային երկրում պատերազմի ժամանակ տեղեկատվությունը չէր կեղծվում՝ որքան էլ այն տհաճ լիներ: Իսկ «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակ երկրում գլխավոր շտաբի պետի մակարդակով հասարակությանը մատուցվում է կեղծ տեղեկատվություն: Չնայած Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք կեղծիքն ու սուտն առօրեական երեւույթներ են: