ՀՀ-ն խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին

ՀՀ-ն խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկների երրորդ փաթեթին, որը փոխանցվել էր հայկական կողմին:

«Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի:

«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը: