Կառավարության բարձր եւ ցածր որակի անդամները

Կառավարության բարձր եւ ցածր որակի անդամները

Թեեւ արտաքուստ իշխանության են եկել ժողովրդի ծոցից ելած մարդիկ եւ, թվում է, ավելի պարզ ու ոչ քաղքենի իշխանություն պետք է ունենայինք, սակայն պաշտոնավարման առաջին իսկ օրերից նրանք սկսեցին վայելել պաշտոնի բերած արտոնությունները՝ շրջել թիկնապահներով եւ ուղեկցող մեքենաներով։ Տարանջատվել հասարակությունից եւ շարքային մարդկանց համար դժվարացավ նրանցից շատերի հետ հանդիպելը։ Եւ արարողակարգային հարցերում էլ հաճախ գերազանցեցին նախորդներին՝ նրանց դիմավորել- մեծարելու, իրենց ներկայությամբ ձիգ կանգնելու եւ այլ միջադեպերը ապացույց։

Կառավարության նախկին անդամներից մեկը երեկ հետեւել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Զատկի պատարագին եւ զարմացել կառավարության անդամների «դասավորությունից»։ Նա մեզ ասաց՝ նախ, անցյալում երբեք պետության ղեկավարներն այդքան հաճախ իրենց զավակներին չէին բերում ասպարեզ, հիմա ամբողջ երկիրը կամ կարդում է Նիկոլ Փաշինյանի աղջկա խրատական ստատուսները, կամ հետեւում, թե նա որ սրճարանում է օրն անցկացնում, ինչ է հագնում եւ այլն։ Բայց ավելի կարեւոր է պաշտոնյաների դասավորությունը բեմին մոտ։ Առանձնացված, բեմին մոտ աթոռներին 1-ին շարքում նստած էր Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու աղջկա հետ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Տիգրան Ավինյանը՝ կնոջ հետ, Մհեր Գրիգորյանը՝ կնոջ հետ, Արմեն Գրիգորյանը։

Երկրորդ շարքում նստած էին Զոհրաբ Մնացականյանը՝ կնոջ հետ, Արթուր Վանեցյանը՝ կնոջ հետ, Վալերի Օսիպյանը՝ կնոջ հետ, Արթուր Դավթյանը՝ կնոջ հետ։ Իսկ կառավարության անդամներ Արայիկ Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը եւ կինը, Հակոբ Արշակյանը ճաղերից դուրս էին՝ հասարակ ժողովրդի հետ:

Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, բացի նրանից, որ կառավարության անդամներ չհանդիսացող ուժայինները՝ ԱԱԾ եւ ոստիկանության պետերն ավելի բարձր կարգավիճակ ունեն մեր երկրում, քան կառավարության անդամները։ Եւ խոսքը սոսկ նստելու տեղի մասին չէ, այլ իրական կարգավիճակի եւ երկրում ունեցած դերակատարման։ Ինչպես նաեւ տարրական արարողակարգային հարցերում անփութության դրսեւորման։