Խորհրդավոր սպանության փորձ Ծաղկաձորում. ինչպես է դատախազությունը փրկում մարդասպանին

Խորհրդավոր սպանության փորձ Ծաղկաձորում. ինչպես է դատախազությունը փրկում մարդասպանին

2019 թվականի սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորում խորհրդավոր հանցագործություն տեղի ունեցավ՝ մահափորձ Ծաղկաձորի բնակիչ, գործարար Վարդան Առաքելյանի դեմ: Ուշ երեկոյան նա դուրս էր եկել տանից, մոտեցել էր իր մեքենային: Ծառերի միջից անսպասելի հայտնված անձը մի քանի մետր հեռավորությունից կրակել էր նրա ոտքին, ապա ընդհուպ մոտենալով, ևս մի կրակոց էր արձակել` զոհի կրծքավանդակին: Առաքելյանը հրազենային երկու լուրջ վնասվածքներով՝ ոտքի ու ուսի շրջանում, տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել: 

Դեպքի շուրջ  «մարզային» նշանակության աղմուկ բարձրացավ, քանի որ Վարդան Առաքելյանը Կոտայքում հարգանք էր վայելում: Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի շարք պաշտոնատար անձինք՝ Սերգո Մարկոսյանը, Վաղինակ Ավետիսյանը, նաև Կոտայքի վարչության պետի օպերատիվ  գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը տեղափոխվեցին Սյունիք, Գորիս և Մեղրի, իսկ Հրազդանում ու Ծաղկաձորում լուրեր տարածվեցին, որ կա ինչ-որ տեսագրություն, որից պարզ երևում է Առաքելյանի վրա կրակող անձը և որին ոստիկանները փորձել էին թաքցնել, և պաշտոնատար անձանց տեղափոխությունը հեռավոր մարզ կապեցին Առաքելյանի դեմ մահափորձը կոծկելու նկատառումների հետ: 

«Հրապարակը» ժամանակին անդրադարձել էր այս դեպքին, այսօր, մեկ ու կես տարի անց զրուցեցինք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, որը Առաքելյանի մյուս փաստաբանի՝ Արթուր Գրիգորյանի հետ վերջերս վերաքննիչ դատարան է դիմել այս գործով: Պատասխանելով հարցին, թե ինչու են դիմել վերաքննիչ և ուր հասան քննիչները, Մուշեղ Շուշանյանը մանրամասներ  ներկայացրեց: 

Պարզվում է, 2020 թվականի հունիսի 24-ին, երբ քննիչը դեռ չէր ստացել իր  նշանակած փորձաքննությունների եզրակացությունները, իսկ փորձագետները դեռ աշխատում էին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Շ. Խաչատրյանը որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին: «Որպես ֆորմալ հիմք նշվում է որպես մեղադրյալ ներգրավված անձի հայտնաբերված չլինելը: Ասվում է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները անձին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ջանքերը ապարդյուն են անցել, և դրա համար, քանի որ այլ միջոցներ չկան մեղադրյալին հայտնաբերելու, որոշում է կայացվում կասեցնել վարույթը»: Փաստաբանները համոզված են, որ կատարվածը պատվերով սպանություն է, և ոչ միայն չեն կատարվել բոլոր գործողությունները՝ քիլլերին ու պատվիրատուներին հայտնաբերելու համար, այլև ոստիկանները, իսկ հետո նաև Կոտայքի դատախազությունը ամեն ինչ արել են հանցագործությունը կոծկելու, հետքերը փչացնելու համար: 

Ահա, թե որն է այդ համոզմունքի հիմքը: Նախ, փաստաբանը նշում է, որ բավականին ժամանակ քննություն է ընթացել, սակայն տուժողին որևէ տեղեկություն չեն հայտնել դրա ընթացքի մասին: Գործը հարուցվել էր «Սպանության» /104/ հոդվածի առաջին մասով, չնայած ակնհայտ էր, որ պետք է կատարվեր պատվիրված սպանություն /104, 2-րդ  մաս, 8 կետ/: «Այն տեղի չէր ունեցել ինչ- որ վիճաբանության  արդյունքում, այլ քիլլերի միջոցով, քանի որ Առաքելյանը մարդասպանին չի ճանաչում», - ասում է Շուշանյանը:
Նրան հարցրեցինք տեսագրության մասին, որտեղ երևում է մարդասպանը:  

«Առաքելյանի տուն տանող ճանապարհն անցնում է առանձնատների մոտով, որոնց վրա կան տեսախցիկներ: Այդ բոլոր տեսախցիկները ոստիկանները պարտավոր էին առգրավել իր տան մոտակայքի մեքենաների, մարդկանց շարժը ստուգելու նպատակով: Մենք չգիտենք դրանք առգրավվել են, թե ոչ, բայց մեր վստահորդին ոստիկաններն ասել էին, որ տեսախցիկներն ընդամենը «օնլայն» են ցույց տալիս և չեն ձայնագրում: Սակայն մեր վստահորդին փոխանցեցին Ծաղկաձորի քաղաքապետի տան վրա առկա տեսախցիկի սեպտեմբերի 24 -ի ձայնագրությունը, դեպքից մեկ օր առաջվա: Նա չի ասում, թե ով է իրեն այն փոխանցել, բայց այնտեղ ուսումնասիրությամբ երևում է մեքենա, մարդկանց շարժ, գնում -գալիս են, կասկածելի վարքագիծը ակնհայտ է: Նրանց նույնականացումը հնարավոր է, ինչը, սակայն չի արվել: Այդ հրապարակի վրա բազմաթիվ օբյեկտներ կան, որոնք ունեն տեսախցիկներ: Միտումնավոր ոստիկանները չեն առգրավել այդ տեսախցիկի կրիչը, թե, որը ավելի հավանական է, առգրավել են, բայց՝ գործին չեն կցել, պարտակել են, նշանակություն չունի: Դա քրեական օրենքով հետապնդելի արարք է: Միայն սա բավարար է, որ մենք պնդենք, որ ոստիկանությունը ապացույց է պարտակել ու հետևապես ոստիկանության կոնկրետ պաշտոնատար անձինք,. որոնք այդ ժամանակ եղել են պաշտոնի, շահագրգռված չեն բացահայտել սպանության փորձը», - ասաց Մուշեղ Շուշանյանը: Նա գտնում է, որ դատախազությունը ևս շահագրգռված է պարտակելու հանցագործներին: «Փորձաքննություններից մեկը՝ տեսախցիկի ֆիքսած տեսաձայնագրությանն էր վերաբերում, որում քննիչը նշել է, որ տուժողի բակի մոտ նկատվել է կասկածելի անձ, ու նշանակել է փորձաքննություն, բայց դատախազը առանց սպասելու արդյունքի, որոշում է, որ վարույթը պետք է կասեցնել: 

Մուշեղ Շուշանյանը և Արթուր Գրիգորյանը նախ, բողոք են ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով վերացնել կասեցման որոշումը: Արթուր Դավթյանի փոխարեն փաստաբաններ Շուշանյանին ու Գրիգորյանին պատասխանել է վարույթի կասեցման որոշում կայացնող դատախազ Շ. Խաչատրյանի վերադասը, որը չէր կարող բավարարել իր դեմ բողոքը: Այնուհետև փաստաբանները կասեցման որոշումը  բողոքարկեցին դատարանում: Կրկին մերժում ստանալուց հետո նրանք վերաքննիչ բողոք  ներկայացրեցին: Այժմ խորհրդավոր մահափորձի գործը վերաքննիչ դատարանում է: