Հուսիկ Արա. Գարնան եւ սիրո ջարդը

Հուսիկ Արա. Գարնան եւ սիրո ջարդը

Գարուն

Հոյակապ արարեց աշխարհը Աստված.
գարուն էր:
Հիացավ սատանան ու խանդեց.
- Մեկ հարվածով կավերեմ,-
ասաց եւ ստեղծեց մարդուն:
Մարդը տեսավ` հրաշք է.
մոռացած ե՛ւ Աստված, ե՛ւ սատանա,
երկրպագեց գարունը: 


Պատասխան

Գարունը հպվեց վարդին. 
- Ասա՛ քո անունը,-
վարդը շիկնեց ու բացեց թերթերը,
հպվեց ծառին.
- Պատմի՛ր քո մասին,-
ծառը շտկեց ճյուղերն ու կանաչեց
եւ թռչունին հպվեց.
- Քո մեջ է երկինքը,-
թռչունը տարածեց թեւերն ու երգեց:

Գարունը հարցրեց մարդուն.
- Գեղեցի՞կ եմ ես,- 
մարդը քաղեց վարդը,
կտրեց ծառը
եւ խփեց թռչունին:
Գարունը շրջվեց ու գնաց.
- Հաճելի էր քեզ հետ,- կանչեց մարդը: 


Սպասում

Երբ ծաղկեց ծառը,
բառեր չկային դեռ.
եւ գարունը խոսեց 
ծաղիկների, ջրերի ու ամպի լեզվով:
Մարդը հորինեց
կացին, սղոց, դանակ բառերը,
որ պատասխանի.
լույսը կարկամեց,
եւ գարունը համրացավ: 

Ծառը ծաղկում է նորից
եւ սպասում, 
որ ծաղիկների, ջրերի ու ամպի լեզվով
մարդը խոսի գարնան հետ: 


Ծառը, որ ծաղկել էր

Երկու ծաղկած ծառի արանքում 
կանգ է առել ժամանակը
ու չի փոխվում
ինչպես հազար, հարյուր հազար
ու մեկ միլիոն տարի առաջ էր:
Նույն երկինքն է, 
ամպից վերեւ ամպ է նորից,
երկիրն է նույնը,
խոտի շյուղին զատիկ` թեւը բաց,
եւ նույն արեւն է նրանց միջեւ:

Անեզրը մատչելի ու մերձ է մարդուն,
որ մտնում է այդ ժամանակից ներս.
եւ հրացանի կոթ
ու գլուխ կտրելու կոճղ է 
դառնում ծառը, որ ծաղկել էր:


Ընթացք

Կայծակը պատռում է ամպը
եւ շարունակվում
հրե ընթացքով փամփուշտի,
որ ճեղքի մարդուն հողի վրա:
Վերեւում պայքար է`
ծնվում է գարունը,
կռիվ է ներքեւում`
մեռնում է կյանքը:

Երկնքում բացված դուռը
փակվում է երկրի երեսին.
հակառակ են մուտքն ու ելքը,
եւ չեն հանդիպում
մարդ ու Աստված:


Մահը` սեր

Անմահ ապրելու 
գայթակղություն է
ծաղկած ծառը,
եւ մարդը անեզրին հենված`
հայացքը աշխարհակալ,
նայում է հավերժի մեջ.
մինչդեռ մահը գալիս է 
շփոթված սեր:

Տարերք ու սեր`
անունը գարուն,
չի տեղավորվում սրտի մեջ
ու պայթում է: 


Ջարդ

Սերը շրջվեց արեւին,
որ ծաղկի գարունը.
գարունը ծաղկեց
եւ բուրմունքից շողաց սերը:
Ինչպես թռչունն ու ճախրանքը,
սկզբում գարո՞ւնն էր, թե՞ սերը.
եւ չենք որոշում:

Մենք ավերում ենք 
մեկի մեջ մյուսը
եւ ժամանակ սպանում,
թե երբ են գալու
մեր գարունն ու սերը: 

 

Լուսանկարը` Սոնա Ադամյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ