Տնօրեն Կարեն Ղազարյանն ու նրա մամուլի քարտուղարը աշխատանքի չեն գնում

Տնօրեն Կարեն Ղազարյանն ու նրա մամուլի քարտուղարը աշխատանքի չեն գնում

Թեղուտի հանքավայրի ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի համար փոփոխական ժամանակներ են: Նախկին աշխատակիցները, որոնք ազատվեցին «Թեղուտ» ՓԲԸ նոր տնօրինության օրոք, ցույցեր են անում, իրենց աշխատավարձերն ու պարապուրդի գումարներն են պահանջում, իսկ կոմբինատում, արդեն նոր ղեկավարների օրոք, «ռազբորկաներ» են տեղի ունենում: «Թեղուտի» կառավարիչ, ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ կոմբինատը բնականոն ռիթմով աշխատում է, այն դեպքում, երբ լուրեր կային, որ կոմբինատում աշխատանքը կանգնած է, որ տնօրեն Կարեն Ղազարյանի եւ Պետրոսյանի ջրերը նույն առվով չեն գնում, նույիսկ կռիվ-խփոցի է եղել մատակարարման բաժնի աշխատողներից մեկի ու Կարեն Ղազարյանի միջեւ: 

«Չե՞ք ամաչում, Ձեզ թվում է՝ այնտեղ, որտեղ ես կամ, մեկը մյուսի վրա կհամարձակվի՞ ձեռք բարձրացնել: Այնտեղ մի անգամ կռիվ է եղել, ես բոլոր կռվողներին աշխատանքից ազատել եմ»,- պատասխանել էր մեզ Պետրոսյանը: Սակայն օրերս գործարանում նոր կռիվ ու վեճ է եղել՝ տնօրեն Կարեն Ղազարյանի մասնակցությամբ, որից հետո Ղազարյանին ազատեցին աշխատանքից: Նա հեռախոսներին չի պատասխանում: Անհասանելի է նաեւ մամուլի քարտուղարը՝ Մարիկա Թունյանը, որը նախկինում Հանրային հեռուստատեսության կադրերի բաժնի աշխատակից է եղել: Գործարանից հայտնում են, որ Մարիկա Թունյանը նույնպես չի գալիս աշխատանքի: «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, «Հրապարակի» հարցերին պատասխանելով, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Կարեն Ղազարյանի ազատված լինելու մասին տեղեկությունը, որն արդեն մոտ երկու շաբաթ է՝ իրար են փոխանցում «Թեղուտում»: Նալիվայկոյին մի քանի հարց ուղարկեցինք եւ ստացանք տնօրենի պատասխանները: 

- Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել նախկին տնօրեն Կարեն Ղազարյանը: 

- Կարեն Ղազարյանը «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում հաստիքային աշխատող է, որի համար աշխատավարձ է ստանում ընկերությունից, եւ այդ մասով որեւէ փոփոխություն այսօրվա դրությամբ չկա: 

- Արդյոք նա հակասություններ ունե՞ր «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ, նրա մասնակցությամբ եղե՞լ է ծեծկռտուք: Այդպիսի լուրեր են հասնում:

- «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարման եւ արտադրության կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, իսկ դրա հետ մեկտեղ բոլոր ծագող հակասությունները լուծվում են խորհրդակցությունների եւ խորհրդատվությունների միջոցով՝ բոլոր շահագրգիռ անձանց ներգրավմամբ։ Այսօրվա դրությամբ որեւէ հակասություն, որոնք լուծված չեն թվարկված եղանակներով, «Թեղուտ» ՓԲ ընկերությունում չկա: 2020թ. ընթացքում ոչ մի ծեծկռտուք «Թեղուտ» ՓԲԸ օբյեկտներում, ինչպես նաեւ ընկերության տարածքից դուրս, բայց այսպես թե այնպես կապված ընկերության գործունեության հետ, չի եղել: Կան որոշ հակասություններ գործադիր տնօրեն Կ. Ղազարյանի եւ Շնող խոշորացված համայնքի միջեւ՝ փոխգործակցության հարցերի շուրջ, որոնք կարող են հանգեցնել համայնքի բնակիչների կողմից զանգվածային միջոցառումների։ Այդ հարցերը ներկայումս գտնվում են ստուգման եւ կարգավորման փուլում: 

- Այժմ գործարանն աշխատո՞ւմ է ամբողջ ծավալով: 

- Այո, գործարանն աշխատում է ամբողջ ծավալով՝ հաստատված աշխատանքային պլանին համապատասխան եւ համաձայն նախագծային փաստաթղթերով սահմանված նախագծային ցուցանիշների: Կատարվում է օգտակար հանածոյի արդյունահանում, արտադրվում է ապրանքային արտադրանք եւ կանոնավոր կերպով առաքվում է սպառողներին: 

- Այս պահին պոչամբարի վերանորոգում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, այն վատ վիճակում էր: 

- Ոչ, պոչամբարի վերանորոգում այս պահին չի կատարվում: Պոչամբարը շահագործվում է սովորական, նախագծային ռեժիմով։ Ս. թ. մայիսի 7-ին տեղատարափ անձրեւից հետո ջրհեղեղի ջրերով պարզեցման լճակի շրջան է տեղափոխվել շուրջ 40 հազար խմ բնական գրունտ, ինչով փակվել էր հեղեղաջրերի հեռացման ջրանցքը։ Ջրանցքը մաքրվել է մայիսի 7-ին, եւ ջուրն ուղղորդվել է նախագծային սխեմայով: Ներկայումս կատարվում է բերված գրունտի մաքրում, վիճակը հետազոտվելու է, եւ հնարավոր է դրա վերանորոգման աշխատանքներ պահանջվեն։ 

ՀԳ․ Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է ստուգել «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ բուլղարական «Գեոտեխմին» ընկերության զեկույցը:  Թեղուտի նախկին շահագործողը՝ «Վալեքս խումբը», իր հետազոտությունն էր արել, եզրակացնելով, որ պոչամբարի վատ վիճակն անհնարին է դարձնում հետագա շահագործումը։ Անցյալ տարեվերջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ «բոլոր հնարավոր մարմինները, որոնք ունեին առհասարակ Թեղուտի պոչամբարի հետ կապված ինչ-որ կարողություններ», մասնակցել են պատվարի ուսումնասիրությանը, եւ «որեւէ մեկը եզրակացություն չի տվել, որ իրականում վտանգ կա»: Այժմ էլ բուլղարական ընկերությունն ավարտել է ուսումնասիրությունը, իսկ կառավարությունը որոշել է իր հերթին հետազոտել սույն հետազոտությունը եւ 16 հոգուց բաղկացած մասնագետների խումբ է ստեղծել՝ պոչամբարի վերաբերյալ հետազոտությունը հետազոտելու համար: