Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները եւս կատեստավորվեն

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները եւս կատեստավորվեն

2023-ից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական եւ համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձեւերի, ինչպես նաեւ արվեստի եւ երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջո եւ երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները: Ատեստավորմանն այս տարվանից կարող է մասնակցել նաեւ որեւէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող եւ մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որեւէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ, 2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ պետական եւ համայնքային մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ըստ այդմ՝ սահմանվել է ամրագրված լրավճար հետեւյալ տրամաբանությամբ․ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 հազար 300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, հարկերը եւ տուրքերը հանած՝ 100 հազար դրամ: Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 հազար 500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, հարկերը եւ տուրքերը հանած՝ 80 հազար դրամ: Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 հազար 600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, հարկերը եւ տուրքերը հանած՝ 60 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս փուլում ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ. ոլորտի աշխատողների շուրջ 30 տոկոսը հնարավորություն կունենա մասնակցելու կամավոր ատեստավորմանը եւ ստանալու համապատասխան լրավճար:
Նախատեսվում է, որ դիմումների ընդունումը կմեկնարկի մարտի 15-ից՝ էլեկտրոնային եղանակով:

Այդ ժամկետում պատրաստ կլինեն նաեւ ուղեցույցները, որոնք մասնագետներին պատկերացում կտան թեստերի կառուցվածքի եւ դրանց կազմման տրամաբանության, առաջադրանքների նմուշների վերաբերյալ: ԳԹԿ-ն համապատասխան մասնագիտական բուհերի հետ զուգահեռ իրականացրել է թեստերի մշակման աշխատանքները: Ատեստավորման գործընթացը, համաձայն նախնական ժամանակացույցի, նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը, իսկ ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաեւ ապրիլի համար: