Ինչո՞ւ Փոստանջյանը չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին

Ինչո՞ւ Փոստանջյանը չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հրաժարվել էր մասնակցել հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մայիսի 26-ին կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ ԵԾ-ն ընտրություններին պաշտոնապես մասնակցելը գտնում է «ոչ արդյունավետ և ոչ նպատակահարմար»։

«Արցախը հանձնած և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում թույլ տված, Հայրենիքից նորից թշնամուն հող տալու մտադրություն ունեցող, հրաժարական տված, սակայն իշխանության ղեկն իր ձեռքում պահողի դեմ պայքարելը, այսպես կոչված` «ԱԺ արտահերթ ընտրություններին» պաշտոնապես մասնակցելը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գտնում է ոչ արդյունավետ և ոչ նպատակահարմար: Միևնույն ժամանակ` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը անվերապահորեն հաջողություն է մաղթում բոլոր նրանց, ովքեր, այսպես կոչված` «ԱԺ արտահերթ ընտրություններ» գործողությունը կվերածեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակի տապալմանը, քաղաքականապես ոչնչացմանը, ցեղասպանության և հայրենազրկման դատապարտմանը` դատավճռի կայացմանը», - նշված էր հայտարարության մեջ։

«Հրապարակը» փորձեց ԵԾ կուսակցության նախագահից մանրամասներ իմանալ, թե ինչու էր կուսակցությունն այսպիսի որոշում կայացրել։ «Հայտարարություն արել ենք», - պաստասխանեց կուսակցության նախագահը։

Դիտարկմանը՝ «տեղեկություններ ունենք, որ վերջին պահին հրաժարվել եք [«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ] Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունից», Փոստանջյանը արձագանքեց․ «Կուսակցության անունից պաշտոնապես հայտարարություն տարածել ենք»։

«Հրապարակի» տեղեկություններով՝ պատգամավորի թեկնածուների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ՝ «Ազատություն» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունները ցուցակները կազմած են եղել։ Սակայն երբ ԵԾ-ն հրաժարվել է, Հրանտ Բագրատյանը ստիպված մոտ 40 նոր մարդկանց անուններ է ընդգրկել ցուցակում։

Տեղեկությունների համաձայն՝ «Երկիր Ծիրանին» վստահ չի եղել, որ կանցնեն խորհրդարան։