Հնագետները 6․5 հազար տարեկան կմախք են հայտնաբերել

Հնագետները 6․5 հազար տարեկան կմախք են հայտնաբերել

Գերմանիայի Բավարիայի երկրամասում հնագետները հայտնաբերել են երիտասարդ մարդու 6,5 հազար տարեկան կմախք։ Այս մասին հայտնում է Welt պարբերականը՝ մանրամասնելով, որ երիտասարդը ապրել է նեոլիթի ժամանակներում։ Հայտնաբերված կմախքի կողքին, որին տվել են Ֆրեդ անունը, հնագետները հայտնաբերել են քարե կացին եւ հատիկային բուսատեսակի սերմեր։

Հնագետ Սքոթ Թաքերի խոսքերով, գտածոները չափազանց կարեւոր են, քանի որ այդ դարաշրջանի գտածոները շատ քիչ են։ Այն, որ Ֆրեդն այդքան լավ պահպանվել է, գիտնականները բացատրում են այն հանգամանքում, որ հողի մեջ բարձր է կալցիումի պարունակությունը։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ պեղումները իրականացվել են մի տարածքում, որտեղ ծրագրեր կան կառուցելու գինեգործական կոոպերատիվ, եւ պեղումները եղել են տարածքի հնագիտական հետազոտության շրջանակներում։

Հայտնի է, որ տարածքից հայտնաբերվել է նաեւ տասներկու տարեկան տղայի կմախք, որը ապրել է 4,5 հազար տարի առաջ, ինչպես նաեւ կերամիկական ափսեներ, սննդի ածխացած մնացորդներ եւ այլ գտածոներ։