Մկնասպան դեղը պետք է կարմիր լուծույթ լինի, ոչ թե սպիտակ փոշի

Մկնասպան դեղը պետք է կարմիր լուծույթ լինի, ոչ թե սպիտակ փոշի


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջերս թունանյութեր ներմուծող կազմակերպությունների բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել։

Բողոքողները գյուղնախարարության հայտարարած թունանյութերի գնումների երեք մասնակից կազմակերպություններն էին, որոնք վստահեցնում են, որ մրցույթներն անցնում են խախտումներով, որ դրանց մշտական հաղթողը «Հրաշք այգի» ընկերությունն է, որը վայելում է գյուղնախարար Գեղամ Գեւորգյանի աջակցությունը։ Մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ նա՝ որպես պատվիրատու, մրցութային տեխնիկական այնպիսի բնութագիր է ներկայացրել, որը համապատասխանում է մեկ ընկերության՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ին: «Այսինքն, մեր շուկայում թունանյութերի տեսակները շատ են, բայց տվյալ տեսակի թունաքիմիկատը բերում է միայն «Հրաշք այգին»։ 2019-ի սկզբին «Հրաշք այգին» նախօրոք ՀՀ է ներկրել նախարարության համար պահանջվող քանակն ու տեսակը՝ այն դեպքում, երբ մրցույթը դեռեւս չէր էլ հայտարարվել»,- ասում էր նա։ Նաեւ տեղեկություն էինք ստացել, որ Գեղամ Գեւորգյանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի «Թույների Մհեր» անունով հայտնի Մհեր Համբարձումյանի եւ նրա որդու՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։ 

Երեկ «Հրաշք այգու» ներկայացուցիչ Միքայել Ավետիսյանը հերքեց ընկերության կապը Թույների Մհերի հետ։ Նա իր դիրքորոշումն է ներկայացրել ՏՄՊՊՀ վարույթի կապակցությամբ։ Ըստ այդ բացատրության՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ն եւս գոհ չէ գյուղնախարարությունից, այն չի ստեղծել հակամրցակցային մթնոլորտ, այլ հակառակը՝ ինքն է խախտումների արդյունքում վնասներ կրել եւ նույնիսկ դատարան դիմել։ 

2018 թվականի հոկտեմբերի 26-ին ընկերությունը մկնասպան նյութի մատակարարման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել եւ վաստակել 25 մլն 680 հազար 400 դրամ արժողությամբ ապրանքների մատակարարման իրավունք։ Մյուս մասնակիցը՝ «Ջի Թի Սի» ՍՊԸ-ն եւ «Ագաստ» ՍՊԸ կոնսորցիումը հայտով առաջարկել են թունանյութը մատակարարել 32 մլն 687 հազար դրամով: Գյուղատնտեսության նախարարության եւ «Հրաշք այգի» ՍՊ ընկերության միջեւ 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքվել էր մատակարարման պայմանագիր, որը, սակայն, ըստ իրավաբանի, օրինական չէ եւ ներկայում վիճարկվում է դատարանում։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրում ներառվել են գնման առարկայի հատկանիշներ, որոնք որեւէ առնչություն չունեն պետական կարիքի համար գնվող ապրանքի համարժեքության հետ։ Բնութագրով պահանջվել է կարմիր մածուկ, իսկ «Հրաշք այգու» արտադրանքը սպիտակ փոշի է։ Իրավաբանը կարծում է, որ սրանով խախտվել են ընկերության իրավունքները, եւ վնաս է պատճառվել «Հրաշք այգուն»։

Այս ամենի արդյունքում նախարարությունը մարտի 18-ին նոր՝ շտկված տեխնիկական բնութագրով ապրանքի գնման հրավեր է ներկայացրել ընկերություններին, որից հետո հաղթող է ճանաչվել «Աէս թրեյդ» ՍՊԸ-ն՝ 19 մլն 915 հազար 830 դրամի առաջարկ ներկայացնելով։ ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողների վեճի վերաբերյալ որոշում դեռ չի հրապարակել։