Նիկոլ Փաշինյանը պետք է բաց խոսի ժողովրդի հետ

Նիկոլ Փաշինյանը պետք է բաց խոսի ժողովրդի հետ

Գնալով սրվում է իրավիճակը Հայաստանի սահմաններին, իսկ մարդիկ լիարժեք, հավաստի տեղեկատվության չեն տիրապետում։ Իշխանությունները նորից լռում են, իսկ տարբեր վերլուծաբան-փորձագետներ իրենց տենդենցիոզ հայտարարություններով էլ ավելի են սրում իրավիճակը։ Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ պարզ խոսի՝ մանրամասն նկարագրելով իրավիճակը։ Սա աբսուրդ է, երբ մեր սահմանների գրեթե ողջ երկայնքով մարտական գործողություններ են ծավալվում, իսկ իշխանությունը լռում է կամ ինչ-որ անհասկանալի հայտարարություն անում, թե Ադրբեջանը փորձում է պատերազմ հրահրել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

Ինչպե՞ս կարելի է խաղաղություն հաստատել, երբ հակառակորդն առանց որեւէ պատճառի կրակահերթեր է արձակում քո դիրքերի ուղղությամբ եւ զինվորներ գերեվարում, իսկ եթե կան պատճառներ, ուրեմն պետք է բոլորն իմանան, թե որն է խնդիրը։ Տեսությունները, թե թուրքը մնում է թուրք եւ միշտ պետք է կրակի, կամ նրանք ցանկանում են Սյունիքը գրավել, քարոզչական բնույթի դատարկ ճառեր են, իսկ իրական պատճառների մասին ժողովուրդը տեղեկացված չէ, եւ դա կարող է լուրջ խժդժությունների տեղիք տալ։ Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է իր բարձր վարկանիշի վրա, նշանակում է՝ նա հիմա իր քաղաքական կարիերայի ամենամեծ սխալը թույլ տալու ճանապարհին է։

Ժողովուրդը նորից վստահության քվե տվեց Նիկոլ Փաշինյանին՝ ելնելով առաջին հերթին նրանից, որ Փաշինյանը կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ եւ կոնֆլիկտը ժառանգել է նախկիններից, իսկ հիմա ինքն արդեն լիարժեք ներգրավված է այդ խնդրում, եւ եթե իրավիճակն այնպիսին է, որ ստիպված  է զիջումների գնալ, ապա անպայման հարկավոր է մարդկանց ներկայացնել ողջ եղելությունը։ Հասկանալի է, որ բանակցային գործընթացի ժամանակ որոշակի գաղտնիություն է անհրաժեշտ, բայց եթե Ռուսաստանի նախագահը բաց հայտարարում է, որ ցավոտ որոշումներ պետք է կայացնեն ՀՀ իշխանությունները, Հայաստանի ժողովուրդը պետք է տեղեկացված լինի դրանց մասին։ Այլեւս հնարավոր չէ նկուղներում փաստաթղթեր ստորագրել եւ հետին թվով փորձել արդարացնել, այս անգամ դա չի աշխատելու։ 

Ժողովուրդը պետք է տեղեկանա, թե ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, ինչ սահմանազատման եւ ինչ տարբերակներ ունի Հայաստանը։ Թե մեր դաշնակիցների տեսակետը որն է այդ հարցում, եւ կարո՞ղ ենք առանց դաշնակիցների կարծիքը հաշվի առնելու կատարել քայլեր։ Հիմա ամեն ինչ շատ նման է վիճակախաղի, եւ կողմերը կարծես հետեւում են, թե ժողովուրդն ում կհավատա՝ նրա՞ն, ով փորձում է բոլորին համոզել, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, եւ ռուսները թուրքերի  հետ պայմանավորված՝ փորձում են Հայաստանը մասնատե՞լ, թե՞ նրան, ով հայտարարում է, որ ամեն ինչում Արեւմուտքն է մեղավոր, եւ Սորոսի միջոցով փորձում են հայ ազգին ոչնչացնել, իսկ Ռուսաստանը փորձում է մեզ փրկել, բայց Նիկոլը թույլ չի տալիս։ 2 տարբերակն էլ կատարյալ տխմարություն է՝ բոլոր կողմերն էլ ունեն եւ իրենց շահերն ու հետաքրքրությունները տարածաշրջանում։ 

Օրերս մի նախկին պաշտոնյա էր հեռուստատեսությամբ մենախոսում, որը սերտորեն աշխատում է արեւմտյան կառույցների հետ։ Նա փորձում էր համոզել, որ քանզի Արեւմուտքը լռեց 44 օր՝ դավաճանեց հայ ազգին, հիմա գումարներ տալով՝ փորձում է մեղքերը քավել։ Ռուսատյաց մեկն էլ գրեթե նույն թեզերը Ռուսաստանի մասին է արտահայտում՝ փորձելով համոզել բոլորին, որ տեսա՞ք, թե ինպես Ռուսաստանը մի կողմ քաշվեց պատերազմի ժամանակ, դա նշանակում է, որ ռուսները պայմանավորվել էին ադրբեջանցիների ու թուրքերի հետ եւ սառնասրտորեն թույլ տվեցին, որ հայերը ջախջախիչ պարտություն կրեն։

Այս ծերունական բամբասանքները քայքայում են մեր հասարակությունը եւ մարդկանց դարձրել են խելագար, ու մարդիկ պարզապես կույր ատելությամբ են լցվում կա՛մ ռուսների նկատմամբ, կա՛մ Արեւմուտքի։ Իսկ գուցե մենք ինչ-որ բան սխա՞լ ենք անում, այլապես ինչպես կարող է պատահել, որ մեզ միշտ դավաճանեն։ Հայաստանը փոքր պետություն է՝ շրջապատված իսլամական պետություններով եւ իր 2 հարեւանների հետ էլ գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ, հետեւաբար՝ մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք թշնամանալու ո՛չ Արեւմուտքի հետ, ո՛չ Ռուսաստանի, դա մեզ համար կործանում կնշանակի։ Եթե ինչ-որ մեկը դա չի գիտակցում, ապա նրան եթեր տրամադրելը նպատակահարմար չէ։ Մենք ստիպված ենք  բոլորի հետ աշխատել, բոլորի կարծիքի հետ հաշվի նստել եւ շնորհակալ լինել մեր օգտին ասված ամեն մի խոսքի համար, իսկ երբ մեզ կշտամբում են՝ իրավունք չունենք երեխայի նման նեղանալու, պետք է խոսենք, բացատրենք, համոզենք, որ նոր թշնամիներ չվաստակենք։ Եկեք մեզ չխաբենք ու չփորձենք մեր ցնդած երազանքների ձախողման համար այլոց մեղադրել՝ հատկապես Արեւմուտքին եւ Ռուսաստանին։ 

Իսկ թշնամանք կլիներ, եթե Արեւմուտքը հայտարարեր, որ լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ լուրջ պատժամիջոցներ մտցներ Հայաստանի նկատմամբ եւ Թուրքիային էլ քարտ բլանշ տար, որ բացահայտ ներգրավվի կոնֆլիկտի մեջ։ Այդ ժամանակ կտեսնեինք, թե ինչ է նշանակում Արեւմուտքից աջակցություն չունենալը։ Նույնը կարող էր անել Ռուսաստանը՝ ոչ մի փամփուշտ չտար եւ պատերազմից, ցրտից ու մթից փախչող հայերին էլ չընդուներ իր երկիր։ 2 միլիոնից ավելի հայեր են ապրում Ռուսաստանում եւ աշխատում, ի՞նչ եք կարծում՝ չի՞ կարող Ռուսաստանը մեկ ժամում դադարեցնել այդ ամենը։ Թե՞ կարծում եք՝ Ռուսաստանում բոլոր  շինարարությունները կկանգնեն։

Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս կոնֆլիկտում, երբեմն անգամ մեզ է պաշտպանում եւ դա այն պայմաններում, երբ Ռուսաստանում մոտ 30 միլիոն թաթար, թուրք եւ ազերի է ապրում։ Կարելի է անվերջ ապերախտ տեսություններ զարգացնել, թե ռուսներն իրենց շահի համար են անում, իսկ Արեւմուտքն իր դեմքն է փրկում եւ ցանկանում է տարածաշրջան մտնել։ Ռուսաստանը հազարավոր խնդիրներ ունի, ինչպե՞ս կարելի է դժգոհել, որ ռուսներն Արցախը մեզ չեն տալիս, ի՞նչ է նրանցից կախված։ Նմանատիպ հազարավոր օրինակներ կարելի է բերել Եվրոպայից՝ բազմաթիվ հարցերում նրանք իրենց շահերն անգամ չեն կարողանում պաշտպանել, բայց հումանիզմից դրդված եւ հարգելով իրենց արժեքները՝ փորձում են մեզ ինչ-որ հարցերում աջակցել, իսկ մենք շարունակ վատաբանում ենք եվրոպացիներին եւ պահանջներ ներկայացնում։ 

Աշխարհը ո՛չ հիացած է հայերով, ո՛չ էլ փորձում է ոչնչացնել հայերին, աշխարհը երբեք մեր աչքերով չի նայելու իրադարձություններին, եւ եթե որեւէ մեկը սպասում է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան Ադրբեջանը կռմբակոծեն, իսկ ԱՄՆ-ն Թուրքիային շարքից կհանի՝ հանուն Հայաստանի, դա պարզապես ցնորք է։ Աշխարհում բազմաթիվ պրոցեսներ են ընթանում, շատ փխրուն աշխարհակարգ է ձեւավորվել՝ հիմնված կոմպրոմիսների, երբեմն էլ ցավոտ լուծումների վրա, ու երբ ինչ-որ խնդիր է ծագում, զուգահեռաբար առաջ են գալիս բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է հաշվի առնել այդ խնդիրը լուծելիս։

Հետեւաբար, խոշոր խաղացողները միշտ գործ ունեն այս կամ այն կողմի շահերի պաշտպանության, բայց միեւնույն ժամանակ նաեւ այդ նույն կողմի շահերի մասնակի ոտնահարման հետ, եւ մենք պետք է հոգեբանորեն տեղավորվենք այդ բարդ մեխանիզմների մեջ։ Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանը բոլորի համար ընդամենը պատմություն է, ինչպեսեւ՝ Հին Հռոմը, Արաբական խալիֆայությունը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական իմպերիան, Նապոլեոնի Ֆրանսիան, եւ երբ որոշումներ են կայացվում Հայաստանին վերաբերող հարցերով, որոշում կայացնողները չեն կարող անտեսել Թուրքիային կամ Ադրբեջանին՝ ելնելով մեր պատմության դասագրքերում զետեղված նկարագրություններից։ Փորձենք նայել իրականության աչքերին եւ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել այս իրավիճակում, հենց այս պահին, եւ ինչ աջակցություն կարող ենք ակնկալել այլ պետություններից։

Փորձենք իրատեսական ծրագրեր կազմել եւ նոր ֆորմատով առաջ շարժվել՝ առանց այլոց վրա մեղքը բարդելու։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք մեզ ոչինչ պարտք չէ, բոլորը մեզ ավելի շատ տվել են, քան մեզնից ստացել, եւ անընդհատ զոհի ու հալածվածի դիմակի տակ թաքնվելով, մեր հարցերի հայանպաստ կարգավորման չենք հասնելու։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ բաց խոսի, դրանից հետո թող ժողովուրդը որոշի, թե որ ուղղությամբ ենք շարժվում, եւ ժողովուրդը թող պատասխանատվություն վերցնի իր վրա՝ պետության ապագայի համար, ինչպես հասուն մարդն է որոշումներ կայացնում եւ դրանց համար պատասխանատվություն կրում

Պողոս Պողոսյան