Հեռացիր՝ քանի դեռ արյուն չի թափվել

Հեռացիր՝ քանի դեռ արյուն չի թափվել

Ոչ մի նոր բան ասած չեմ լինի, եթե նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը կռուտիտի մեծ մասնագետ է եւ փորձում է արդարացնել ու սվաղել ցանկացած բան։ Հիմա էլ փորձում է արդարանալ ու չքմեղանալ, թե՝ ես քաղաքացիական պատերազմ չեմ հրահրում՝ ինչպե՞ս կարող է երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմ հրահրել, զարմացած աչքերով հարցնում է նա։ 

Մի՞թե ոչ ոք նրան չի ասելու․ հարգելիս, Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ իմացվում է՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։ Բոլորը գիտեն, որ դու եւ քո որոշ թիմակիցներ այսօր «դաչաներում» զորք եք կուտակում, գիտեն, որ զինված ջոկատներ ես տեղափոխում Երեւան, գիտեն, որ որոշ օլիգարխների թիկնապահներին ես զինում եւ համազգեստ տրամադրում։ Գիտեն, որ ապօրինի հրահանգներ ես իջեցնում ուժայիններին։ Գիտեն նաեւ, որ հայտնի տեսահոլովակները, որոնք դիտել ես եւ հայտարարում ես, որ մեր զինվորները «խորագետ» են, սարքվում են քո թիմի կողմից։ Այդ տեսահոլովակներն էին թիմակիցներդ դրել իրենց պատերին, եւ դա էիք ցուցադրում Հանրապետության հրապարակում։ Իսկ Հանրապետության հրապարակում չեն կարող որեւէ բան ցուցադրել առանց քո համաձայնության եւ իմացության։

Եւ առհասարակ՝ քաղաքացիական պատերազմ հո այսօր չե՞ս հրահրում՝ հրահրում ես երկուսուկես տարի շարունակ՝ քո իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Դա արեցիր 2018-ի մայիսին՝ օգտվելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ մարդկանց զայրույթից, ատելություն քարոզելով մի ողջ կուսակցության եւ նրանց համախոհների դեմ։ Հետո արեցիր քո հրահանգները հնազանդորեն չկատարած ԲՀԿ-ՀՅԴ-ի դեմ։ Ապա ատելության քարոզ սկսեցիր ԼՀԿ-ի, լրատվամիջոցների, արտախորհրդարանական ուժերի, Ռոբերտ Քոչարյանի, քեզ չենթարկվող օլիգարխների, գեներալների, նախկին պաշտոնյաների, դատարանների, Սահմանադրական դատարանի, քո թիմի մտածող անդամների դեմ․․․Ցանկը շատ մեծ է, հնարավոր չէ մի հոդվածի շրջանակներում թվարկել։ 
Ատելության ու թշնամանքի քարոզն ամեն օր շիկացրեցիք ձեր ֆեյքերի ու ձեզ հավատացող զանգվածի միջոցով՝ օգտվելով նրանց անգրագիտությունից, նախկինների հանդեպ ատելությունից եւ այդ ատելությունը բորբոքելով բերեցիք հասցրեցիք 2020 թվական։ 

Եւ երկուսուկես տարի շարունակ ասացիր մի բան, հետո սկսեցիր սրբագրել ասածդ։ Պառակտեցիր ու հրահրեցիր՝ մինչեւ այն պահը, երբ պարզ դարձավ, որ անգամ քո զոմբիները հավանություն չեն տալիս։ Հիմա որոշել ես զինված մարդկանց ռազմի դաշտից տեղափոխել մայրաքաղաք եւ ինչպես արյան մեջ թաղեցիր Արցախը, նույն ձեւով արյան մեջ թաղես Հայաստանը։
Չի ստացվելու։ Թույլ չենք տալու։ Դու պետք է հեռանաս։ Հեռացիր՝ քանի դեռ արյուն չի թափվել, այսքան արյունը տասնամյակների համար բավարար է։

Սվետա Մարտիրոսյան