Իսկ վիրուսը հնձում է

Իսկ վիրուսը հնձում է

Փաշինյանի հորդորները՝ չախտահանված ձեռքերով դեմքին չհպվել, զրուցելիս իրար քթի մեջ չմտնել, ձեռքով չբարեւել, չախտահանված սպասքից չօգտվել եւ այլն, վերաբերո՞ւմ են, արդյոք, ոստիկաններին: Կարծում եմ՝ այո: Եվ, ուրեմն, եթե վերաբերում են, ինչո՞ւ են ոստիկանները Կենտրոնական բանկի մոտ բացահայտ խախտում այդ կանոնները՝ բռնում են մարդկանց մարմնի որ մասից պատահի, խցկում են իրենց մեքենաներն ու տանում բաժին: Ժամանակը չէ՞ այդ ամենը հեռավար կազմակերպելու: Ասենք՝ բարձրաստիճան ոստիկանը կանգնում է բանկի աստիճանների վրա եւ, դիմելով ցուցարարներից մեկին, բարձրախոսով հայտարարում. «Տղա ջան, այս պահին Դուք բերման եք ինքնաենթարկվում, տաքսի վարձեք եւ մեր հետեւից եկեք Կենտրոնի բաժին»: Ի՞նչ արած, կորոնավիրուս է, պետք է ենթարկվենք կանոններին: Մյուս կողմից էլ՝ վարչապետի անձնական խնդրանք-հորդոր- պահանջն է՝ պահպանել այդ կանոնները:

Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքի վարչապետի կոչին հանցավոր աշխարհը կամ, այսպես ասած, քրեական մշակույթ ունեցող մարդիկ, երբ հարցը կտրուկ է դրված՝ կա՛մ ենթարկվեք կանոններին, կա՛մ էլի կարանտին եմ հայտարարում: Բնականաբար, կորոնավիրուսը չի հարցնում՝ դու քրեական ենթամշակո՞ւյթ ունես, թե՞ սուրբ ես՝ վարչապետի ընտանիքի անդամ, զարմիկ, աներձագ կամ հարկայինի «զամ»: Հետեւաբար, բոլոր հանցագործները եւ նույնիսկ կազմակերպված հանցավոր խմբերը «լեւի» կամ «նիսյա» ապրանք ձեռք բերելուց առաջ պարտավոր են թեստ հանձնել: Հետո արդեն կարող են այդ ապրանքը բարձել ախտահանված ինքնաթիռը, հայտարարել, որ տանում ես Աֆղանստան, եւ քշել Կրասնոդար: Հայաստանից Կրասնոդար «լեւի» ապրանք տանելու համար միայն ՀՀ ՊԵԿ-ում ծանոթ ունենալը քիչ է: Պետք է մի թեստ հանձնած ծանոթ էլ Կրասնոդարում ունենաս, որպեսզի ստիպած չլինես անձամբ շփվել չախտահանված ռուս մաքսավորների եւ ГРУ-ի աշխատակիցների հետ: Հակառակ պարագայում ինքնաթիռդ կկալանեն, եւ քո քաղաքական հակառակորդները դա կօգտագործեն իրենց ուղիղ հեռարձակումների մեջ: Իսկ եթե արդեն բանը բանից անցել է, «նիսյա» ապրանքը բռնագրավված է, իսկ փողն էլ ապրանքատիրոջն ով է տալու՝ հայտնի չէ, պետք է լայվ մտնել եւ առնվազն երեք անգամ պտտել հակակորոնավիրուսային պայքարի սկավառակը՝ ասես ո՛չ մաքսանենգ ապրանքից ես տեղյակ, ո՛չ ինքնաթիռի երթուղուց, ո՛չ էլ նույնիսկ այդ խայտառակությունը կազմակերպած հանցավոր խմբի անդամներին ես ճանաչում:
Ավելի ուշ, երբ աղմուկը մի փոքր հանդարտված կլինի, կարելի է նաեւ կադրային փոփոխություններ կատարել ԱԱԾ-ում, որպեսզի հանցավոր խմբի «լեւի» գործունեության դոսյեն մեջտեղից վերանա, ու «խելքից պատուհաս» վայ «գործարարները» ՊԵԿ «զամի» հետ չհայտնվեն խիստ ռեժիմի կարանտինում:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից եմ ձեզ ասում՝ սահմանափակումների մեղմացումից շատ երես մի առեք: Էս ի՞նչ ա, բողոքի ցույց ու միտի՞նգ եք անում արդեն: Հանգիստ նստեք տեղներդ եւ պահպանեք համավարակի դեմ պայքարի կանոնները, այլապես բոլորիդ կկոխեմ կարանտին ու քաղաքացի առ քաղաքացի կփռեմ ասֆալտին: Բողո՞ք ունեք, միտի՞նգ եք ուզում անել, խնդրեմ, դրա համար կա Ֆեյսբուք, լսարանն ապահովում ենք, տեղի համար էլ փող չենք ուզում: Սիրում եմ բոլորիդ, ինչպես եւ դուք՝ ինձ: