Սասուն Միքայելյանի աջակցության կարիքը չեմ զգացել, բայց եթե զգամ, կդիմեմ

Սասուն Միքայելյանի աջակցության կարիքը չեմ զգացել, բայց եթե զգամ, կդիմեմ

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները դիվանագիտական «սառնության» վրա են։ Հակառակ ընտրարշավի ընթացքում առաջացած լարվածությանը եւ մարզպետի կողմից Գեւորգյանի հասցեին հնչող քննադատություններին, այսօր նրանք ստիպված են գոնե առերեւույթ աշխատել իրար հետ, թեպետ մարզպետը կարծես թե ջանք չի խնայում, որ Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումներ հայտնաբերվեն, քրեական գործեր հարուցվեն քաղաքապետի դեմ։ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, մեզ հետ զրույցում խոսելով իր եւ մարզպետի հարաբերություններից, հիշեցրեց՝ տարբեր պետական կառույցների հետ համայնքապետի հարաբերությունները ոչ թե անձերի համագործակցություն է, այլ՝ ինստիտուտների, ուստի իրենք համայնքի խնդիրների լուծման հարցում նորմալ համագործակցում են թե՛ մարզպետարանի, թե՛ կառավարության հետ։

- Իսկ այդ համագործակցությունը երբ տեղափոխվում է անձնական դաշտ, ստացվո՞ւմ է համագործակցել, օրինակ՝ մարզպետի հետ։

- Համենայնդեպս, վերջին ընտրություններից հետո չի եղել իրավիճակ, որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ ինչ-որ համայնքային խնդիրներ աչքաթող արվեն կամ դուրս մնան։

- Բայց ընտրությունների ժամանակ այդ անձնականը գերակշռում էր, փոխադարձ կամ միակողմանի մեղադրանքներ էին հնչում․ այդ ամենը նստվածք չի՞ թողել։

- Գիտե՞ք, ես հիմա չեմ ուզենա անդրադառնալ դրան, այդ ամենի պատասխանը մենք ժամանակին տվել ենք։ Ընտրություններն ավարտվել են, եւ, ինչպես ասաց վարչապետը, սա նաեւ հեղափոխության հաղթանակն էր Աբովյան քաղաքում, անցկացվեցին ժողովրդավար, ազատ ընտրություններ։

- Որտեղ պարտվեց հեղափոխական թիմի ներկայացուցիչը։

- Դե, դա նորմալ է, եթե մենք ժողովրդավար, նորմալ երկիր ենք ուզում ստեղծել, դա նորմալ երեւույթ է։ Եվ ասեմ, որ Աբովյանն առաջին քաղաքը չէր այդ իմաստով՝ հանրապետությունում էլի են նման ընտրություններ անցկացվել։

- Բայց Աբովյանի հանդեպ ուշադրությունը մարզում կարծես թե շատ է, պարբերաբար հաղորդագրություններ ենք ստանում, որ չարաշահումներ են հայտնաբերել, քրեական գործեր են հարուցել։

- Կան մի քանի հարուցված քրեական գործեր, որոնց որ ես չեմ ուզենա անդրադարձ կատարել, որովհետեւ իրավապահների տիրույթում են, նախաքննություն է ընթանում։ Բայց, համենայնդեպս, թե՛ ես, թե՛ մեր թիմը պարզ ճակատով ենք աբովյանցիների առաջ, եւ թե՛ իրավական տիրույթում եւ թե՛ բարոյական տիրույթում մենք պատրաստ ենք եւ նաեւ ներկայացրել ենք մեր հիմնավորումներն ու պատասխանները։

- Հայտնի է, որ Դուք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիմակիցը կամ «հովանավորյալն» եք։ Հիմա այն լարվածությունը, որ կա մարզպետի եւ Ձեր միջեւ, ավելի շատ անձնակա՞ն բնույթ է կրում, թե՞ նաեւ քաղաքական ու կուսակցական ենթատեքստ ունի։

- Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու եւ նորից ուզում եմ կրկնել՝ ես երբեւիցե որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ այս պահին էլ չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամագրվել։ Այո, Ծառուկյանն իմ ավագ ընկերն է եւ Ծառուկյանը մեծ ավանդ ունի Աբովյան քաղաքում։ Հաճախ ասում են, որ եթե ես չանցնեի, արդյոք Ծառուկյանն իր ծրագրերը կշարունակե՞ր իրականացնել Աբովյանում։ Իսկ ես ասում եմ, որ Ծառուկյանը տարիներ շարունակ իրականացրել է իր ծրագրերը՝ բարեգործական ու մյուս։ Եվ վստահ եմ, որ անձերով պայմանավորված չէ, թե Ծառուկյանը վաղն այդ ծրագրերը կիրականացնի՞, թե՞ ոչ։ Ես չեմ ուզենա քաղաքական գնահատական տալ ընտրությունների ժամանակ դրսեւորված այդ միջանձնային հարաբերություններին, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կշտկվի։

- Մամուլում հրապարակումներ եղան, որ Աբովյանի քաղաքապետերը քաղաքի «յուղոտ» մասերն արտոնյալ պայմաններով վաճառել կամ հատկացրել են Ծառուկյանի մերձավորներին՝ որդուն, թիկնազորի պետին եւ այլն։

- Տեսեք, Ծառուկյանը նախ Աբովյան քաղաքում, իմ տեղեկություններով, ունի միայն քար մշակող գործարան՝ «Մուլտի սթոունը», ինչը միայն ողջունելի է, որ հանքավայրը լինելով Արարատում՝ քար մշակող գործարանը կառուցել է Աբովյանում՝ լավ իմանալով, որ փոխադրման առումով մեծ ծախսեր են առաջանալու։ Եվ այն տրամաբանությունը, որ ինչ-որ մեկը մի տարածք, խանութ կամ տուն ունի Աբովյանում, եւ դա կապել Ծառուկյանի հետ, ճիշտ չէ։ Մենք աբովյանցիներ ենք, եւ այսօր եթե շատ ավելի շատ մարդիկ ինչ-որ բաներ ունեն, որեւիցե ձեւով կապ չունի Ծառուկյանի հետ։ Այսինքն՝ եթե մարդն աբովյանցի է, ու ինքը տուն է կառուցել իր քաղաքում, ու դա բերել-կապել, որ ինքը Ծառուկյանի հետ է աշխատում, ես դա մի քիչ ճիշտ չեմ համարում։
Այդ հրապարակումներում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Նշված էր, թե ամբողջ Հատիսի պողոտայում Էդուարդ Բաբայանի մտերիմներին պատկանող տարածքներ են։ Մենք կարող ենք գնալ նայել՝ դրանք տարբեր մարդկանց անուններով սեփականություններ են։ Նրանք, ես Ձեզ վստահեցնում եմ, տարբեր մարդիկ են, տարբեր տնտեսվարողներ են…

- Դուք երկրորդ անգամ ընտրվեցիք քաղաքապետ, ընդ որում՝ հեղափոխությունից հետո։ Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարել քաղաքում, որ աբովյանցին զգա հեղափոխության շունչը եւ չփոշմանի, որ երկրորդ անգամ Ձեզ ձայն է տվել։

- Ես տարբեր առիթներով ասել եմ՝ մոտ 20-ից ավելի լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնում։ Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտեցինք Հանրապետության պողոտայի ջրահեռացման համակարգի կառուցումը։ Հենց այս պահին էլի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում է Էլար թաղամասի ոռոգման համակարգի անցկացման շինարարությունը։ Երկու նոր աղբատար մեքենաներ ենք ձեռք բերել՝ 150 նոր աղբամաններով։ Այսինքն՝ կարճ ժամանակում, ես Ձեզ վստահեցնում եմ, կունենանք լրիվ նոր որակի աղբահանություն եւ առաջիկայում նախատեսում ենք տեսակավորված աղբի աղբահանություն։ Ամբողջությամբ փոխել ենք 9 մանկապարտեզների գույք, խոհանոցային պարագաներ, սպասք։ Ու այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ, ի տարբերություն այլ համայնքների, մենք մանկապարտեզ չգնացող երեխայի խնդիր չունենք Աբովյանում։ Երեկ ունեցել ենք մանկական խաղահրապարակի բացում, հենց այս պահին Սեւանի պողոտայում ընթանում են մեծ պուրակի եւ խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Այս պահին նաեւ քաղաքային կենտրոնական մեծ բուլվարի շինարարության աշխատանքներն են ընթանում, որը եռափուլ է։ Ես գրություն եմ ուղարկել մշակույթի նախարարություն, որ համայնքն իր ուժերով պատրաստ է վերանորոգել կամ նոր հուշահամալիր կառուցել՝ զոհված ազատամարտիկների կամ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող, որովհետեւ ինքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Այս տարի մենք ամբողջությամբ իրականացրինք Էլար թաղամասի լուսավորությունը՝ արեւային պանելներով։ Սա աննախադեպ էր, ամբողջ հանրապետությունում երեւի մենք առաջինն ենք, որ մի ամբողջ մեծ թաղամասի լուսավորություն իրականացրինք արեւային պանելներով։

- Այս ամենին մարզպետն ու մարզպետարանի աշխատակիցներն ինչպե՞ս են նայում, աջակցո՞ւմ են, թե՞ նաեւ խանդի զգացում կա։

- Վստահ եմ՝ իրենք, լինելով հայ մարդ, շատերը՝ նաեւ աբովյանցի, կուրախանան։ Բայց չէ, ինչո՞վ աջակցեն, մենք մեր աշխատանքն ենք իրականացնում, եւ եթե կան խնդիրներ, մենք առաջիկայում պատրաստվում ենք մարզպետարանի հետ քննարկումների արդյունքում նաեւ կառավարություն ներկայացնել մի քանի սուբվենցիոն ծրագրեր՝ Աբովյան համայնքում աշխատանքներ իրականացնելու համար։

- Դուք ուղիղ շփում ունե՞ք մարզպետի հետ՝ զանգել-խոսել կամ հանդիպել։

- Հեռախոսակապով կամ առանձին հանդիպումով՝ չէ, բայց ընտրություններից հետո առիթ ունեցել ենք, հանդիպել ենք, վերջին հանդիպումը եղել է զորավարժությունների ժամանակ։

- Հակառակ նրան, որ նոր իշխանությունները Ձեզ այնքան էլ յուրային չեն համարում, այդուհանդերձ, նաեւ աջակիցներ ունեք իշխանական թիմում, օրինակ՝ Սասուն Միքայելյանը, որը Ձեզ աջակցեց ընտրությունների ժամանակ։ Դուք այսօր նրա աջակցության կարիքն ունե՞ք։

- Սասուն Միքայելյանին ես ճանաչում եմ 95-96 թվականներից, երբ որ ես նոր ընդունվել էի խորհրդարանում աշխատանքի՝ պաշտպանության հարցերի հանձնաժողովում որպես փորձագետ, իսկ պարոն Միքայելյանը հանձնաժողովի անդամ էր, պատգամավոր։ Եվ մենք ունեցել ենք մտերիմ հարաբերություններ։ Բայց ես նրա աջակցության կարիքը չեմ զգացել, իսկ եթե զգամ, կդիմեմ՝ հանուն մեր համայնքի զարգացման։

- Ասացիք՝ երբեւէ կուսակցական չեք եղել, իսկ առաջարկ եղե՞լ է, որ անդամագրվեք ՔՊ-ին։

- Ոչ, նման առաջարկ չի եղել։ Բայց տարիներ առաջ տարբեր կուսակցությունների անդամակցության առաջարկ եղել է, որոնցից հրաժարվել եմ։