Ղազարավանում հաղթած թեկնածուն ասֆալտապատում է արել ընտրություններից առաջ

Ղազարավանում հաղթած թեկնածուն ասֆալտապատում է արել ընտրություններից առաջ

Սեպտեմբերի 29-ին 7 մարզի 19 համայնքերում  ՏԻՄ ընտրություններ էին ։«Հրապարակին» Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ բառացիորեն քվեարկության օրվա նախօրեին, գյուղում թեկնածուն՝ գործող գյուղապետ Հայկ Ասատրյանը, ասֆալտապատում է արել, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չի տեղավորվում ընտրական օրենսդրության պահանջների մեջ։ 

Ըստ որում, տեղեկությունը ստացել էինք շաբաթ օրը, երբ լռության օր էր, իսկ մյուս օրը՝ քվեարկության օր էր, ինչը կարող էր դիտվել որպես հակաքարոզչություն։

Մինչ այդ զրուցեցինք ասֆալտ փռող գյուղապետի և մյուս թեկնածուի՝ Արմեն Հովսեփյանի հետ։ 

Հայկ Ասատրյանը  չհերքեց, որ ասֆալտապատում է իրականացրել, սակայն ասաց, որ դա նախապես է հաստատված եղել՝ 4 ամիս առաջ՝ ավագանու որոշմամբ։ Դե աշխատանքներն այնքան են տևել, որ եկել հասել է բուն քվեարկության օրվան։ Հարցրեցինք՝ ինչու՞, ինչու է այդպես ստացվել։ «Դե նախագիծ արեցինք, մի քսան օր քաշեց, հետո մինչև․․․ հաստատվեց»,- ասֆալտապատման այսպիսի սխեմա ներկայացրեց թեկնածուն։

Հայկ Ասատրյանը վերընտրվել է 196 ձայնով, իսկ նրա մրցակից Արմեն Հովսեփյանը ստացել է 86 ձայն։

Անհայտ անձը մեզ նաև տեղեկացրել էր, որ ՏԸՀ հանձնաժողովի անդամ են հանդիսանում ներկայիս համայքապետի կինն ու մայրը: իսկ հանձնաժողովի նախագահ և քարտուղար ներկայացված են «Իմ Քայլ»-ի կողմից մարդիկ,ովքեր կապ չունեն կուսակցության հետ: «Ներկայիս գործող համայնքապետը,ով հանդիսացել է նախկին կոռուպացված համակարգի անքակտելի մի մասնիկ, իսկ այժմ ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանի ՔԻՓԸ՞»,-գրել էր ղազարավանցին։