Ոչ միայն մեխի գլուխ…

Ոչ միայն մեխի գլուխ…

Նիկոլի ընտանիքին պատկանող թերթի «հավաստի աղբյուրը» ոչ միայն «մեխի գլուխ» է, ինչպես նրան անվանել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, այլեւ… Դա հստակ երեւաց երեկ այդ թերթում հրապարակված «հավաստի աղբյուրի» մի հոդվածից, որտեղ խոսվում էր այն մասին, թե ինչ է ուզում Ռուսաստանը մեզնից: «Հավաստի աղբյուրը» պնդում էր, որ Այսրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը միտված է մեկ բանի՝ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս դաշինքին միացնելուն, ինչի համար Մոսկվան օգտագործում է ադրբեջանական, որոշ չափով էլ՝ Հայաստանում տեղակայված սեփական զորքը: Ուրիշ հետաքրքիր բաներ էլ կան խնդրո առարկա հոդվածում: Նիկոլի ընտանիքին պատկանող թերթի, հետեւաբար նաեւ՝ Նիկոլի «հավաստի աղբյուրը» 44-օրյա պատերազմի մեղավոր է նշանակում Ռուսաստանին՝ պատերազմը համարելով մեր տարածաշրջանում վերջինիս դիմագրաված դժվարությունների արդյունք: Եվս մի հետաքրքիր դրվագ կա այդ հոդվածում, որ մեզ պատմում է Հայաստանով անցնող «միջանցքի» մասին:

Ըստ «հավաստի աղբյուրի», Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ այդ միջանցքն անպայման լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո: «Աղբյուրն» ասում է՝ այլապես Ադրբեջանը կարող է Նախիջեւան անցնել նաեւ Իրանով: Այս երեք դրվագները բավական են հստակ արձանագրելու համար, որ Նիկոլի ընտանիքի թերթի հավաստի աղբյուրը, իսկ որ նույն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլը, հակառուսական հիստերիա է սանձազերծում Հայաստանում, ինչը չլսված բան է հետխորհրդային շրջանում հայ-ռուսական համագործակցության պատմության մեջ: Ռուսաստանից արդեն հասցրել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվող հոդվածաշարի՝ Ռուսաստանին վերաբերող հատվածը հիմարություն որակել (ՌԴ նախագահի խոսնակ), ինչի հետ մենք լիովին համաձայն ենք մի քանի պատճառներով, բայց հատկապես այն դրվագների, որոնց մասին խոսեցինք վերեւում:

Եվ այսպես՝ Ռուսաստանը, իբր, մեզ ստիպում է մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը: Հարց՝ ինչո՞ւ: Մենք հո գիտենք, թե ինչպես է Ռուսաստանը վարվում իր համար կենսական նշանակություն ունեցող տարածքների հետ՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ, Դոնբաս, Լուգանսկ, Խերսոն… Մի թեթեւ հանրաքվե Հայաստանում, եւ կանաչ խիյարի այս պատմությունը կավարտվեր: Պարզ է, չէ՞, թե ինչպես կքվեարկեին Նիկոլն ու իր 680 հազար ոչխարները, եթե ռուսները երաշխավորեին, որ Նիկոլը կշարունակի ղեկավարել Հայաստանը որպես Հայաստանի գուբերնատոր: Բա չէ, հավես կա՝ է՛լ պատերազմ կազմակերպել, է՛լ փող ծախսել… Ռուսաստանին պե՞տք էր էս էշի հարսանիքը՝ ես չեմ կարողանում հասկանալ:

Թե բա՝ Ռուսաստանին Հայաստանով անցնող այնպիսի միջանցք է պետք, որ ինքը վերահսկի: Շատ բարի: Իսկ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից 2 տարի անց այդ միջանցքը չկա: Բոլորն ուզում են, կարծես, որ այդպիսի միջանցք լինի՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը… Վստահ եմ՝ դրան դեմ չեն նաեւ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Իսրայելը, էլ ո՞վ մնաց՝ Բուրկինա Ֆասոն, Մադագասկարը, Հոնդուրասը: Ինչո՞ւ մինչ օրս չի բացվել այդ միջանցքը, հարգելի «հավաստի աղբյուր»: Հո էշ-էշ դուրս տալով ու Նիկոլին շփոթեցնելով չի՞, արա:

Թվում էր՝ Նիկոլի ընտանիքին պատկանող թերթում այս հակառուսական հոդվածի հրապարակումից հետո Ազգային ժողովրդավարական բեւեռի հանճարեղ առաջնորդները պետք է արդեն փողոցում լինեին ու պատառոտեին Ռուսաստանի դրոշը: Բայց՝ ոչ: Հավանաբար, նրանք էլ են հասկանում, որ ՀԺ-ի հրապարակումը Ռուսաստանի մասին ոչ թե այդ երկրի վարած արտաքին քաղաքականության վերլուծություն է, այլ «գեղցու» հնարք՝ իր տափակությունը քողարկելու եւ իշխանությունը եւս մի քանի ժամով երկարացնելու համար: Եվ պատկերացրեք՝ նույնիսկ ԱԺԲ-ն չի տրվում սադրանքին եւ չի ներքաշվում այդ խաղի մեջ:

Հա, քիչ էր մնացել մոռանայի: Հավաստի աղբյուրը նաեւ «ծակվել» է՝ գաղտնազերծելով մեր այն դաշնակցին, որ փողը վերցրել ու հրաժարվել է մեզ զենք տալ: Պատկերացրեք՝ դա ոչ թե Հնդկաստանն է, Իրանը կամ Չինաստանը, այլ հենց՝ Ռուսաստանը: Իսկական դուռդոմ, էլի: Մեզ ձրի զենք տվող երկիրը հանկարծ հա՛մ փողն է վերցրել, հա՛մ էլ զենքը չի տվել: Ում պատմես՝ չի հավատա:

Ամփոփեմ: ՀԺ-ում հրապարակվող հոդվածաշարի «հեղինակը» վստահեցնում է, որ պատրաստվում է անդրադառնալ նաեւ մյուս խաղացողներին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին: Այդպիսով կամբողջանա բոլոր այն երկրների ցանկը, որոնք մեզնից ինչ-որ բան են ուզում․ որը՝ միջանցք, որը՝ Ադրբեջանի հետ հաշտություն, որը՝ Թուրքիայի հետ բաց սահմաններ, որը՝ ատոմակայանի ապամոնտաժում: Այս ամենը մի պարզ բանի հետեւանք է՝ Հայաստանում իշխանություն չլինելու: Անշուն գյուղ ենք՝ ով մտնում՝ անփետ ման է գալիս: