ՀՊՏՀ ռեկտորի իմ թեկնածուն Կիմ Չեն Ընն է

ՀՊՏՀ ռեկտորի իմ թեկնածուն Կիմ Չեն Ընն է

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը գրել է․

«ՀՊՏՀ ռեկտորի իմ թեկնածուն Կիմ Չեն Ընն է...

Տնտեսագիտական համալսարանում առաջիկա ուստարվա դասաժամերի բաշխման ակտիվ շրջանն է: Մեր մշակած մրցութային ընտրությունը վերացնելուց հետո այժմ բուհի ղեկավարությունն է բացառապես սեփական հայեցողությամբ որոշում, թե դասախոսներից ով է ստանում 1 դրույք ծանրաբեռնվածություն, իսկ ով՝ 0 դրույք: 1 դրույքի վարձատրությունը տարեկան շուրջ 4.5մլն դրամ է: Այդ մեծ գումարին համապատասխան աշխատանք տրամադրելու լիազորությամբ օժտված մարդիկ աշխատակիցներին «առաջարկում են միանալ» իրենց նամակին:  Բոլորի համար պարզ է, որ գաղափարապես դեմ աշխատակիցներից առանց այն էլ միայն համարձակ փոքրամասնությունն է դեմ արտահայտվելու, և գործընթացն ինքնին իր էությամբ մեծ զավեշտ է:
Բայց լրատվամիջոցի տեղեկատվությունը բուհի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներով ինքնամոռաց տարածելու իմաստը ո՞րն է: Համալսարանն ինչո՞ւ է միայն քոլեջի թվերը հրապարակում: Այդքա՜ն տխուր և անհույս է վիճակը, որ լրատվամիջո՞ցն է բուհին նրա «վիճակագրությունը» տրամադրում, թե՞ կեղծ փաստերի ստուգման պատասխանատվությունից խուսափելու փորձ է արվում:
Բուհի հեղինակության հետ, ցավոք, հենց ղեկավարությունն է խաղում: Այժմ հազարավոր գիտակից մարդիկ ոչ միայն հիասթափվում են այս «փառահեղ» արշավից, այլև կեղծ տեղեկատվության հետևանքով թյուրիմացաբար կարծում են, թե Տնտեսագիտական համալսարանում նրանք ընդամենը 18-ն են:
Արդեն 30-ից ավել աշխատակից միայն ինձ են հայտնել, որ ոչնչի չեն միացել: Գուցե այդ 483-ի մեջ ռուսական այն հարյուրավոր կեղծ օգտատերերին և՞ս անզգուշորեն ներառել եք. չէ՞ որ նրանք ևս, լավ տեղեկացված լինելով ներբուհական կյանքից, սատարում են ձեզ: Միգուցե հրապարակեք, և հասկանա՞ն մարդիկ»: