Իրավիճակը Երասխում, իրավիճակը...

Իրավիճակը Երասխում, իրավիճակը...

Մեր երկիրն այսօր նմանվում է 2 կողմից ռազմաճակատ ունեցող պատերազմող պետության: ԶԼՄ-ները հաղորդագրություններ են հրապարակում իրավիճակի մասին Երասխում, Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում: Սա այն ապագան է, որ խոստանում էր Նիկոլը քարոզարշավի ընթացքում: Այդ ապագան երկար սպասեցնել չտվեց իրեն, ու պարզվեց, որ այն դժգույն է եւ դժբախտ: Այն սպանված կամ գերեվարված ու վիրավոր զինվորի ու համայնքապետի տեսք ունի: Այն առեւանգված ու ետ բերված կամ ետ չբերված անասունի ու տեխնիկայի տեսք ունի: Այն մեր պետության նկատմամբ ցինիկ ու նվաստացնող հայտարարության ու դրան ի պատասխան՝ խեղճուկրակ արձագանքի տեսք ունի: Այն սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ առյուծի կաթ խմած անհաղթ հերոսի, իսկ թշնամու առումով վախվորած նապաստակի տեսք ունի: Այն մեկ տարի առաջ «Մարտական խաչ» շքանշանի համատարած բաժանման, իսկ դրանից 4 ամիս անց նվաստացված Նիկոլի տեսք ունի: Այն…

Ավելի քան 4 դար առաջ համարյա թե համանման իրավիճակ էր ստեղծվել Ռուսաստանում, ինչը հայտնի է որպես Խառնակ ժամանակ (Смутное время): Իվան Դ Ահեղի մահից հետո խորհրդավոր հանգամանքներում սպանվում է նրա կրտսեր որդի Դմիտրին, ինչը հանգեցնում է ռուսական գահի նկատմամբ 3 կեղծ Դմիտրիների հայտնվելուն, ռուս-լեհական եւ ռուս-շվեդական բախումներին, ապստամբություններին, ղրիմյան թաթարների ասպատակություններին եւ, որպես հակազդեցություն, ռուսական երկու աշխարհազորի կազմավորմանը: Ինչը, ի վերջո, ավարտվում է Միխայիլ Ռոմանովի թագադրմամբ եւ որոշ ժամանակ անց անկարգությունների հաղթահարմամբ: Մոտավորապես այդպիսի վիճակ է այսօր Հայաստանում: Երկիրը ղեկավարում է պատերազմում պարտություն կրած եւ այդ պարտությամբ հպարտացող անձը, Ադրբեջանը մուտք է գործել Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներ, օրական կտրվածքով սադրանքներ է հարուցում Տավուշում եւ Նախիջեւանի կողմից: 

Պատերազմի օրերին «շշկռված գերագույն գլխավորը» աշխարհազոր ձեւավորելու կոչ արեց, ինչը քաոսային վիճակ ստեղծեց Արցախում: Փաստաբաններից մեկն էլ առաջարկել էր աշխարհազոր կազմավորել Երասխը պաշտպանելու նպատակով: Եթե իշխանությունն ի զորու չէ պաշտպանել երկրի սահմանները, ապա վաղ թե ուշ այդ գործառույթն իրականացնելու է հենց աշխարհազորը: Հատկապես որ վաղուցվանից Սյունիքի բնակավայրերի սահմաններին հերթապահություն է անում ազգաբնակչությունը: Չի բացառվում նաեւ այն, որ վաղը աշխարհազորը ստիպված լինի պաշտպանել նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը թշնամական գործակալներից եւ ներքին թշնամիներից: