Նորին մեծություն համակարգը Հայաստանում չի փոխվել

Նորին մեծություն համակարգը Հայաստանում չի փոխվել

Կայքերից մեկը երեկ հիշել էր, որ շատ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն եւ ծեծի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Այս «փաստը» ո՛չ հաստատել կարող եմ, ո՛չ էլ հերքել: Բայց ես լավ հիշում եմ 2008 թվականի նախընտրական քարոզարշավը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը (բնականաբար՝ Նիկոլի հետ) զօրուգիշեր շանտաժի էր ենթարկում Գագիկ Ծառուկյանին: Աբովյանում իր հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ուղղակի հրապարակից դիմեց Ծառուկյանին: Մոտավորապես այսպես. «Ծառուկյան Գագիկ, ես գիտեմ, որ դու հիմա ուղիղ հետեւում ես իմ ելույթին, ուրեմն իմացիր, կորցնելու ես ամեն ինչ, դառնալու ես վերջին աղքատը…»:

Տարիներ անց հայտնի կանյաչնիում ծնվեց մի լուսանկար, որ «գեղեցիկ» լինելուց զատ, նաեւ խորհրդանշական էր. նույն Տեր-Պետրոսյանը, որ արդեն գլխավորում էր «հրաշալի եռյակը», պարոն Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկում էր «հայկական Իվանիշվիլու» ֆենոմենը: Ո՞վ էր փոխվել` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, որ ՀՀ առաջին նախագահի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում հռչակվել էր ընդդիմության, այսպես ասած, առաջնորդ: Այսօր այդ լուսանկարը ծիծաղ է շարժում, բայց պակաս ծիծաղելի չէ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրյակին ստորագրված հուշագիրը:

Մարդուն մեղադրում ես մարտի 1-ին ժողովրդի դեմ կրակելու մեջ, իսկ հետո հուշագիր ես ստորագրում, ասես դու չես հայտարարել, որ Հայաստանում օլիգարխներ չկան, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը վերջնականապես տարանջատված են, մենաշնորհները ոչնչացված են եւ այլն։ Ոմանք գրում են, որ Ծառուկյանը վատ վիճակում է հայտնվել, եւ շուտով սրվելու են Փաշինյանի հետ նրա հակասությունները: Չհավատաք: Նման բան պարզապես չի կարող լինել, որովհետեւ, նախ` Ծառուկյանը «կռվարար» մարդ չէ, եւ, ապա` Փաշինյանն էլ իր հերթին է լավ հասկանում, որ առանց Ծառուկյանի ստիպված կլինի հրաժեշտ տալ իր վերջին կռվանին` «տնտեսական հեղափոխությանը», որով առայժմ կարողանում է լուսավոր ապագայի հույսեր արթնացնել հանրության շրջանում:

Այսուհանդերձ, երեք ուժով ձեւավորված ԱԺ-ն ներքաղաքական իրավիճակի աղճատված պատկերն է ներկայացնում, քանզի կարեւորագույն որոշումները կայացվում եւ կայացվելու են այս «թրաշաժողովի» պատերից դուրս: Նորին մեծություն համակարգը Հայաստանում չի փոխվել` սա է խնդիրը: Մենք դրանում կհամոզվենք նաեւ կառավարության ձեւավորման գործընթացում, երբ վերջնականապես հայտնի կդառնա, որ ուժային կառույցները, ինչպես նաեւ կարեւորագույն նախարարություններն ու դատա-իրավական համակարգն ամբողջությամբ գտնվում են «նախկին համակարգի» վերահսկողության ներքո: Թող ոչ մեկին չթվա, որ, ենթադրենք, ոստիկանությունն այսօր ենթարկվում է վարչապետին: Ավելի շուտ հակառակն է տեղի ունենում` վարչապետն է գտնվում ոստիկանության (ինչու ոչ` նաեւ ԱԱԾ-ի) ուժեղ հսկողության ներքո:

Եթե մի քիչ խորանանք, թե ովքեր են ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թե որտեղից են գալիս այդ մարդիկ, ապա կարող ենք առանց երկմտելու պնդել, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես ոչ մի տեղ չի գնացել: Ամեն ինչ իր տեղում է Հայաստանում: Սա հասկանում են թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Արեւմուտքում: Մեզ չի հաջողվել նրանց մոլորեցնել մեր իշխանափոխությամբ, հին համակարգը ջարդուփշուր անելու մեր խոստումներով, ՀԱՊԿ-ում կազմակերպած մեր «տրնդեզով» եւ այլնով: Թրամփն այնքան էլ ապուշ մարդ չէ: Ճիշտ է, իշխանափոխություն նրա պարագայում տեղի է ունեցել ԱՄՆ-ի նման երկրում, բայց նա չհապաղեց ազատվել Օբամայի մարդկանցից եւ հանգուցային պաշտոններում նշանակեց իր մարդկանց: Տակից գլուխ փոխվեց Սպիտակ տան ողջ անձնակազմը, պաշտպանության նախարարին, հատուկ ծառայությունների եւ արտաքին քաղաքականության ղեկավարներին: Նկատենք, սակայն, որ Թրամփի հաղթանակն ընտրություններում արդեն իսկ քաղաքական հաղթանակ էր, եւ նա կարող էր առանց խորքային փոփոխությունների էլ առաջ տանել իր քաղաքական գիծը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել «հայկական հեղափոխությունից» հետո: Ոստիկանապետին փոխարինել է նրա անմիջական ենթական, ԱԱԾ տնօրենին` Երեւանի անվտանգության ծառայության աշխատակիցը, ԱԻ նախարարը դարձել է պաշտպանության նախարար, դատախազը մնացել է նույնը: Փաշինյանի արտգործնախարարն այնքան «հին» մարդ է այդ ոլորտում, որ չի կարողանում մեկնաբանել վարչապետի մոսկովյան, եվրոպական եւ միջինասիական «օյինբազությունները»:

Հայաստանի իշխանական բուրգի գլխին նույն մարդն է այսօր նստած, մի տարբերությամբ միայն, որ բուրգի գլուխը անցյալ մարտին դեռ երեւում էր, իսկ մայիսին մնաց ամպերի մեջ` անտեսանելի: Մարդիկ կան, որ դեռ վիճում են` բա չտեսա՞ր, թե ՀՀԿ-ն ոնց ցիրուցան եղավ: Հարգելիներս, նախ` ՀՀԿ-ն համակարգը չէ, գուցե տարազ էր, բայց ոչ համակարգը: Եվ ապա` բազմահազարանոց ցույցերի եւ վերջին ընտրությունների  ժամանակ ՀՀԿ-ն գործել է անանուն կամ կիսածպտյալ` կատարելով համակարգի բոլոր հրահանգները: Ընտրությունների գլխավոր դերակատարները ոչ թե Հայկոն ու Նիկոլն են եղել, այլ Լֆիկ Սամոն, Թոխմախի Մհերը, Չոռնի Գագոն, Միհրան Պողոսյանը, Տարոն Մարգարյանը, Նեմեց Ռուբոն, ոստիկանությունը, բանակը, դատախազը, ՔԿ-ն, ՀՔԾ-ն, ՔՔԾ-ն…  ո՞ւմ մոռացա թվարկել, հա՛, Տիգրան Մուկուչյանն էլ՝ ձեզ նվեր:

Իմ լավ բարեկամն աչքս է կոխում բենզինի էժանացումն ու ասում` նոր իշխանություններն են արել: Ախր, ի՞նչ կապ ունեն ՀՀ նոր իշխանությունները բենզինի եւ, առհասարակ, նավթի համաշխարհային գնի հետ: Այդքան հունարով են, թող գազի գինն իջեցնեն: Նորաթուխ պատգամավորները երդում-պատառ են լինում, թե «հեսա» տեսեք ոնց ենք ծառայելու ազգին: Ծառայեք, եղբայր, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Որի կենսագրությունը բացում ես` մեջը մի ախմախ բան կա գրված` ԱՄՆ-ում ինչ-որ «ֆեզո» է ավարտել կամ դասընթաց: Ազգային արժեքների հերն անիծել են` ազգին ծառայելուց են խոսում: Ո՞վ է այս պատահական անցորդներին ժամանակավորապես լցրել խորհրդարան` ժողովո՞ւրդը: Բնավ, երբեք: Ժողովուրդը փոփոխություն էր ուզում, եւ նրան տրվեց այդ փոփոխությունը: