Եթե իրենց վարչարարական ծախսերով մի շիշ կոնյակ խմեն, թող իմանան, որ կտրում են զոհվածի կամ հաշմանդամի ընտանիքից

Եթե իրենց վարչարարական ծախսերով մի շիշ կոնյակ խմեն, թող իմանան, որ կտրում են զոհվածի կամ հաշմանդամի ընտանիքից

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացրել է, որ հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թ․ դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով հիմնադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:

Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր արդեն դեկտեմբերի 29-ից հետո։ Փոփոխություններ են տեղի ունեցել նաև հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում. մինչև հունվարի 31-ը ԿԲ-ն նշանակելու է խորհրդի 4 նոր անդամ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս 2 անդամ։  

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախկին ընդդիմադիր կազմը լուրջ գլխացավանք էր դարձել Փաշինյանի համար․ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Մարգարիտա Խաչատրյան, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան, Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյան, որը պարզապես հեռացվեց հիմնադրամից, քանի որ առաջինը բարձրաձայնեց, որ Փաշինյանի՝ ստվերից դուրս գալու հայտարարած թվերը հիմնադրամում չեն արտահայտվում, կա միլիարդից ավելի պակասորդ ամիսների ընթացքում, և հետևաբար՝ դրանք կամ յուրացվում են, կամ թերհավաքագրվում։ Դրանով հետևողականորեն զբաղված ու իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ուրիխանյանը ևս հեռացվեց հիմնադրամից։

Եվս մեկ լրացում․ հիմնադրամի կանոնադրությամբ, հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներն ընտրված էին 5 տարով, հետևաբար, ինչո՞վ է պայմանավորված հատկապես պատերազմից հետո կազմի գրեթե 100 տոկոսի փոփոխությունը։ Մեսրոպ Մանուկյանն ասում է. «Ինչ-ինչ աճպարարությունների արդյունքում սկզբից ինձ, հետո Ուրիխանյան Տիգրանին, հիմա էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ գումարման գրեթե բոլոր պարկեշտ անդամներին մեկուսացրեցին։

Իմ գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ ըստ օրենքի փոփոխության՝ ակնկալվում է 2 տոկոս վարչարարական ծախս ներառել, որը նախկինում չի եղել։ Նախկինում վարչարարական ծախսերն ամբողջությամբ 0 են եղել, ոչ ոք չի փորձել մահացած կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքների գումարները գրպանել։ Քանի որ այս տարվա համար այդ վարչական ծախսերի գումարը կազմում է 600 միլիոն դրամ (հաշվարկը կատարվում է նախորդ տարվա ակտիվներից, որը կազմում է 30 միլիարդ դրամ), իսկ հաջորդի տարիներին նվազագույնը՝ 130-140 մլն դրամ, ես դա համարում եմ աբսուրդի ժանրից։ Հիմա խորհրդի նոր անդամները պետք է հաստատեն վարչական ծախսերը, և ես առավել քան վստահ ասում եմ, որ հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից ոչ ոք չէր հաստատի այդ ծախսերը։ Ես չգիտեմ՝ ովքեր են լինելու նորերը, չեմ էլ ուզում պիտակավորել, բայց նախկինները բոլորը պարկեշտ մարդիկ լինելով՝ միշտ դեմ են եղել վարչարարական ծախսերին։ Ես անգամ իմ գրառման մեջ գրել եմ՝ երբ կոնյակ կառնեք, կխմեք էդ վարչարարական ծախսերով, ապա իմացեք, որ զոհվածի կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքից եք հանում»։

Մեսրոպ Մանուկյանը դժվարանում է ասել, թե ինչ է մտնում վարչարարական ծախսերի մեջ, բայց ասում է. «Միգուցե որոշում են, որ հոգաբարձուների խորհդի անդամներին պետք է գումա՞ր վճարեն, միգուցե պետք է որոշեն, որ խորհրդի գործադիր տնօրենին պիտի գումա՞ր տան։ Կամ միգուցե, որ առաջ ՊՆ-ում էինք հավաքվում, մի հատ ջուր էինք խմում, պիտի որոշեն, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է գնա քե՞ֆ անելու․․․ ես չեմ կարա ասեմ, թող իրենք բացատրեն՝ ինչ ծախս են ուզում անել»։

Մեսրոպ Մանուկյանը աբսուրդի ժանրից է համարում ոչ միայն այն, որ նման ծախսերը նախատեսվում են 44-օրյա պատերազմից հետո, երբ շահառուների թիվն ավելացել է, այլև այն, որ մի կողմից պետությունն ավելացնում է շարքային քաղաքացու բեռը, մյուս կողմից այդ նույն մարդկանցից վերցրած գումարը դնում է գրպանը: «Դրա տրամաբանությունն ու բարոյական կողմը ո՞րն է»,-հարցնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը։

Նա նաև ասում է, որ օրենքում, որ սղղացնելով անցկացրեցին, չկա որևէ հիմնավորում, թե որքանով է ավելանում հիմնադրամի գումարը, և երկրորդը՝ ի՞նչ հիմքի մասին է խոսքը, եթե պետությունն առայսօր չի ներկայացրել, թե պատերազմում որքան զոհ կա։ «Չկա տրամաբանություն, դու պետք է ասես՝ 3000 զոհ կամ 10000, հաշմանդամներն էլ հետը, օրինակ, նրանց փոխհատուցելու համար ինձ պետք է ամսական էսքան գումար, որ հիմնադրամի ծախսերը փակեմ։ Այսինքն՝ չեն ասում ինչքան զոհ կա, բայց փոփոխություն են անում, դրա լոգիկան ո՞րն է»,-ասաց Մանուկյանը։

Նրա հաշվարկով՝ քանի որ հիմնադրամը կունենա նոր 10 հազար շահառու, որից 4500-ը՝ զոհված, մոտավորապես 600-700-ը` անհետ կորած, 6000 առաջին կարգի հաշմանդամ, հենց այս պահին հիմնադրամն ունի 50 միլիարդ դրամի ֆինանսավորման խնդիր։

ՀԳ․ «Հրապարակը» զանգահարեց նաև հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանին՝ ուղղելու բոլոր այդ հարցերը․ ինչո՞ւ պատերազմից հետո ավելացել են նախկինում չեղած վարչարարական ծախսեր, եթե մի ձեռքով ՀՀ քաղաքացիների վրա դրված բեռն ավելացնում է, ի՞նչ բնույթի վարչարարական ծախսերի մասին է խոսքը, և վերջապես՝ ինչու՞ է օրենքում ֆինանսական մասով փոփոխություն կատարվում, ի՞նչ հաշվարկով, եթե վիրավորների ու զոհվածների թիվ առայսօր չկա։ Վարուժան Ավետիքյանը համառորեն չպատասխանեց հեռախոսազանգերին։ Նախկինում պատասխանում էր։