Սփյուռքը և Հայաստանը չեն կարող ունենալ նույնական օրակարգեր

Սփյուռքը և Հայաստանը չեն կարող ունենալ նույնական օրակարգեր

Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այլեւս չկան Հայաստանի  եւ Սփյուռքի օրակարգեր, այլ կա համազգային նպատակների իրագործման օրակարգ։ Որքան էլ ականջահաճո հնչի այդ հայտարարությունը, իրականությունը լրիվ այլ է։ 

Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի իր օրակարգը։ Սփյուռքը, որ առնվազն 70 երկրում, ասել է թե՝ 70 միջազգային իրավունքի սուբյեկտում բնակվող էթնիկ հայերի ամբողջությունն է, ընդ որում՝ բավականին բազմաշերտ ու բարդ կառուցվածք ունեցող, չի կարող ունենալ նույն օրակարգը, ինչ Հայաստանը, որովհետեւ միջազգային իրավունքի այդ 70 սուբյեկտները, պետությունները, որտեղ ապրում են հայկական սփյուռքի մաս կազմող էթնիկ հայերը, ունեն իրենց շահերը, լինեն տեղական, տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական, եւ դրանք կարող են ոչ միայն չհամընկնել, օրինակ, Հայաստանի շահերի հետ, այլ նաեւ կտրուկ հակադրվել այդ շահերին։ Իսկ այդ դեպքում այդ երկրներում ապրող հայերը, որքան էլ լինեն էթնիկ հայ կամ իրենց ազգային ինքնությանը եւ պատմական արմատներին նվիրված, այդուհանդերձ, առաջին հերթին իրենց երկրների օրինապահ եւ օրինահարգ քաղաքացիներն են ու չեն կարող դուրս գալ իրենց երկրների քաղաքական գծից՝ հանուն Հայաստանի օրակարգի կամ շահերի։ Ավելին, սփյուռքի համայնքները նույնիսկ երկրից երկիր կարող են հակասական շահերի եւ օրակարգերի բախվել։ Օրինակ, համահայկական կամ համազգային օրակարգի մաս է կազմում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Սակայն Թուրքիայի հայ համայնքի համար այս հարցը, մեղմ ասած, քիչ բարձրաձայնելի թեմաներից է՝ հասկանալի պատճառներով, հաշվի առնելով թուրքական պետության որդեգրած քաղաքականությունը հարցի առնչությամբ։

Այսպես ասած՝ Հայկական աշխարհում սա լավ են հասկանում եւ ըմբռնումով մոտենում։ Նույնպես եւ Արցախի պետության ճանաչման հարցը, որն էլի Թուրքիայի հայերի համար, կարելի է ասել, քննարկման համար ոչ այնքան խրախուսելի թեմա է, քանի որ պաշտոնական Անկարան ղարաբաղյան կարգավորման հարցում անվերապահ ու ամբողջական աջակցություն է ցուցաբերում Բաքվին։ Ինչ-որ տեղ սա բնական ու օրինաչափ է, ու որքան էլ հայրենիքն ու սփյուռքը դիտարկենք մեկ ամբողջության մեջ, այդ ամբողջությունը չափազանց վերացական է խորքում, քանի որ այն չափազանց կոտորակված է, բաղադրված ու շերտավորված, ինչը պայմանավորված է տարբեր՝ պատմական, քաղաքական եւ այլ հանգամանքներով։

Սա չի նշանակում, իհարկե, որ այդ օրակարգերը չեն կարող խաչաձեւվել, իրար հետ ընթանալ նույն հունով՝ որոշակի մի ժամանակահատված, ինչպես, ասենք, հայապահպանության, ազգապահպանության, հայախոսության ամրապնդման կամ վերակենդանացման հարցերում է, սակայն բացարձակ նույնականացումը լուրջ սխալ է, հատկապես, երբ սփյուռքը՝ ինքը, իր մեջ դեռ միասնական օրակարգի հարցում բացարձակ միատարր չէ եւ չի կարող լինել։ Այս իմաստով Հայաստանի վարչապետի սպահանյան հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը, մեղմ ասած, զուտ տվյալ պահի սպառման համար նախատեսված ականջահաճո հայտարարություն է եւ ոչ ավելին։