Փաշինյանը և հին համակարգը
Այսպես կոչված՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության «պատճառներից» մեկն էլ, եթե հիշում եք, Հայաստանի իշխող համակարգն էր` իր բազմաթիվ ու բազմապիսի թերություններով հանդերձ: Փաշինյանը գալիս էր այդ ամենը վերացնելու, համակարգի հիմքում բացարձակապես նոր տիպի ու նոր որակի հարաբերություններ ձեւավորելու, ըստ էության` նոր Հայաստան կառուցելու խոստումներով: Եվ համակարգային արատներից բառիս բուն իմաստով զզված հանրությունն այդ ամենն ընդունեց որպես փոփոխությունների սկիզբ կամ սկզբի նախանշան, հավատաց եւ աջակցեց մարդկության պատմության մեջ թերեւս ամենաարտառոց հեղափոխությանը, որ հետագայում իր անունը ստացավ միջազգային ասպարեզում` «հեղափոխություն հայկական ձեւով» կամ «հայկական հեղափոխություն»: Էպոսն ու հեքիաթը ժողովրդական բանահյուսության ամենածավալուն եւ ամենահետաքրքիր ժանրերն են, բայց, որքան մեզ հայտնի է, այն օրը, երբ մարդն առաջին անգամ թռավ տիեզերք, մարդկությունը դադարեց էպոս ու հեքիաթ ստեղծել: Մենք, փաստորեն, 21-րդ դարում, երբ նույնիսկ քաղաքագիտության մեջ նոր բան չի ստեղծվում, միջազգային հանրությանը մի նոր, կատարյալ առասպել մատուցեցինք, ընդ որում` խնամքով գրված եւ նույնիսկ համակարգչով հավաքված սցենարով:
Այլ խոսքով` իրեն սպառած եւ փակուղում հայտնված համակարգը, վերարտադրության այլ ճանապարհ չտեսնելով, «հեղափոխություն» պարգեւեց ժողովրդին` ձեռքի հետ լուծելով նաեւ իսկական բունտերից ու հեղափոխությունից խուսափելու խնդիրը: Փաշինյանն այս պատմության մեջ կատարել է քաջարի ասպետ Դոն Քիշոտի դերը, մինչդեռ «հայկական հեղափոխության» մեջ, պարզվում է, գլխավոր հերոսը Ռոսինանտն է` ասպետի քնձռոտ ձին, մեր դեպքում` անկախության երկարուձիգ 30 տարիների ընթացքում ձեւավորված քնձռոտ համակարգը, որ դիմադրում էր ասպետի խելահեղ մտասեւեռումներին, բայց մյուս կողմից էլ սահուն կերպով նրան բերում իշխանության: Առաջին հայացքից անհավատալի է թվում, բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ չեն անտեսվել նույնիսկ Սերվանտեսի հողմաղացները, որոնք հայկական տարբերակում դարձել են արագաչափեր: Էլ չեմ խոսում Փաշինյանի քաղաքական թիմի` Սանչո Պանսայի ու նրա ավանակի մասին, որը հայկական պատումի մեջ Չալո շունն է:
Հեղափոխության սերվանտեսյան բաժինն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի` Երեւան մուտքով, եւ հենց այդ պահից սկսում են բացվել անկախ Հայաստանի թիվ մեկ ռահվիրա Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ կոդերը, որոնց մասին նա խոսել էր դեռեւս 2015 թվականին: «Ցախավելը հեծած՝ կհասնեն Ազատության հրապարակ, իրենք իրենց կհռչակեն միակ ընդդիմություն եւ կգնան Բաղրամյան 26: Եվ նրանց ոչ միայն ոչ ոք չի խոչընդոտի, այլեւ ամեն ինչ կանեն, որ նրանց հավաքներն ավելի բազմամարդ լինեն»: Եթե, այսպես կոչված՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության մեջ որեւէ շեղում կա վերոբերյալ «կոդից», ապա ես պատրաստ եմ ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից:
Սակայն հեղափոխությունը միայն տեսարաններով չէ, որ հեղափոխություն է, հեղափոխությանը պետք է հաջորդեն որոշակի քայլեր, իսկ եթե այդ հեղափոխությունը նաեւ հին համակարգը քանդելու եւ նոր Հայաստան ստեղծելու նպատակ է դրել իր առջեւ, ապա այդ քայլերը պետք է լինեն այնպիսին, որ ժողովուրդն անմիջապես զգա դրանց բարերար ազդեցությունը: Հակառակ պարագայում հեղափոխությանը հետեւում է, նախ, հանրության տարակուսանքը, իսկ հետո վրա է հասնում հիասթափությունը` հղի անկանխատեսելի հետեւանքներով, բայց արդեն ոչ թե հեղափոխության առաջնորդների (վերջիններս, սովորաբար, Սահակաշվիլու կամ Պորոշենկոյի նման արագ «թռնում» են), այլ երկրի ու ժողովրդի համար:
Հին համակարգի հույսը, որ կկարողանա դեռ մի որոշ ժամանակ գոյատեւել եւ ցույց տալ, թե Հայաստանում բան է փոխվել, մեծ հաշվով, չի արդարանում: Մարդիկ այլեւս նույն մոլեռանդությամբ չեն հավատում նոր իշխանությանը, հեղափոխության միֆը մեռնում է այն արագությամբ, ինչ արագությամբ ծնվել էր Ֆրանսիայի հրապարակում: Այս իրավիճակում համակարգը պետք է գնա նոր զիջումների, ինչն ակնհայտորեն պատրաստ չէ եւ չի ցանկանում: Այն, ինչ տվել է այս հեղափոխությունը, արդեն իսկ առավելագույնն է, որ իր կամքով կարող էր զիջել հին համակարգը: Փաշինյանն այժմ ստիպված է բավարարվել այդ փշրանքներով, որովհետեւ ավելիի մասին խոսակցություն անգամ չի կարող լինել, որովհետեւ ավելին արդեն շոշափելու է համակարգի անձեռնմխելի շահերը:
Եվ ի՞նչ է անում Փաշինյանը: Կարծում ենք` նա հասկանում է, որ տրագիկոմեդիան մոտենում է հանգուցալուծմանը, եւ, ըստ երեւույթին, արդեն մտքում որոշակի հաշվարկներ է անում գեղեցիկ հեռանալու հարցի շուրջ: Բայց գեղեցիկ հեռանալ չի հաջողվելու, պարոն Փաշինյան: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ մեկ տարում ոչինչ չեք արել, այլ այն, որ համաձայնել եք ծառայել հին համակարգին եւ կամավոր ստանձնել մի գործ, որի նպատակն ամենեւին էլ նոր Հայաստան կառուցելը չէր: Ասում են` Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով: Ձեզ, պարն Փաշինյան, համակարգն է ստեղծել իր պատկերով, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ մեկ տարում Դուք նմանվեցիք այդ նույն համակարգի նախկին ղեկավարներին: Փորձեք համադրել վերջին շրջանի Ձեր քայլերը նրանց քայլերի հետ, Ձեր պահվածքը` նրանց պահվածքի հետ, Ձեր տնտեսական հաջողությունները՝ նրանց տնտեսական հաջողությունների հետ, Ձեր թվանկարչությունը՝ նրանց թվանկարչության հետ, ժողովրդի խնդիրների հանդեպ ունեցած վերաբերմունքը՝ նրանց արհամարհանքի հետ, Ձեր կադրային քաղաքականությունը՝ նրանց կադրային քաղաքականության հետ:
Շատ չէ, մայիսին կգնա, մինչեւ աշուն հազիվ ձգի, Նոր տարին կդիմավորենք նոր ղեկավարով. այսպիսի բաներ են խոսում մարդիկ Փաշինյանի ու նրա կառավարության մասին: Ընդհուպ սցենարներ են գրվում, թե «Իմ քայլի» որոշ պատգամավորներ «հեսա-հեսա» միանալու են ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, որպեսզի վարչապետի թավշյա փոփոխություն իրականացնեն: Այս ամենը, իհարկե, դավադրությունների տեսություն է, սակայն այլեւս իրողություն է փաստը, որ Փաշինյանն այսօր հին համակարգի գլխին նստած մի «հրեշտակ» է, որի հաշվին այդ համակարգը շարունակում է ապրել ու բարգավաճել` թող որ առանց ճչացող պաշտոնների ու ցցուն լծակների:
21-րդ դարն է, ինչի՞ վրա ենք զարմանում: Մարդիկ, Վաշինգտոնում նստած, Աֆրիկայում, Վրաստանում, Ուկրաինայում հեղափոխություններ են անում: Բայց քանի որ մենք հայ ենք, մեր հեղափոխությունը մենք արեցինք, էն էլ ինչ հեղափոխություն` թավշյա, ոչ բռնի… Մենք հո թույլ չէի՞նք տա, որ օտարները մեր հողում հեղափոխություն անեին ու, Աստված մի արասցե` մեր նորին մեծություն համակարգը «փչացնեին»:
Կարծիքներ