Ընդլայնվել են Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները

Ընդլայնվել են Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնվել են նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի նախագահ եւ Սահմանադրական խորհրդի անդամ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները։ Համաձայն այդ հրամանագրի, նախագահը նախարարների մեծ մասի նշանակումը կարող է իրականացնել միայն Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։ Բացի այդ, Անվտանգության խորհրդի հավանությամբ են նշանակվելու անմիջականորեն նախագահին ենթակա կառույցների ղեկավարները՝ սկսած նախագահի աշխատակազմի ղեկավարից, մինչեւ գլխավոր դատախազ, ազգային բանկի նախագահ, հանրապետական գվարդիայի ղեկավար, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Տեղական իշխանությունների ղեկավարների նշանակման հարցում եւս պետք է լինելու Անվտանգության խորհրդի հավանությունը, ներառյալ նաեւ մայրաքաղաք Նուր-Սուլթանի քաղաքապետինը։