Հակոբ Ճարոյանը պահանջում է, որ իր դեմ քրեական գործ հարուցեն

Հակոբ Ճարոյանը պահանջում է, որ իր դեմ քրեական գործ հարուցեն

Փաստաբան Հակոբ Ճարոյանը բազմիցս հայտնել է ու շարունակում է  բարձրաձայնել, որ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը կաշառք է վերցրել իր գործով։ Հիշեցնենք․ երկու տարի առաջ Ճարոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն առ այն, որ մի քաղաքացի՝ Ա․ Բ․-ն, իրենից խարդախությամբ 65 հազար դոլար է հափշտակել։ Քրեական գործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է։ «Չի հարուցվել, որովհետեւ Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը կաշառք է վերցրել՝ իր հովանավորյալին ազատելով պատասխանատվությունից»,- ասում է Հակոբ Ճարոյանը։

Նա վստահեցնում է, որ Ա․ Բ․-ն Րաֆֆի Ասլանյանի հովանավորյալն է, իսկ Ասլանյանն էլ իր հերթին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հովանու ներքո է գործում։ «Գրում եմ Փաշինյանին, այնտեղից իմ հաղորդումներն ուղարկում են դատախազություն, ՀՔԾ ու հարուցումը կրկին մերժում են։ Ես դիմում եմ դատարան, մերժվում եմ, բողոքարկում եմ ու այսպես շարունակ։ Եթե մենք ընտրովի արդարադատություն չենք անում, այլ ուզում ենք, որ բոլոր պաշտոնյաներն իրենց կատարած հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվեն, նշանակում է՝ Ասլանյանն ու գլխավոր դատախազը նույնպես պետք է պատասխանատվություն կրեն։ Ասլանյանը՝ այն բանի համար, որ կաշառք է վերցրել, իսկ Արթուր Դավթյանը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Իսկ եթե համարում են, որ դա ապացուցված չէ, ինչո՞ւ ինձ սուտ մատնության մեղադրանք չեն առաջադրում, առավել եւս այն դեպքում, երբ ես հրապարակային հայտարարություններ եմ անում, Փաշինյանին եմ դիմում, դատարաններ եմ դիմում՝ ասելով, որ դատախազը կաշառք է վերցրել»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց նրան «Հրապարակի» միջոցով․ «Կոնկրետ տվյալներ չներկայացնելու պայմաններում միայն ենթադրյալ արարքների մասին սուբյեկտիվ, գնահատողական մտքերի արտահայտումը, ենթադրություններ անելը՝ կարծիք հայտնելը չեն կարող համարվել սուտ մատնություն»: Նա հայտնեց, որ Ճարոյանի բողոքներին դատական ընթացք է տրված, իսկ Ասլանյանին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելով՝ փաստաբանն իրեն ցանկալի հանրային կարծիք է փորձում ձեւավորել, ինչը դատապարտելի է։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Ասլանյանի դեմ հաղորդմանը, ապա, ըստ Գոռ Աբրահամյանի, նրա կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ Ճարոյանի դիմումներում միայն սուբյեկտիվ, «տրամաբանական» դատողություններ եւ ենթադրություններ են եւ կոնկրետ հանցագործությունների մասին փաստեր եւ տեղեկություններ չեն պարունակվում: «Ճարոյանը ՀՀ դատախազությանը, ՀՀ ՀՔԾ-ին ուղղված դիմումում միայն նշել է, որ եթե Ր. Ասլանյանը բավարարեր իր բողոքը, եւ նախաքննությունը շարունակվեր, ապա իր եւ Ա. Բարխուդարյանի միջեւ առերեսումների արդյունքում բացահայտվելու էր Ա. Բարխուդարյանի կողմից հանցավոր արարքներ կատարելը:

Ընդ որում՝ Հ. Ճարոյանն ընդամենը չի բացառել, որ Երեւան քաղաքի դատախազը կարող է նման որոշում կայացնելու համար կաշառք վերցրած լինել: Այսինքն փաստաբանը, ըստ էության, ի պաշտոնե Ր. Ասլանյանի կողմից՝ իբրեւ դատախազի, իր դատավարական լիազորությունների իրացումը սուբյեկտիվորեն գնահատում է որպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու դրսեւորումներ՝ կարծիք հայտնելով դրա հավանական շարժառիթների մասին եւ չներկայացնելով այս արարքների կատարման մասին վկայող գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք առհասարակ վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող են ստուգման առիթ հանդիսանալ»,- ասված է դատախազության պատասխանում:

Հիշեցնենք, որ կաշառքի մասին մեկ այլ հայտարարողի՝ գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումներին դատախազությունը շատ ավելի ուշադիր է հետեւում։ Արդեն երկու քրեական գործ է հարուցված նրա հայտարարությունների հիմքով՝ Սամվել Մայրապետյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ։ Ում դեմ գրում է, հարուցում են, իսկ Ճարոյանը խնդրում է, որ գոնե իր գործը քննեն՝ մերժում են։ «Վստահ են, որ ես կապացուցեմ»,- բացատրում է փաստաբանը։