Ջրի սակագինը կարող է պահպանվել, իսկ գազի հարցով դեռ անորոշ է

Ջրի սակագինը կարող է պահպանվել, իսկ գազի հարցով դեռ անորոշ է
Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այս օրերին բանակցում ու քննարկում է գազի եւ ջրի սակագների վերանայման հարցը։ Գազի հարցով բանակցությունները վաղուց են սկսվել, եւ արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են։ Այն իր տեսակով ավելի բարդ գործընթաց է, քանզի քաղաքական տարրեր է պարունակում։ Իսկ ջրի հարցով էլ հանձնաժողովը բոլորովին վերջերս՝ օգոստոսի 7-ին է հայտ ստացել ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունից, որը միջնորդում է գինը 1.8 դրամով ավելացնել։ ՀԾԿՀ նախագահ, էներգետիկայի նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին քննարկում են «Վեոլիա ջրի» սակագնի վերանայման հարցը, բայց, ելնելով մի շարք հանգամանքներից, ըստ ամենայնի՝ սակագինը փոփոխության չեն ենթարկի, կթողնեն նույնը։ Ըստ Բաղրամյանի՝ ընկերությունն այս պահին ֆիքսված 180 դրամ սակագնի փոխարեն առաջարկում է 181.8 դրամ։

Բաղրամյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը 2017 թվականից «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ որպես մեկ միասնական օպերատորի, ըստ պայմանագրի՝ 15 տարով վարձակալության է տվել Հայաստանի ջրմուղ-կոյուղու համակարգերը։ Այդ պայմանագրով սահմանված են բազիսային գներ՝ ամեն տարվանը՝ առանձին արժեքով։ 2020 թվականի, այսինքն՝ 4-րդ տարվա համար ընկերությունը սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել։
«Բացում ենք այդ 15 տարվա բազիսային գների աղյուսակը, վերցնում ենք չորրորդ տարվա բազիսային գինը, էդտեղ կոնկրետ բանաձեւերը գրված են, փաստացի վաճառված ջրի ծավալներով ճշգրտում ենք անում, ճշգրտում ենք անում սղաճով եւ էլեկտրաէներգիայի գնի փոփոխությամբ։ Էդ երեք հիմնական գործոնով ճշգրտումն արվում է, եւ հայտը տրվում։ Քանի որ սղաճը պաշտոնապես հրապարակվող թիվ է եւ վիճելի չի կարող լինել, էլեկտրաէներգիայի գինը գիտենք, որ այս պահին չի փոխվել, ուրեմն դա էլ վիճելի չէ, միակ տարբերությունը կարող է լինել փաստացի ջրի ծավալը։

Ըստ իրենց ներկայացրած հայտի՝ իրենք տվել են, հունիս ամիսը ներառյալ, տարեկան ծավալը, բայց մենք, քանի որ ունենք 80 աշխատանքային օր՝ նայելու, ունենում ենք նաեւ հուլիսի տվյալները։ Ու քանի որ կա որոշակի միտում, որ ջրի սպառումն անընդհատ աճում է, դրա համար ես կանխատեսում արեցի, որ միայն այդ գործոնն արդեն բավարար է, որ սակագինը որոշակի իջնի իրենց առաջարկած հայտից։ Ես կանխատեսում եմ, որ վերջնական 180 դրամ սակագինը կվերահաստատվի»,- սակագնի ձեւավորման գործընթացը բացատրեց Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի վերջին նոր այս հարցը կմտցնեն հանձնաժողովի նիստի օրակարգ եւ կհաստատեն, որ հունվարի 1-ից այն ուժի մեջ մտնի։

Ինչ վերաբերում է գազի գնին, պարոն Բաղրամյանն ասաց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ «Ամսի 29-ին կամ 30-ին սպասում ենք, որ ռուսական խումբ է գալու՝ այդ բանակցության շրջանակներում նորից քննարկումներ անցկացնելու»,- ասաց նա։ Հարցին՝ իսկ քննարկումներից ի՞նչ միտում է նկատում, գազի գինը կպահպանվի՞, թե՞ կթանկանա, Բաղրամյանն ասաց․ «Այս պահին չասեմ, էլի, էդպիսի բաներ, որովհետեւ ինքը շատ ընդհանուր է քննարկվում։ Եվ հետո՝ ո՞ր գինը, սպառողի՞ գինը, սահմանի՞ գինը․ էդ բոլորը համալիր է քննարկվում, եւ իրար հետ էլ փոխկապակցված են»։

Գարեգին Բաղրամյանն ասաց նաեւ, որ անկախ ամեն ինչից՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը պետք է այս հարցում որոշակիություն ունենան, եւ հավելեց, որ քննարկվում է նաեւ, թե ինչ ժամանակահատվածի համար պետք է ֆիքսեն գազի գինը՝ 5 տարվա՞, 10 տարվա՞ կտրվածքով, թե՞ այլ ժամկետով։