Օսիպյանը դժգոհեց՝ ճանապարհները վատ են լուսավորված, մեքենաները տեխզննում չեն անցնում

Օսիպյանը դժգոհեց՝ ճանապարհները վատ են լուսավորված, մեքենաները տեխզննում չեն անցնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբին անդրադարձավ վերջին օրերի ողբերգական ավտովթարներին, որոնց արդյունքում մեծ թվով զոհեր ունեցանք։ Նա հիշեցրեց, որ ոստիկանությունում օրենքի նախագիծ է մշակվում, որի նպատակը կարգազանց վարորդներին երթևեկությունից ընդհանրապես հեռացնելն է, և այդ նախագիծն Ազգային ժողովում է։ Փաշինյանը նկատեց, որ ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աննախադեպ ավելացել է, ներկրումները մեծ ծավալով շարունակվում են, և ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ։ Ապա դիմեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, թե ինչ միջոցներ են ձեռնարկում այս հարցում շոշափելի փոփոխություն իրականացնելու հարցում, մինչև օրենքի նախագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի։ Օսիպյանը, ցավ հայտնելով ողբերգական վթարներից տուժածների և զոհերի համար, նախ վիճակագրական տվյալներ ներկայացրեց և վստահեցրեց, որ յուրաքանչյուր դեպքով իրենք ուսումնասիրություններ են իրականացնում և ֆիզիկապես չեն կարող այն հատվածներում, որտեղ զոհեր են ունենում, վերակարգեր ունենալ։ Ապա խոսեց ավելի կոնկրետ խնդիրներից՝ մատնանշելով ամենակարևորներից երկուսը՝ ճանապարհների վատ վիճակն ու տրանսպորտային միջոցների տեխզննում չանցնելը։ Սրանով Օսիպյանը «միամտաբար» գնդակը գցեց տրանսպորտի դաշտ, ըստ այդմ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ենթակա տիրույթ։

«Ես կուզենայի նշել, որ ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում, պարոն վարչապետ, նաև ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն աննկատ համակարգ է, ձևական բնույթ է կրում կամ ընդհանրապես չի կրում՝ տեխզննում չի իրականացվում։ Ինձ ամեն օր ամփոփագրեր են ներկայացնում, որ մեքենան կորցրել է կառավարումն ու ընկել ձորը։ Այսինքն՝ ինչ-որ մի դետալ մաշվել է, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն էսօր շուկայում թե՛ տերերը, թե՛ ներկրողներն ընդամենը փայլեցնում են արտաքնապես, բայց բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում։ Նախկինում դա պարտադիր էր»,- ասաց Օսիպյանը։

Նա նաև կարևորեց օր առաջ բալային համակարգի ներդրումը, ինչի հետ համաձայնեց նաև վարչապետը։