Ֆեյսբուքով երեխա չես պահի

Ֆեյսբուքով երեխա չես պահի

Եթե որեւէ մեկը կասի, որ վերջին օրերին Հայաստանում կյանքն իր նորմալ ընթացքի մեջ է, հնարավոր է` ես ներողություն խնդրեմ այն ամենի համար, ինչ պատրաստվում եմ ասել ստորեւ:
Հուսամ` արդեն բոլորն են հասկացել, որ վարչապետ Փաշինյանը չի անում այն, ինչ պարտավոր էր անել իշխանափոխության հանգեցրած ժողովրդական շարժումից հետո: Նա այդպես էլ չի հասկանում, որ քանի դեռ ինքն իրեն չի համարում «բոլորի» վարչապետը, չի կարողանալու կարգուկանոն հաստատել երկրում, համերաշխություն ու փոխըմբռնում ապահովել հասարակության մեջ: Սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակությունը տակավին շարունակում է իր անջատ գոյությունը, հետեւաբար` շարունակվում են նաեւ նրանց բախումները գրեթե բոլոր հարթակներում եւ ոլորտներում: Սա ո՛չ շահերի բախում է, ո՛չ էլ մանավանդ՝ քաղաքական բախում: Նույն երկրի քաղաքացիները չեն կարող տարբեր շահեր ունենալ: Պարզապես ձեւակերպված չէ ընդհանուր շահը: Իմ կարծիքով` ընդհանուր շահի գաղափարն է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում հասցնել հասարակության գիտակցությանը:

Մարտի 1-ին կազմակերպված երթը ոչ միայն չնպաստեց հասարակության ներսում համերաշխության ու միասնության ձեւավորմանը, այլեւ, ընդհակառակը, ավելի խորացրեց հակասությունները: Փաշինյանն այդ երթը կազմակերպել էր իր հերթական, ես կասեի` ամենացցուն խոստումը չկատարած, թեեւ վաղուց էր հայտարարել, որ Մարտի 1-ի գործը վերջնականապես բացահայտված է: Օրվա էներգետիկան, չնայած ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչների բուռն աջակցությանը, լղոզված էր: Սպասելի էր, որ բացի ֆեյսբուքյան ուղերձից, վարչապետն այլ ասելիք չունի, թեեւ ծրագրով նախատեսվում էր նաեւ հանրահավաք երթից հետո: Ի՞նչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո նստեց մեքենան եւ հեռացավ: Մարդկանց քանա՞կն էր հիասթափեցրել նրան, թե՞ մոտ շարքերից հնչել էին այնպիսի արտահայտություններ, որոնք նա չէր կարողացել «մարսել»: Փաշինյանը պարտավոր էր կանխատեսել նման ընթացքը եւ այդ օրը չվերածել քաղաքական շուի: Նա կարող էր փոքր խմբով իրականացնել ծաղկամատույցի արարողությունը` քաղաքացիներին հնարավորություն տալով առաջնորդվել այդ օրվա հետ կապված սեփական զգացողություններով: Ո՞ր հայը չի դատապարտել Մարտի 1-ը, կա՞ մեկը, որ չի պահանջում արդարացի բացահայտում: Հետեւաբար վարչապետը՝ որպես երկրի ղեկավար, այլեւս քաղաքական խնդիր չունի լուծելու: Թող հանգիստ նստի իր տեղը, իսկ մնացածը կանեն իրավապահները: Եվս մեկ նկատառում` Փաշինյանից հետո պատվանդանին ծաղիկներ դրեց նրա տիկինը` Աննան: Դա պատճառ դարձավ, որ երկրի հեռուստատեսությունները մի քանի րոպե անընդհատ ցուցադրեն թիկնապահների բանակով շրջապատված Փաշինյան ընտանիքի «խորը կարեկցանքն ու վիշտը»: Օրվա խորհրդի ու ճոռոմ արարողության ավելի կոպիտ հակադրություն դժվար էր պատկերացնել:

Վերջին օրերին Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն հասարակական տրամադրությունների վրա, այլեւ իր թիմի գործողությունների, որոնք տրամաբանական համարել պարզապես հնարավոր չէ: Ես այսպես կասեի` Փաշինյանը շարունակում է Ֆեյսբուքով պատկերացնել իրականությունը եւ իր քայլերը համապատասխանեցնել վիրտուալ իրականության պատկերին: Հասարակության ներսում, մինչդեռ, բոլորովին այլ գործընթացներ են զարգանում, ընդ որում, ծայրաստիճան անցանկալի թե՛ Փաշինյանի եւ թե՛ նրա գլխավորած կառավարության համար:

Դրանք ոչ թե ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող անցողիկ դրսեւորումներ են, այլ սովորական կյանքում` փողոցում, պետական հաստատություններում, հեղափոխության երեկվա «կարգադրիչների» գործերում նկատվող իրական խայտառակություններ: Ինչ-որ մեկն իր ծանոթին ուզում է Երեւանի պետհամալսարանի ռեկտոր նշանակել, ոմանք իրենք իրենց պարգեւատրում են աստղաբաշխական գումարներով, չգիտեմ ովքեր որոշում են տասնյակ հազարավոր մարդկանց դարձնել գործազուրկ եւ գցել փողոց, ինչ-որ մի խումբ Հայաստանի օրհներգն է փոխում, մեկ ուրիշը` կաթողիկոսին, երրորդը ոստիկան ծեծելու մեջ է հմտացել, առավել «շուստրիները» թալանով են զբաղված մաքսակետերում ու հարկայինում: Եվ այս ամենը՝ ոչ թե Ֆեյսբուքում, այլ իրական կյանքում: Փաշինյանը Ֆեյսբուքով է արձագանքում փողոցային խուլիգանության խայտառակ փաստին: Ի՞նչ անուն տալ սրան: Ճոխություն չէ՞, արդյոք, պատերազմի մեջ գտնվող քայքայված տնտեսությամբ երկրի համար այս հանցավոր անգործությունը: Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ կառավարության ծրագիրն ինքնին ֆեյսբուքյան պոստուլատներից կազմված բառակույտի անզուգական նմուշ է: Նշեք, խնդրում եմ, երեք կարեւոր ուղղություն եւ ասացեք, որ այս, այս, այս ուղղություններով ենք դուրս գալու փոսից: Ձայն բարբառո հանապատի: Ի՞նչ կարող ես անել, երբ Փաշինյանի տնտեսագետ խորհրդականներն այդ դասերից բացակայել են, տեղյակ չեն, չգիտեն ինչ պետք է անել:

Հիմա էլ խոսում են ապրիլի 23-ը` Սերժ Սարգսյանի հրաժարական տալու օրը, հռչակել Քաղաքացու օր եւ տոնել այն: Սա արդեն շատ նման է մերկ հետույքին կատու շալակելու դրվագին: Տղերքն «էն կուռը դեսն են արել», հիմա էլ սիրտները տոն է ուզում: Բա մի փառահեղ հրաժարականի օր էլ փետրվարին կար, ինչո՞ւ չեք ուզում նշել, թե՞ միայն ձեր «պարտադրած» հրաժարականներն են նշելի, եւ քաղաքացին էլ միայն այդ օրերին պետք է իրեն քաղաքացի զգա: Ամբողջ աշխարհի հայության համար ապրիլի 23-ը հսկումի գիշեր է, մոմավառություն՝ Ցեղասպանության զոհերի հոգիների համար: Ապրիլի 23-ը տոն դարձնելու ցանկությունն ինչո՞վ բացատրենք` չիմացությա՞մբ:
Լինում են պահեր, որ քեզնից անկախ սկսում ես` արդյոք, իշխանությունները մի հատուկ դիտավորությամբ չե՞ն անում այս ամենը` հասարակության համախմբում թույլ չտալու համար: Երկրների եւ ժողովուրդների պարագայում հաճախ է կիրառվում բաժանիր, որ տիրես սկզբունքը: Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել հասարակության պառակտումը մեկ երկրի ներսում: Արդյոք դա պետությունների կործանման ամենակարճ ճանապարհը չէ՞: