Սահմանադրական բարեփոխումների անվան տակ կոռուպցիոն խումբ է գործում Հայաստանում

Սահմանադրական բարեփոխումների անվան տակ կոռուպցիոն խումբ է գործում Հայաստանում

Վերջին շրջանի իրադարձությունների, եվրոպական դիտորդների, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին զրուցել ենք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

- Այս իշխանությունները պարբերաբար խոսում են եվրոպացի դիտորդների առաքելության արդյունավետության մասին։ Նույնիսկ Արարատ Միրզոյանը տարեվերջյան ասուլիսում խոսեց այդ մասին։ Դուք կարծում եք՝ իսկապե՞ս եվրոպացի դիտորդների ներկայությունը զսպում է ադրբեջանական ագրեսիան։

- Սա իրողություն է, չնայած այս վերջին դեպքը։ Բայց երեւույթները վերցնում ենք ժամանակի մեջ, մենք հիշում ենք, որ մինչեւ եվրոպացի դիտորդների ժամանելը ադրբեջանցիները գրեթե ամեն օր սադրանքներ էին անում՝ առնվազն շաբաթական 2 զոհ էինք ունենում։ Իրենց գալուց հետո, բնականաբար, ակնհայտ է նաեւ՝ նվազեց․․․ ես չեմ լսել Միրզոյանի այդ հայտարարությունը։ Դա նաեւ ապտակ է ռուս խաղաղապահներին եւ Հայաստանի չակերտավոր դաշնակիցներին։ Ես համակարծիք եմ այս դեպքում։

- Եթե եվրոպացի դիտորդներն իսկապես ազդում են, ապա Ներքին Հանդի դեպքերն ինչո՞ւ եղան։

- Ես հենց դա էի ասում, ուրեմն այդ պահին այդ մասում չեն եղել, այսինքն՝ Միրզոյանի ցանկությունը, եթե դա իր ցանկությունն է իսկապես, համընկնում է տվյալ դեպքում իրողությունները ճիշտ, արդարացիորեն մեկնաբանելու նաեւ մեր դիրքորոշմանը, որ եվրոպական դիտորդները... «դիտորդ» խոսքը չի վերաբերում խաղաղապահ զինված ուժերին։ Այս պահին դեռեւս գործում է այն մոտեցումը, որ ադրբեջանցիներն ասում են՝ հայերը սադրեցին, մենք ասում ենք՝ նրանք արեցին, իսկ դիտորդի առաքելությունն այն է, որ նրանց, ովքեր դեռ վախենում են ճիշտ գնահատականից, նրանց ստիպի հավաքված լինել։ Այստեղ առավելություն է, որ ադրբեջանցիները դեմ են իրենց տարածքում դիտորդների առկայությանը... Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի թիմին՝ առաջինից մինչեւ վերջինը, համարում եմ վտանգավոր, ազգավնաս, ինչ-որ տեղ՝ ազգադավ ուժեր, բայց տվյալ դեպքում ճշմարտությունը մնում է ամեն ինչից վեր։ 
Ներքին Հանդում տեղի ունեցածը գալիս է ապացուցելու, որ մենք դրական ակնկալիք չենք կարող ունենալ ռուսական կողմից։ Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այսօրվա ռուսները ոչ միայն ի վիճակի չեն իրենց պարտականությունները կատարելու, այլեւ վտանգ են ներկայացնում՝ փակելով արեւմտյան դիտորդների ճանապարհն այդ տարածաշրջան։ Ըստ տարբեր աղբյուրների՝ դա միակ հատվածն է եղել, որտեղ եվրոպական դիտորդների մուտքն արգելված է եղել հենց ռուսների կողմից։

- Դիտորդների ներկայությունը, սակայն, որոշակիորեն ազդում է նաեւ հայ-իրանական հարաբերությունների վրա, մենք ապրում ենք այս տարածաշրջանում եւ․․․

- Գլուխը քարովն է տալիս որեւէ մեկը, ով փորձում է իր կամքը թելադրել իմ ժողովրդին, ով ուզում է լինի՝ ռուսը, ամերիկացին, իրանցին՝ ով ուզում է լինի։ Ես հարցը նախապես հասկացա։ Որ ասում են՝ այստեղ ուրիշ մարդ չմտնի՝ դուք մտեք։

- Բայց Իրանը ՀՀ իշխանությունների հետ փորձում է համագործակցել, կարծես թե հենց մեր կողմից է հապաղումը։

- Թող իրենք կանխեին արցախյան ողբերգությունը, ցեղասպանությունը, թող միջամտեին, թող տեսակետ հայտնեին, ոչ թե շնորհավորեին։ Որեւէ մեկը պիտի չհամարձակվի մեր կողմը նայել՝ հրամայողի, թելադրողի վիճակով։

- Բայց հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դրանից հետո Իրանին կարո՞ղ ենք ինչ-որ բանում մեղադրել։

- Կներեք, բայց Նիկոլ Փաշինյանը դեռեւս իմ աստվածը չէ, ում որ աստվածն է, թող նա էլ դրա մասին մտածի։ Նույն այն եվրոպացիները կամ Ալիեւը, որ հղում են կատարում՝ Նիկոլ Փաշինյանն այսպես ասեց, այդ իդիոտների աստվածը դարձել է Նիկոլ Փաշինյանը, թող շարունակեն այդ հղումը կատարել։ Ինձ համար Նիկոլ Փաշինյանը զրո է՝ ազգի ինքնորոշումը կապ չունի որեւէ գործչի հետ, դա աստվածատուր իրավունք է։

- Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունն ինչի՞ համար է արվում, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում։

- Նիկոլ Փաշինյանը ոչ թե «Սահմանադրություն» բառը, այլ Սահմանադրության առաջին «Ս» տառն արտասանելու իրավունք չունի։ Ես երեք օրից անառարկելի փաստերով ցույց կտամ, որ ինքը քրեական հանցագործ է, եւ ով իրավական համակարգում է, պետք է անմիջապես, հենց Նիկոլին տեսավ, ձերբակալի, կալանավորի եւ քրեական գործ հարուցի նրա նկատմամբ՝ պետությանը 200 միլիոն դրամից ավելի վնաս տալու համար եւ սահմանադրական բարեփոխումների անվան տակ կոռուպցիոն խումբ ստեղծելու մեղադրանքով։ Սա անառարկելի մեղադրանք է, որեւէ մեկը չի կարող դրան հակադրվել։

- Նույն Սահմանադրության՝ Անկախության հռչակագրի մասով Ալիեւի պահանջներին ինչպե՞ս կարձագանքեք։

- Էհ, ասում է՝ թող ասի, այդ բոլորը ես գիտեմ։ Մենք էլ ասում ենք, որ ադրբեջանցի ժողովուրդն արժանի չէ բռնապետի կողմից ղեկավարվելուն, այնպես որ՝ Ալիեւը պիտի ռադը քաշի Ադրբեջանի քաղաքական կյանքից, որովհետեւ Ադրբեջանի ժողովուրդը մեր հարեւան ժողովուրդն է, եւ նա արժանի է ավելի լավ կյանքի։