Սարկավագներ՝ 60 հազար դրամ,  Մայր Աթոռի քահանաներ՝ 1000 դոլար․ որքան  աշխատավարձ են ստանում հոգեւորականները

Սարկավագներ՝ 60 հազար դրամ,  Մայր Աթոռի քահանաներ՝ 1000 դոլար․ որքան  աշխատավարձ են ստանում հոգեւորականները

Հայաստանյան ամենակարեւոր հարցերց մեկը աշխատավարձերի թեման է։ Փողոցում հանդիպելիս ամեն երկրորդը գոնե դժգոհում է կատարած աշխատանքի դիմաց իր ստացած վարձատրությունից։ Այդ դժգոհության ալիքը չի շրջանցել նաեւ Աստծուն ամենամոտը կանգնած անձանց՝ հայ հոգեւորականներին․ նրանք բողոքում են ցածր աշխատավարձից եւ համեմատականներ տանում իրենց աշխատավարձի եւ բարձրաստիճան հոգեւորականների ստացածի միջեւ։


Քահանաներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաները՝ թվով մոտ մեկ տասնյակ, որոնք նույնպես ավարտել են Գևորգյան Հոգևոր ճեմարանը, ամուսնացած են և ունեն ընտանիքներ, ստանում են ամսական աշխատավարձ՝ 1000 ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ․ «Հարկ է նշել, որ Հայաստանի թեմերում ծառայող քահանաները, բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաներից, աշխատավարձ չեն ստանում առհասարակ, սա այն դեպքում, երբ Սփյուռքի մեր հոգևորականները արժանապատիվ և, բարոյական առումով նաև ճիշտ կերպով, ամսական ստանում են աշխատավարձ: Հարկ եմ համարում նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամուսնացյալ և ճեմարանավարտ սարկավագները ամսական ստանում են 60 հազար դրամ: Ամուսնացյալ սարկավագները միայն սկզբի մեկ տարին ստանում են 150.000 դրամ ամսական աշխատավարձ, այնուհետև կրկին շարունակում են մնալ նույն 60.000 դրամի հույսին: Բանակում հոգևոր սպասավորություն բերող մոտ 50 սարկավագի ամբողջապես վարձատրում է Պաշտպանության նախարարությունը, իսկ Արցախում՝ Պաշտպանության բանակը: Բոլորը զորամասերում անկախ սարկավագի ընտանեկան կարգավիճակից՝ ամուսնացած թե ոչ, ամսական վարձատրության չափը կազմում է 100.000-120.000 դրամ:  Վերոնշյալ կարգավիճակում գտնվող հոգևոր ծառայողները չեն օգտվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրենց հասանելիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ պետության կողմից տրամադրվելիք որևէ ծրագրից»: 

Խնդիր կա նաեւ նրանում, որ հայաստանյան թեմերում սպասավորող սարկավագները, անկախ իրենց ընտանեկան կարգավիճակից, չունեն հստակ և ֆիքսված աշխատավարձ, այլ վարձատրվում են  թեմակալների որոշմամբ․ «Այս քաղաքականությունը բերում է Հայրենի հոգևորականության մասին հակասական, շատ հաճախ օբյեկտիվ և հաճախ նաև սուբյեկտիվ կարծիքների: Կարծում եմ՝ յուրաքանչյուր իրեն հարգող հոգևորական և առհասարակ քաղաքացի, որը վեց տարի ուսանել և բարձրագույն կրթություն է ստացել, կցանկանա ստանալ ամսվա կտրվածքով արժանապատիվ վճար կամ աշխատավարձ, ինչպես որ դա արվում է մի շարք պետություններում, քան ամեն խորհրդակատարությունից կամ ծիսակատարությունից հետո՝ ընտանիքի գոյությունն ու ապրուստն ապահովելու համար, ստիպված լինի այսպես կոչված խաչհամբույր վերցնել․․․․Կուսակրոն յուրաքանչյուր հոգևորական՝ լինի Հայաստանում թե Սփյուռքում ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան ամուսնացյալ քահանաները: Ցանկանում եմ նշել, որ Մայր Աթոռի կուսակրոն հոգևորականները սկսած աբեղայից ստանում են ամսական 400 ԱՄՆ դոլարի համապատասխան աշխատավարձ, ինչը հոգևոր կոչումին համապատասխան աճում է՝ եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի պարագային հասնում է ամսական մոտ 1000 ԱՄՆ դոլար համապատասխան դրամի»։


Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ ասաց՝ հարցերը գրավոր ուղարկենք։

Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք։