Սոցհարցումներ ռուսաստանյան հասարակությունում 

Սոցհարցումներ ռուսաստանյան հասարակությունում 

Ռուսաստանում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, ճգնաժամի սպասումը ռուսական հանրության մեջ նվազել է։ Նվազել է նաեւ տեսակետը, որ Ռուսաստանում կսկսվեն տնտեսական ճգնաժամ, զանգվածային համաճարակ, ռազմական բախում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Միաժամանակ, ավելացել են մտավախությունները, որ Ռուսաստանում հնարավոր են ներքին ազգամիջյան բախումներ։

2022-ի համեմատ՝ հանրային համախմբվածությունն ու կայունությունն ամրապնդվել են։ Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում ՌԴ-ում լինի տնտեսական ճգնաժամ, հարցվածների 59 տոկոսը բացասաբար է պատասխանել, 32 տոկոսը՝ դրական։ 2022 թվականին նույն հարցին դրական էր պատասխանել հարցվածների 51 տոկոսը։ 

Զանգվածային համաճարակի բռնկման մասին հարցին բացասաբար է պատասխանել հարցվածների 54 տոկոսը․ 2022-ի դեկտեմբերին 41 տոկոս էր։ Աղմկոտ կոռուպցիոն սկանդալների ու բացահայտումների հնարավորությունը, ըստ սոցհարցման, գնահատվել է 49 տոկոս, 2022-ին նույն հնարավորությունը գնահատվել էր 57 տոկոս, 2021-ին՝ 69 տոկոս։

Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված։ Առաջին հերթին, իշխանությունների՝ մեդիա-քարոզչական հարթակների աշխատանքով։ Նաեւ, այսպես կոչված, «համակարգից դուրս գտնվողների», այլախոհների չեզոքացմամբ, որոնք սովորաբար տարատեսակ «հետաքննություններ» ու «տեղեկատվական արտահոսքեր» էին ապահովում։ Հարցվածների միայն 29 տոկոսն է հնարավոր համարում, որ տեղի կունենան զանգվածային հուզումներ ու բողոքի ակցիաներ։ Սա 2010 թվականից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ 22 թվականին 34 տոկոս էր, 21 թվականին՝ 50 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները կարողացել են հասնել նրան, որ քաղաքացիներն ապաքաղաքականանան, որովհետեւ, անկախ այն հանգամանքից, թե մարդիկ որքան դժգոհություն ունեն կուտակած, պատրաստ չեն դուրս գալու փողոց։

Ուշագրավ է նաեւ ազգամիջյան բախումների մտավախությունների աճը։ Նման տեսակետ ունի հարվածների 31 տոկոսը։ 22-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 2 տոկոս։ Ներքին բախումները հավանական չի համարել հարցվածների 61 տոկոսը։ Ռուսաստան-ԱՄՆ/ՆԱՏՕ բախումը հավանական է համարել հարցվածների 33 տոկոսը։ 22-ի դեկտեմբերին այդ թիվը կազմել է 43 տոկոս։ Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, ռուսաստանյան հասարակությունը կայուն հարաբերական անդորրի վիճակում է, եւ քաղաքացիների մոտ տագնապներ գրեթե չկան։