Որովայնը մարմնի ո՞ր մասն է. Սաշիկ Սարգսյանի որդու գործը մտավ դատաքննության փուլ․ տեսանյութ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործը այսօր մտավ դատաքննության փուլ։ Նիստին մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։ Դրանից հետո Հայկ Սարգսյանը խնդրեց դատարանին պարզաբանել, թե ըստ մեղադրանքի՝ մարմնի ո՞ր մասին է կրակվել.
«Խնդրում եմ պարզաբանել՝ ըստ մեղադրանքի որովայնը մարմնի ո՞ր մասն ա»։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Սարգսյանին պարզաբանեց, որ որովայնը մարմնի՝ կրծքավանդակից ներքև գտնվող հատվածն է։ Մեղադրող Աբգար Առաքելյանն էլ նշեց` մեղադրանքի էությունը պարզ է և հասկանալի։ Ամբաստանյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ մեղադրանքը վերացական է և հասկանալի չէ, թե մարմնի կոնկրետ ո՞ր հատվածին է վնասվածքը հասցվել։ Այսօրվա դատական նիստին սահմանվող նաեւ ապացույցների հետազոտման կարգ, ըստ որի` նախ կհարցաքննվի տուժողը, հետո գործով վկաները, կհետազոտվեն գործում առկա ապացույցները, ապա վերջում կլսեն ամբաստանյալին, եթե նա նման ցանկություն ունենա։ Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 16- ին։
Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին` Նարեկ Սարգսյանը, որը հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, բայց դեռ չի արտահանձնվել հայկական կողմին:
Կարծիքներ