Միանշանակ է, որ Կարմիր Շուկայի հարցը կա օրակարգում

Միանշանակ է, որ Կարմիր Շուկայի հարցը կա օրակարգում

Արցախում որոշ շրջանակներ համոզված են, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են արտահերթ ընտրություններ Արցախում: Սրանով են պայմանավորված Արայիկ Հարությունյանի համայնքային այցելությունները։ Նախօրեին դրանցից մեկի ժամանակ ԱՀ նախագահի՝ Կարմիր Շուկայի հետ կապված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նա ասել էր, որ կեղծ հայրենասերները լուրեր են տարածում, թե շուտով Կարմիր Շուկան անցնելու է հակառակորդի վերահսկողության տակ, ապա հարցրել՝ ո՞ւր էիք, երբ Կարմիր Շուկան վտանգված էր։ Իրականում Կարմիր Շուկայի հարցը փակ չէ, ինչպես Հարությունյանն էր օրեր առաջ վստահեցնում, եւ հակառակորդն այն պահանջել է գերիների դիմաց։ Արցախյան իրադարձությունների մասին զրուցեցինք ԱՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախում եւս ընտրություններ տեղի ունենան, Արայիկ Հարությունյանի համայնքային այցերն ա՞յդ նպատակով են։ Եվ տեղյա՞կ եք՝ նրա հետ հանդիպումներին մարդիկ ինքնակա՞մ են գնում, թե՞, ինչպես Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ, վարչական ռեսուրսի շնորհիվ։

- Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ում այցերի նպատակն առաջիկա ընտրություններն են եւ իր իշխանության վերարտադրությունը, Արայիկ Հարությունյանի համայնքային այցերի նպատակը սեփական իշխանության ամրապնդումն է։ Հարությունյանը փորձում է արտաքին ֆոն ստեղծել, թե ինքը մերժված չէ, իրեն ընդունում են, իր հանդիպումներին մարդիկ են ներկայանում։ Մենք, սակայն, իրականությունը լավ գիտենք։ Մարդիկ հանդիպում են նրա հետ, որովհետեւ թաղված են խնդիրների մեջ, իսկ իրենց գյուղապետերի կամ իշխանության այլ ներկայացուցչի միջոցով ասվում է՝ եկեք, երկրի նախագահին պատմեք ձեր խնդիրների մասին, եւ դրանք լուծում կստանան։ Իսկ ի՞նչ ենք տեսնում հանդիպումների ընթացքում՝ պարգեւատրումների ծիսակատարություն։ Արայիկ Հարությունյանը փորձում է պարգեւատրել հնարավորինս շատ թվով մարդկանց, ոմանց պաշտոններ է տալիս եւ այլն։

Բայց վստահ ենք, որ, որ Արայիկ Հարությունյանը չի գնա արտահերթի, դրա արդյունքում ո՛չ իր «Ազատ հայրենիքը», ո՛չ կոալիցիոն գործընկեր «Միասնական հայրենիքը» չի կարող նույն քանակով վերարտադրվել, շատ հնարավոր է ԱԺ-ում էլ ներկայացված չլինեն։ Ստեղծված իրավիճակում Արցախում վարչական ռեսուրսն էլ չի կարող փրկել իրենց։

Ինչ վերաբերում է իր այցի ժամանակ հայտարարություններին, ինձ պարզապես զարմանք է պատճառում, երբ Արայիկ Հարությունյանը խոսում է Կարմիր Շուկայի մասին, կեղծ հայրենասեր անվանում այդ մասին խոսողներին։ Մի մարդ, ով պատերազմի ողջ ընթացքում առիթ էր ման գալիս հայաստանյան իշխանություններին  հրապարակային շնորհակալություն հայտնելու, իսկ պատերազմից հետո հանկարծ ձայնագրություն է տարածվում, որից պարզ է դառնում, որ պատերազմի ընթացքում քննադատում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս չի աջակցել՝ պահեստազորային զորք չի ուղարկել Շուշիի պաշտպանության համար։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, երբ Արայիկ Հարությունյանը ե՛ւ նալին, ե՛ւ մեխին է խփում, երբ պետք է, սիրաշահում է Նիկոլին, երբ պետք է, քննադատում է։ Հիմա երեւի այդ ժամանակն է։

- Մի քանի օր առաջ Կարմիր Շուկայի խնդրից խոսեց Արայիկ Հարությունյանը՝ ասելով, որ թեման փակ է։ Այսինքն չթաքցրեց, որ նման քննարկումներ, բանակցություններ եղել են։ Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է այս մասին, որն այսքան նյարդայնացնում է Հարությունյանին։

- Եթե հետհայացք անենք, կտեսնենք, թե քանի անգամ է Արայիկ Հարությունյանը սուտ խոստումներ տվել, ավելի ուշ պարզվել է, որ ինքը սուտ է ասում։ Օրինակ, Արցախի օդը փակ լինելու մասին իր հայտարարությունը, որ 20 տարի էլ դեռ Արցախի հարց չի լուծվելու, եւ հիմա պետք է տնտեսապես զարգանանք, իր երդումը, որ անառիկ է պահելու մեր սահմանները, եւ այսպես շարունակ։ Այնպես որ, իր հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, որպես կանոն, նա «պրավալ» է տվել իր բոլոր խոստումները, դրանք օրինաչափորեն հերքվել են։ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն ասես երկվորյակ եղբայրներ լինեն, մեկը մյուսին, թեկուզ սուտ հայտարարություններով, փորձում են աջակցել, շարունակել իրենց հայակործան իշխանությունը։
Ուրիշներին կեղծ հայրենասեր անվանելու փոխարեն Արայիկ Հարությունյանը թող իր հայրենասիրությունն ապացուցի, եթե իրական հայրենասեր է, եւ Արցախի հողն էլ իր համար սրբություն է, թող կանգնի ու հերքի Հովիկ Աղազարյանին ու ասի, որ Արցախի հողի անբաժանելի մաս է Քելբաջարը, մեր Դադիվանքը, որն այսօր մեզ հասանելի չէ ու շաբաթը մեկ անգամ ռուս խաղաղապահների միջոցով է մեզ հասանելի դառնում։ Թող կանգնի ինքը, կամ իր իշխանական 25 պատգամավորներից մեկը կանգնի եւ ասի, որ Աղազարյանը ճիշտ չէ։ Եթե չեն անում, մենք մտածում ենք, որ լռությունը համաձայնության նշան է։

- Այսինքն հնարավոր է, որ Կարմիր Շուկան անցնի հակառակորդի վերահսկողության տա՞կ, տեւական ժամանակ է՝ խոսում են, որ այն կարող է գերիների դիմաց տան։

- Եթե Արայիկ Հարությունյանը խոսում է այդ թեմայով, միանշանակ է, որ օրակարգում կա այդ հարցը, ըստ երեւույթին, նա իր համար ալիբի է ապահովում, որպեսզի, Աստված չարասցե, եթե նման բան լինի, չեմ բացառում, որ հայտարարի, թե իբր ինքը դեմ է եղել, սակայն անհետ կորածների, գերիների ծնողները ճնշել են իրեն։ 75 տոկոս հող հանձնած անձից ամեն ինչ էլ սպասելի է, սպասելի է, որ Գարեգին Նժդեհի արձանն էլ կհանի, համենայնդեպս, Մարտունի իր այցից հետո սկսվեց այդ խոսակցությունը, եւ հնարավոր է իր այցը Մարտունի տողատակում հենց այդ նպատակն ուներ, որ խոստացել է հանել այդ արձանը։