Օբամայի, Ցուկերբերգի ու թայվանցիների հարցը՝ օդում կախված

Օբամայի, Ցուկերբերգի ու թայվանցիների հարցը՝ օդում կախված
Օբամա, Ցուկերբերգ

Հոկտեմբերի 6-9-ը Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, տեղի կունենա WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Սա խոշոր ու մեծամասշտաբ իրադարձություն է Հայաստանի համար, որին ամբողջ աշխարհից սպասվում է ավելի քան 2 հազար մարդու մասնակցություն՝ տեղեկատվական եւ  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, պետական պաշտոնյաներ, գիտնականներ եւ այլք։ Մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ համաժողովին մասնակցելու նպատակով հնարավոր է Հայաստան ժամանեն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսը, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ այլ նշանավոր անձինք։ Անգամ նշվում էր, թե այցելելու եւ համաժողովին ելույթ ունենալու համար Օբամային մոտ 400 հազար դոլար է վճարվելու։

WCIT-2019-ի հայաստանյան կազմակերպության գրասենյակից, սակայն, որեւէ հստակ բան չասացին այս մասով՝ վերոնշյալ անձինք կգա՞ն Հայաստան, թե՞ ոչ։ Միայն նշեցին, որ իրենց գրասենյակը որոշակի պարբերականությամբ հրապարակում է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բանախոսների անունները միջոցառման պաշտոնական կայքում՝ հորդորելով հետեւել կայքին։ «Մնացած բոլոր աղբյուրներից անունների հայտարարումը նշանակում է շահարկում եւ խոչընդոտում է աշխատանքների կազմակերպմանը։ Մեր խնդրանքն է՝ հետեւել միայն պաշտոնական կայքին ու սոցմեդիայի հարթակներին։ Որեւէ այլ աղբյուր ստուգված տեղեկություն հրապարակել չի կարող»,- նշեցին գրասենյակի հանրային կապերի բաժնից։

Արտաքուստ «անմեղ» ու ոչ քաղաքական թվացող այս համաժողովը, իրականում, իր մեջ բավականին լուրջ քաղաքական, ի մասնավորի՝ արտաքին քաղաքական նրբերանգ է պարունակում։ Բանն այն է, որ միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Թայվանից գիտնականներ։ Հայտնի է, որ Թայվանը մասամբ ճանաչված պետություն է, մասնավորապես՝ Հայաստանը Թայվանի անկախությունը չի ճանաչել եւ այն համարում է Չինաստանի մաս։ Ուստի Թայվանից կարող են Հայաստան ժամանել քաղաքացիներ միայն Չինաստանի անձնագրով, ո՛չ իրենց։ Ու հիմա Հայաստանը հայտնվել է բարդ դրության մեջ։

Չինաստանի՝ սոցիալիստական դառնալու պատճառով «մայր երկրից» առանձնացած ու կապիտալիստական ուղղությամբ զարգացող Թայվանն աշխարհում, կարելի է ասել, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի առաջընթաց ապահովող կենտրոններից մեկն է։ Եվ նրանց կողմից մեր երկրում անցկացվող համաժողովին մասնակցելը, տնտեսական հետաքրքրություն  ցուցաբերելը կարող են բավականին նպաստավոր դիտվել մեզ համար։ Սակայն Թայվանից պաշտոնապես՝ որպես առանձին պետության ներկայացուցիչներ, նրանք չեն կարող ներկայանալ։ Վերջերս Թայվանի էկոնոմիկայի նախարարը Հայաստան էր ժամանել Չինաստանի անձնագրով՝ որպես հասարակ քաղաքացի, ո՛չ որպես Թայվանի էկոնոմիկայի նախարար, եւ դա գրեթե դիվանագիտական սկանդալի բուն էր դարձել․ չինական կողմը քիչ մնաց նոտա հայտնեն այդ առիթով։

Եթե Հայաստանը Թայվանից ժամանողներին մուտքի վիզա տա՝ որպես Թայվանի առանձին հանրապետության քաղաքացիների, կարող է խնդիր ունենալ բարեկամ Չինաստանի հետ։ Հայաստանը Թայվանի փոխարեն ճանաչում է Թայբեյը՝ որպես Չինաստանի խոշոր քաղաքներից մեկը, որը Թայվանի մայրաքաղաքն է համարվում։ Մեզ համար այն, կարելի է ասել, մարզկենտրոնի կարգավիճակ ունի։

Մեր հարցին՝ Թայվանից մասնակիցներ լինելո՞ւ են, եթե այո, ապա ի՞նչ հրավերով, ի՞նչ պայմաններով, նրանց տաղավար հատկացվելո՞ւ է, թե՞ ոչ, WCIT-2019-ի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ իրենք բաց հրավեր են հղել աշխարհի տարբեր երկրների, քաղաքների, ընկերությունների, ՏՀՏ նախարարությունների, ՏՏ ասոցիացիաների ղեկավարների եւ ոլորտով հետաքրքրված մարդկանց՝ մասնակցելու WCIT-2019-ի շրջանակում անցկացվող համաժողովին եւ էքսպոյին։ Մասնակցության սկզբունքը բոլորի համար նույնն է։ Իսկ կոնկրետ Թայվանի մասով հստակեցրին․ «Ամբողջ աշխարհի ՏՀՏ համայնքին բաց հրավեր է ուղղվել, հայտ եղել է նաեւ Թայբեյի մասնավոր հատվածից, որն այս պահին ընթացքի մեջ է, ինչպես շատ այլ հայտեր»։ Իսկ կընդունեն, թե ոչ, եւ Թայբեյից ովքեր են կոնկրետ հայտ ներկայացրել՝ մասնակցելու համաժողովին, չասացին։ Առհասարակ, թե՛ WCIT-2019-ի հայաստանյան գրասենյակից, թե՛ մեր ԱԳՆ-ից այս հարցում բավականին զգույշ են, որ հանկարծ Չինաստանի հետ հարաբերություններ չփչացնեն։

Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից էլ նախ հիշեցրին, որ Հայաստանը հավատարիմ է «Մեկ Չինաստանի» սկզբունքին, որն արտահայտված է 2015թ. մարտին կնքված համատեղ հռչակագրում։ Ապա հավելեցին, որ սովորական (նկատի ունեն՝ չինական) անձնագիր կրող թայվանցիները Հայաստան մուտքի արտոնագիր ստանում են E-visa առցանց համակարգի միջոցով կամ սահմանին, ինչպես նաեւ՝ դիմելով ՀՀ որեւէ դեսպանություն: «Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) մասնակցելու համար ՀՀ ազատորեն կարող են մուտք գործել սովորական անձնագիր կրող թայվանցի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ցանկացած այլ անձնագրով ՀՀ մուտքի արտոնագիր չի տրամադրվում»,-հստակեցրին ԱԳՆ-ից։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ համաժողովին տաղավար վարձակալելն ու դրան պարզապես մասնակցելը բավականին թանկ հաճույք են՝ տաղավարների գինը կարող է հասնել ընդհուպ 20-25 հազար դոլարի, իսկ զուտ մասնակցության տոմսի արժեքը միջինը 500 դոլար է։ WCIT-2019-ի կազմակերպչական գրասենյակից մեզ հայտնեցին, որ տոմսերի արժեքները ժամանակ առ ժամանակ փոխվում են․ այս պահին 395-695 դոլարի սահմանում են։ Իսկ տաղավարի տրամադրումը կապված է գործընկերության կարգավիճակի հետ։