Զարուհի Բաթոյանը չի կանչվել բացատրություն կամ ցուցմունք տալու

Զարուհի Բաթոյանը չի կանչվել բացատրություն կամ ցուցմունք տալու

Մամուլը հայտնել էր, որ ՀՀ կառավարության 2019 թ․ որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով սոցապնախարարությանը հատկացվել է գումար, հայտարարվել մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն է հաղթել, սակայն գումարները հետագայում անհայտ ուղղությամբ են գնացել: Մինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է տարեցների համար պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, իրավապահները ստուգումներ են իրականացրել եւ բացահայտել, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գներով:

Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի: Իսկ 2019 թվականին սոցապնախարար էր այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Մենք նրան հարց ուղղեցինք՝ կանչվե՞լ է այս գործով բացատրություն տալու։ «Ոչ»,- ասաց Զարուհի Բաթոյանը։ Իսկ ի՞նչ մեկնաբանություն ունի տարածված լուրերի վերաբերյալ։ «Չունեմ մեկնաբանություն»,-ասաց նա։ Իր պաշտոնավարման ժամանակ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը` յուրացումները, կարո՞ղ էր նախարարը բանից անտեղյակ լինել, իր ենթակաների գործունեությունը չվերահսկել։ Լավ, ի վերջո, կասկածներ չի՞ ունեցել, հարցեր չի՞ ունեցել։ «Իհարկե, չեմ ունեցել կասկածներ, իսկ թե կարող էին անել, թե ոչ, քննությունը, հուսով եմ, ցույց կտա»,- ասաց նախկին նախարարը։

Պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են կալանքի տակ, ի՞ր կողմից են նշանավել, թե՞ նախկինների։ «Ոչ։ Կամ՝ հիմա չեմ կարող հիշել։ Այսինքն, պիտի որ՝ չէ»,- այս հարցին էլ այսպիսի պատասխան ստացանք։ Իսկ որ մեղադրյալներից պահանջվում է ցուցմունք տալ փոխնախարարի ու նախարարի դե՞մ։ «Չէ, չունեմ մեկնաբանություն»։ Զարուհի Բաթոյանը՝ ինքը, քննությանը հայտնելու որեւէ բան չունի՞։ Լռություն։

Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ այս ծրագիրը եղել է միջոցառում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց` ապաինստիտուցիոնալ անձանց, այսինքն, նրանց՝ հաստատություններից դուրս բերելուն եւ ընտանեկան միջավայրում ապրելուն ուղղված ծրագիր է եղել, որը հիմա էլ ընթանում է։

«Գնում էր, որի արդյունքում պետք է լիներ էդ ծրագիրը, այսինքն՝ անձանց տան վերանորոգում, տեղավորում եւ այլն։ Ծրագիրը, որպես էդպիսին, ուրիշ կոմպոնենտ չուներ եւ գնում է։ Հիմա խնդիրը, որքան գիտեմ, գնումների մեջ է եղել, գնման գործընթացի հետ կապված։ Եվ էդ ժամանակ ես, բնականաբար, որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ եղել»,- ասաց Բաթոյանը։ Ըստ նախկին սոցապնախարարի, նման հարցերով ստեղծվում է հանձնաժողով, որն իրականացնում է այդ աշխատանքները՝ օրենքին համապատասխան։ «Այսինքն՝ տեխնիկական մասերին ես տեղյակ չեմ»,- հայտարարեց պատգամավորը։

Նշենք, որ այս ծրագրով գնումների մրցույթներն իրականացվել են 2019-ի վերջին՝ նախաքովիդյան շրջանում։ Զարուհի Բաթոյանն անգամ հիշեց, որ 2019-ին ունեին խնայողություններ եւ այդ ընթացքում կառավարությունից ստացել են առաջարկ, որպեսզի գումարներ հատկացվեն հաշմանդամների տների ձեռքբերման համար։