Իրանի ներքաշումը ՀԱՄԱՍ-Իսրայել կոնֆլիկտին ֆանտաստիկայի ոլորտից է

Իրանի ներքաշումը ՀԱՄԱՍ-Իսրայել կոնֆլիկտին ֆանտաստիկայի ոլորտից է

«Չեմ կարծում,թե այս պահին հնարավոր է ՀԱՄԱՍ-Իսրայել կոնֆլիկտի ալիքի տարածում դեպի այլ տարածաշրջաններ», «Հրապարակի» հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը։ Նա կարծում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պարագայում, եթե լիբանանական Հեզբոլլահը իսկապես զինված հակամարտության մեջ մտնի Իսրայելի հետ, ոչ թե միայն սահմանին կրակոցներ արձակվեն, այլ նաև Իսրայել ներխուժելու ցամաքային օպերացիաներ անցկացնեն։

«Իրանն էլ այդ դեպքում կմտնի այդ բախման մեջ, սակայն հիմա այդ սցենարը՝ Հեզբոլլահի մասնակցությունն այս կոնֆլիկտին ու դրա արդյունքում ռազմական գործողությունների սպեկտրի տեղափոխում Իրան՝  բավականին ֆանտաստիկ է հնչում։ Իրանը պատրաստ չէ դեմ առ դեմ հակադրվել Իսրայելին` այնքանով, որքանով որ իրեն ձեռնտու է Իսրայելի դեմ պատերազմն ուրիշի ձեռքերով իրականացնելը հիմա»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ Իրանում առկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակն ու դրա ֆոնին ակտիվացած որոշակի հեղափոխական տրամադրությունները նպաստավոր հող չեն ստեղծում Իսրայելի հետ ուղիղ առճակատման համար և հենց դա է պատճառը, որ քաղաքագետը կարծում է, որ Իրանն ուղիղ առճակատման չի գնա։ Ինչ վերաբերում է Իսրայելին, եթե որոշի գնա էսկալացիայի, ապա կարող է թիրախավորել ռազմական արդյունաբերության ենթակառուցվածքներն Իրանում, ատոմային ծրագրերում ներառված օբյեկտները, սակայն դա կարվի դասական սցենարով՝ փաստացի ապացույցներ, թե ով է արել, որտեղից է եկել հրթիռը՝ պարզ չի լինի ու բացի սիմվոլիկ ժեստերը, ուրիշ ոչինչ Իրանը չի անի և Իսրայելի դեմ ուղիղ առճակատման չի գնա։

«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս ամենը կվերջանա րիտուալային փոխադարձ արյունալի սիրալիրության դրսևորումներով»,-ասաց քաղաքագետը։
Հետաքրքիր է նաև իրավիճակը Թուրքիայում, որովհետեւ սա ինչ-որ առումով մարտահրավեր է նաև Թուրքիայի համար։ Էրդողանի հիմնական ընտրազանգվածը պահպանողական և ավելի իսլամիստական է և բնականաբար այդ կոնսերվատիվ ընտրողը պահանջում է հիմա ավելի հստակ քայլեր՝ Իսրայելի ուղղությամբ։ Ստացվում է, որ հենց Էրդողանի ընտրազանգվածը նրան բավականին բարդ իրավիճակի մեջ են դնում՝ նրան բալանսավորված քաղաքականության հնարավորությունից զրկելով։ 

«Թուրքիան հիմա լավագույն վիճակում չէ, որպեսզի իր խաղը տանի և ինչպես կարող ենք տեսնել վերջին իրողություններից՝ Ադրբեջանի մեկօրյա պատերազմի արդյունքներով, որ Թուրքիան պատրաստ չէ ակտիվ կամ ավելի ակտիվ գործողությունների, քան մինչ այդ եղածը։ Այդ պատճառով այդ ֆակտորն այստեղ այդքան էլ նշանակություն չունի։ Հիմնական վտանգը Հայաստանի համար այս պահին գալիս է Ռուսաստանի հնարավորությունից՝ ներքին անկայունություն ստեղծելու միջոցով, օգտագործել ադրբեջանական ֆակտորը՝ խաղալով հնարավոր ռազմական ագրեսիաների սցենարներ կամ այլ պրովոկացիոն գործողություններ, սակայն հիմնական խնդիրը դա Հայաստանին պատժելն է` Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու համար և նրան իր գեոպոլիտիկ ազդեցության գոտի վերադարձնելն է՝ քաղաքական ճգնաժամի, քաղաքական ակցիաների և նույնիսկ ահաբեկչական ակտերի միջոցով»,- կարծում է ուկրաինացի քաղաքագետը։