Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հերթական անգամ տապալվել է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հերթական անգամ տապալվել է

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետաքրքիր բացահայտում է արել՝ խոսելով հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ բեռների համար բացելու շուրջ ընթացող բանակցությունների տապալման մասին։ Պատմել է, որ սեպտեմբերի 14-ին հայ-թուրքական սահմանին երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպումը չեղարկվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ռուբինյանն ասել է, որ այդ հանդիպումը համընկավ Հայաստանի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետ: Ստացվում է, որ այդ ագրեսիայի նպատակներից մեկն էլ այդ բանակցությունների տապալումն էր:

Հուլիսի 1-ին Ռուբինյանն ու թուրքական կողմի ներկայացուցիչ Քլըչը պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետում բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ բեռների համար: Այդ պայմանավորվածությունից անցել է երեք ամիս, սակայն սահմանը ոչ միայն բաց չէ, այլեւ նույնիսկ որեւէ ակնարկ չկա, որ այն կարող է բացվել: Ավելին՝ մենք առավել քան համոզված ենք, որ այն առնվազն առաջիկա տարիներին չի էլ բացվի, եթե Հայաստանի Հանրապետությունը չհամաձայնի կապիտուլյացիայի ենթարկվել: Ռուբինյանն իր հարցազրույցում ասել է, որ այդ հանդիպման ժամանակ պետք է տեղի ունենար սահմանը բացելու պայմանավորվածության իմպլեմենտացիան: Թե ինչ իմպլեմենտացիայի մասին է խոսում Ռուբինյանը, այնքան էլ հասկանալի չէ, որովհետեւ իմպլեմենտացիա ասելով հասկանում ենք որեւէ միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի վավերացումը երկրի օրենսդիր մարմնի կողմից: Սահմանի վրա երկու երկրների պատվիրակություններն իրավասու չէին վավերացնել այդ համաձայնությունը, եւ այն ընդհանրապես իրավական իմպլեմենտացիայի ենթակա չէ: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը միակողմանիորեն, Թուրքիան կարող է այն բացել, եթե իրականում նման ցանկություն ունենա:

Այստեղ ավելի կարեւոր է այլ բան. Ռուբինյանն ասում է, որ այդ հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմից եւ հետաձգվել է անժամկետ: Եթե այդ հանդիպումը հետաձգեր հայկական կողմը, ապա դա հասկանալի կլիներ: Այդ օրերին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի նկատմամբ, եւ Թուրքիան հրապարակային պաշտպանում էր այդ ագրեսիան: Հայաստանի իշխանությունը կարող էր հայտարարել, որ չի պատրաստվում հանդիպել ու բանակցել մի երկրի իշխանության հետ, որը բացահայտ եւ ցինիկաբար պաշտպանում է ագրեսիան, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, հայ զինվորականների եւ քաղաքացիական բնակչության սպանությունը եւ գերեվարումը, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը: Մինչդեռ Հայաստանն անգամ այդ պայմաններում պատրաստ է եղել հանդիպել թուրքական կողմի հետ եւ քննարկել հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը:

Ռուբեն Ռուբինյանը փոխանակ արձանագրի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հերթական անգամ տապալվել է թուրք-ադրբեջանական համագործակցության շրջանակներում, եւ Թուրքիային հերթական անգամ հաջողվել է հայկական կողմին մատների վրա ֆռռացնել, լրագրողի այն հարցին, թե թղթի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները չե՞ն իրագործվել, ասում է. «Դա պետք է իրագործվի, որովհետեւ, ի վերջո, կա քաղաքական պայմանավորվածություն եւ քաղաքական պատասխանատվություն՝ այդ պայմանավորվածությունն իրագործելու»:

Իհարկե, կա պայմանավորվածություն, բայց ի՞նչն է ստիպելու Թուրքիային՝ հրաժարվել այդ պայմանավորվածություններն իրագործելուց: Կամ՝ ի՞նչ քաղաքական պատասխանատվության մասին է խոսում Ռուբինյանը: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները 2010 թվականին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նույնպես վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ստորագրեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եւ, այսպես կոչված՝ բարձր հովանու ներքո: Ի՞նչ քաղաքական պատասխանատվություն կրեց Թուրքիան այդ արձանագրությունները չվավերացնելու եւ կյանքի չկոչելու համար. բացարձակ ոչ մի: 

Հայաստանի իշխանությունները պե՞տք է մի օր հասկանան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շահագրգռված չէ, ընդհանրապես: Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին նայում են որպես թշնամի երկրի եւ սահմանները փակ պահելու ու շրջափակման, ինչպես նաեւ ռազմական ագրեսիայի միջոցով արդեն 30 տարի փորձում են հասնել Հայաստանի ֆիզիկական ոչնչացմանը: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Եվ եթե Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումն անժամկետ չեղարկվել է՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման պատրվակով, դա առնվազն նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին հասկացնում են, որ ձեզ հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ձեզ ֆիզիկապես ոչնչացնելով: Ռուբինյանը ճիշտ կանի՝ սրա մասին մտածի եւ ոչ թե խոսի Թուրքիայի կրելիք քաղաքական պատասխանատվության մասին:

Ավետիս Բաբաջանյան