Եթե «Իսկանդեր» կիրառվեր, պատերազմն այլ ելք կունենար

Եթե «Իսկանդեր» կիրառվեր, պատերազմն այլ ելք կունենար

«Իսկանդերին» վերաբերող հայ-ադրբեջանա-ռուսական սկանդալը շարունակվում է, սա երկրորդ մասն է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երեկ արձագանքելով Ադրբեջանին, հայտարարել է, որ Կրեմլը «տեղեկություն չունի», թե որտեղից են հայտնվել ադրբեջանական կողմի իբրեւ թե հայտնաբերած «Իսկանդեր» հրթիռի բեկորները: «Դա հաստատված է»,- նշել է Պեսկովը։
 Այս պահի դրությամբ, փաստորեն, կարող ենք արձանագրել․ եթե Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունից հետո, թե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով, ռուսական ռազմական փորձագետները բացի այն, որ ծաղրում էին ՀՀ առաջին դեմքին՝ տարրական ռազմական գիտելիքներ չունենալու համար, նաեւ հղում էին անում Ադրբեջանին, որ նրանք էլ են հաստատել՝ «Իսկանդեր» չի կիրառվել, ապա հիմա իրավիճակը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարությունը, ըստ էության, հաստատում է Ադրբեջանը։ Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանից հայտարարեցին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր»։

Մենք ռուսաստանցի ռազմական փորձագետ Վիկտոր Ցիգանյոկից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Ադրբեջանը միացել Հայաստանի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Վերջինս ասաց, որ հրթիռային գործի մասնագետները գիտեն, որ Հայաստանին վաճառվել են «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, որոնք պահեստներում են։ «Պետք է հստակ հասկանալ, որ մասնագետները, որոնք պատրաստում են «Իսկանդերների» գործածումը, բավականաչափ նախապատրաստված չեն եղել։ Այն մասնագետները, որոնք հիմա Հայաստանում են, նրանք պատրաստ չեն եղել»,- ասաց Ցիգանյոկը։

Նա կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են «Տոչկա U»-եր։ ««Իսկանդեր»-ը եւ «Տոչկան» միանգամայն տարբեր սպառազինություններ են՝ թեկուզ այն պատճառով, որ քանի որ «Իսկանդերը» կարող է կիրառվել նաեւ միջուկային պատերազմում, վերահսկվում է ՌԴ-ի կողմից»։

Ռուսաստանի հետ հարաբերությունների նրբերանգներին տիրապետող Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին էլ հարցրինք՝ ունի՞ վարկած, թե այս ինչ աշխարհաքաղաքական խաղեր են։ Արամ Սարգսյանն ասում է․ «Նախ, ես մի անգամ արդեն հայտարարել եմ, որ եթե Հայաստանն իրականում «Իսկանդեր»-ն օգտագործեր, պատերազմը կանգ կառներ հենց 5-րդ օրը, որովհետեւ էդ հզոր զենքն օգտագործելուց հետո, նայած որ կողմ ես ուղարկում եւ ինչ ճշգրտությամբ ես օգտագործում, այն անպայման հետ էր կանգնեցնելու թշնամուն իր ծրագրերից։ Բայց դա չի եղել, որովհետեւ ինքնին հասկանալի է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ չի օգտագործել «Իսկանդեր»»։

Արամ Սարգսյանն անհավանական է համարում վարկածը, որ այն իբրեւ թե օգտագործվել է Գյանջայի օդանավակայանին խփելու համար, իսկ հայտնվել է դրանից 6 կմ հեռավորության վրա։ Հետեւաբար, կարծում է, որ Ադրբեջանը նման հայտարարություն անում է թե՛ ռուս-թուրքական հարաբերությունների  հետ, թե՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի գործունեության հետ կապված։ Իսկ ի՞նչ նպատակով։ Արամ Սարգսյանն ասաց․ «Ադրբեջանը եւ Թուրքիան չեն էլ թաքցնում, որ երազում են, որ 6 թյուրքալեզու պետությունները լինեն 1 ազգի անվան տակ, եւ այդ 6 պետությունները միություն են կազմելու եւ ունենալու են միասնական զորամիավորումներ։ Դա նշանակում է, որ իրենք գնում են աշխարհաքաղաքական գործոն դառնալու ճանապարհով»։

Հայտարարելով, որ «Իսկանդերը» կրակվել է, Ադրբեջանը, այնուամենայնիվ, փչացրե՞ց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Փաստորեն, կասկածի տակ առավ ռուսական զենքի թագ ու պսակ «Իսկանդերի» արդյունավետությունը։ Դեմկուսի նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում այս հարցն առանձնակի տեղ է գրավում միայն այն պատճառով, որ տարածաշրջանում Ադրբեջանի բացահայտ հակառուսականությունը բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ «Որովհետեւ վտանգը հստակ է՝ ՆԱՏՕ-ն արդեն օրինական ճանապարհով կհայտնվի Կասպից ծովի ափերին, ինչը ՌԴ-ի համար անընդունելի տարբերակ է։ Դրանից ելնելով է, որ Ռուսաստանը հանդուրժում է Ալիեւի լկտիությունը։ Որովհետեւ կա վտանգ, որ, այո, Թուրքիայի հետ տանդեմ կազմելով՝ նրանք կարող են ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում»,- ասաց նա։ 

Որպես ամփոփում, Արամ Սարգսյանը նշեց՝ ՌԴ-ն դեռեւս ապարդյուն փորձեր է անում հակազդելու Թուրքիային, բայց նաեւ կասկածից վեր է, որ հետագայում փորձելու է վերականգնել իր դիրքերը, որոնք կորցրեց հայկական ապաշնորհ քաղաքականության եւ նաեւ իր՝ ՌԴ-ի թույլ տված սխալների պատճառով։